Իսկը՝ 01-99

Իսկը՝ 01-99

Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Հրա՜շք: ՀՔ ու ՀՔԾ ունենք, աշխարհը չունի: Ո՞նց թե հանցակազմի բացակայության պատճառով: Չէ, մի րոպե սպասեք: Դեպքն այսպես չի՞ եղել՝ բոլորի, այդ թվում և վարչապետի աչքի առաջ, ամբիոնից ոչ հեռու, այ այնտեղ, Սասունը, որ նախապես ուզում էր շշով տալ՝ Էդմոնի գլուխը ցրել, տեղից թռավ, ընդառաջ գնաց իրեն մոտեցող Էդմոն Մարուքյանին ու երեսախառը տուր թե կտաս: Էդմոնը, որ հավասարակշռությունը մի պահ կորցրեց, ինքնապաշտպանվեց ոտքով: Բայց այդտեղ վրա հասան սասունական մի քանի երեսփոխան ու Էդմոնիս թակեցին թիկունքից: Եթե մի բառ սուտ եմ ասում՝ իմքայլական լինեմ: Այո, Էդմոնի ժողովուրդն էլ իշավ, խառնվեց կռվին: Ու ինչքան ավել մարդ խառնվեց, այնքան ավել կատաղեցին, ինչքան ավել կատաղեցին, այնքան սաստիկ կոտորեցին, քրֆեցին, վիրավորեցին, ցխեցին իրար, մինչև որ Արարատ Միրզոյանը անվտանգության ուժեր հրավիրեց: Դուք էս գործը պետք է տայիք ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությանը ու կտեսնեիք, թե նրանք ոնց են գործ քննում: Թե չէ՝ ՔԿ, ՀՔԾ... Հանցակազմ չկա... Հանցակզմն, ի՞նչ է, պոզով-պոչով է լինո՞ւմ:
Ասենք՝ ես հեչ, բայց այդ ամենն իր աչքով Նիկոլն է տեսել, չէ՞: Եվ Նիկոլը հաստատեց, որ այ այստեղ է տեղի ունեցել այդ մեղմ ասած ծեծկռտուքը: Իսկ թե ինչու հիշեցի կազմակերպված հանցավորության վարչությանը, ասեմ, որ դա «Իմ քայլի» կողմից նախապես ծրագրավորված և մանրակրկիտ մշակված գործողություն էր, որ հասունացել էր ՀՀ կառավարության և ԱԺ ղեկավարության անտարբեր հայացքի ներքով: Փաշինյանը հո չէ՞ր կարող նախատել իր թիմին կամ Սասունին փռել ասֆալտին: Ամենամեծ մեղավորն ինքն է, չէ՞: Ու հիմա էլ ասում են հանցակազմ չկա: Բայց եկեք, Էդմոնին էլ թույլ տանք խոսի, հարցնենք՝ հանցակազմ կա՞, թե՞ չկա: Առաջինը Սասունը չխփե՞ց՝ խփեց, մի քանի հոգի քեզ հետևից խփեցի՞ն՝ խփեցին, խփողների անձը ճշտվա՞ծ է՝ ճշտված է, «Իմ քայլից» (Մակունց) առաջարկ եղե՞լ է, որ դու և Սասունը վայր դնեք մանդատները՝ եղել է... Ուրիշ ի՞նչ հանցակազմ է պետք: Իսկ գուցե վկաների պակա՞ս կա, Էդմոն ջան: Հապա տես ինչ մարդիկ են ներկա եղել՝ վարչապետ, փոխվարչապետ, մոտ մեկ տասնյակ նախարար, ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահներ, ԲՀԿ-ական պատգամավորներ... «01-99»-ը հիշեցի, այ տա.

-Ուրեմն քեզ չեն ծեծե՞լ....

-Չէ, էլի այ մարդ, «նյետ»:

-Վայ քո խիղճը կտրվի, հա...
Երևի ոմանց համար այս գործը խիստ անձնական, բայց ինձ համար հասարակական մեծ հնչեղություն ունի: Սա արդարադատություն չէ, որ հաստատվել է նոր Հայաստանում: Պատկերացրեք՝ վաղը միջին վիճակագրական մի պողոս, չնայելով որ Արսեն Թորոսյանի միջազգային գործերը վատ են, վերցնի ու մի «խոլվաթ» տեղ, օրինակ՝ «պադյեզդում», հակակորոնավիրուսային գործողություն իրականացնի նրա նկատմամբ: Պիտի ասեք՝ հանցակազմ չկա՞: Բա տարածքի տեսանկարահանող սարքերը, բեսեդկում հավերժորեն բազմած տատիկները, էդ շենքի լիազորը հե՞չ...