Օրինակ վերցնենք թուրքից

Օրինակ վերցնենք թուրքից

Նախորդ օրը թշնամի պետության ղեկավարը հերթական անգամ սպառնացել է Հայաստանի ղեկավարությանը, մեր ժողովրդին: Կրկնել է այն, ինչ ասում է 2020 թվականի պատերազմից այս կողմ: Դրան ի պատասխան մեր ԱԳՆ-ն ևս կրկնել է այն, ինչ ասում է խայտառակ պարտությունից այս կողմ: Այն է՝ միջազգային հանրությանը խնդրել է դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու Լաչինի միջանցքի շրջափակումը: Արդեն կասկածում եմ՝ Միրզոյան Արարատի ղեկավարած գերատեսչությունն արգելված փոշենման զանգված հո չի՞ ընդունում: Ասենք թե խոսքով դատապարտեցին. հետո՞: Չէ, աչքիս չի ընդունում, որովհետև դատապարտման կոչից հետո կրկնում է մեկ այլ դրույթ, որը վկայում է հիշողության պահպանման մասին: (Փոշենման զանգված ընդունելուց հետո, ըստ վկայությունների, առաջանում է հիշողության խնդիր): Ահա այն. «Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին» և հիշատակում է ժողովրդի երբեմն «փրկիչ» Նիկոլի վարչապետության օրոք գրանցված՝ մեր պետության ամոթի և խայտառակության արձանագրումները. 2020, 2021 և 2022 թվականների հայտարարությունները՝ եռակողմ կամ քառակողմ: 

Բայց պարզվում է, որ չնայած ԱԳՆ-ում հիշողության կորուստ չի գրանցվել երկու-երեք տարվա իրադարձությունների առումով, սակայն խնդիրներ են առկա 100 տարվա առումով: Փորձեմ այն թարմացնել. 20-րդ դարասկզբին դաշնակցությունը համագործակցում էր ընդդիմադիր երիտթուրքերի կուսակցության հետ՝ հանուն բարենորոգված Օսմանյան կայսրության տեսլականի: 1908 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում երիտթուրքերը եկան իշխանության, բայց ուղիղ մեկ տարի անց կազմակերպեցին Ադանայի ջարդերը և ևս վեց տարի անց իրականացրեցին համարյա ողջ հայության ցեղասպանությունը: Սա որպես թուրքի խոսքին՝ լինի այն գրավոր թե բանավոր, հավատալու հետևանքի վկայություն: Նաև պատմության դաս պատմական գիտությունների թեկնածու նախարարի համար:

Ենթադրում եմ, որ նախարարն, այնուամենայնիվ, տեղյակ է նշածս իրադարձություններին: Ընդամենը չի կարող շեղվել իրեն սկզբում Ազգային ժողովի նախագահ, իսկ այնուհետև, զոհ տալու անհաջող (թե՞ հենց նման վերջաբան էր ակնկալվում) փորձից հետո, արտաքին գործերի նախարար նշանակած Փաշինյան Նիկոլի խաղաղության օրակարգից: Եթե ճշմարիտ է ոչ թե առաջին, այլ երկրորդ ենթադրությունս, ապա նախարարի պաշտոնը վայելող անձին կցանկանայի հիշեցնել նաև այդ առումով թուրքական պատմությունից մի դրվագ: Երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց առաջին համաշխարհային պատերազմում՝ գործադիր իշխանություն ձևավորած երիտթուրքական կուսակցությունն ինքնալուծարվեց: 

Փաստորեն, ճշմարտացի է «թուրքը մնում է թուրք» արտահայտությունը: Վերջինս երբեք իր խոսքի տեր չի լինում, և բացի դրանից ազգային և կրոնական հողի վրա վայրենավարի սպանում է մարդկանց (ինչպես 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում, այնպես էլ նույն դարի վերջին Սումգաիթում): Բայց այդ նույն թուրքը դեռևս 100 տարի առաջ հայրենասիրության «մաստեր-կլաս» է ցուցադրել առնվազն 3 հազարամյա պատմություն և ավելի քան մեկուկես հազարամյա գիր ունեցող մեր ժողովրդի այսօրվա իշանության ներկայացուցիչներին: Ինքնալուծարվել է պատերազմում պարտություն կրելուց հետո: Ճիշտ է, պարտության շոկն անցնելուց և թուրքական պետության վերականգնումից հետո՝ 20-ական թվականներին, փորձել է վերականգնվել, բայց հաջողության չի հասել: Աչքիս, հենց թուրքից պետք է օրինակ վերցնենք, թե ինչ վերաբերմունք պետք է ունենալ պետության նկատմամբ: Դժբախտաբար: