Հիմարության հավատո հանգանակը

Հիմարության հավատո  հանգանակը

44-օրյա պատերազմից 10 օր առաջ Տավուշի դիրքային մարտի հաջողությունից վերին աստիճանի ոգևորված Փաշինյան Նիկոլը ֆեյսբուքում ներկայացրեց իր հավատո հանգանակը: Ընդարձակ այդ գրառումը վերնագիր չուներ, սակայն լրատվամիջոցներն հղված խոսքում առաջարկում էր այն վերնագրել որպես «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Վերնագիրը խիստ խոսուն բնույթ ուներ. այլոց կարծիքով որպես սխալ դիտարկվող գործողություններն իբրև թե իրականում դեպի հաղթանակ տանող ճանապարհ էին: Այդ վերնագիրը հիշողությանս մեջ մեխվել է նաև իր անվերապահ բնույթի պատճառով: Բայց այն նույնքան մանիպուլյատիվ է, որքան Նիկոլի ողջ գործունեությունը: Ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ «սխալվելու վճռականություն» հասկացություն: Որովհետև կյանքում սխալները հանգեցնում են անհաջողության: Եվ նորմալ անձնավորությունը փորձում է դասեր քաղել գոնե սեփական սխալներից և այլևս չկրկնել դրանք: Իսկ եթե դա տեղի չի ունենում և որևէ մեկն անվերջ սխալներ է թույլ տալիս, ապա դրանց արդյունքում տեսականորեն անգամ «ճշմարիտ ճանապարհ» չի կարող բացվել: Իսկ Նիկոլի դեպքում՝ հաշվի առնելով, որ ինքն ընդամենը մասնավոր անձ չէ, դա ոչ միայն ճշմարիտ չէր, այլև ազգային ողբերգության, հայոց պետականության կործանման նախադուռ տանող ճանապարհ:  

Մի փոքր շեղվեմ. հիշողությանս մեջ, այդ վերնագրից բացի, մեխվել են նաև հեռուստատեսային երկու տեսարան: Առաջինը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների օրերին Հանրապետության հրապարակի հարթակին կանգնած Նիկոլի սքանչացած դեմքն էր: Պատճառը դեմը ծովի նման տատանվող հսկայական բազմությունն էր՝ իր ամեն խոսքին անհամբեր սպասող: Երկրորդը 2021 թ.-ի հունիսի 20-ին արդեն քվեարկած և ընտրատեղամասից դուրս եկող Նիկոլի դեմքն էր և ընդհանրապես հոգեվիճակը: Դա նախորդ տեսարանում ներկայացված հոգեվիճակի ճիշտ հակառակ պատկերն էր: Այն աստիճան, որ նույնիսկ առանց արձագանքի թողեց վրաց երիտասարդ լրագրողուհու՝ իրեն ուղղված կանչերը: Եվ այդ առավոտյան ինձ թվաց, թե վերջապես ստացել ենք պատմական մեր սխալն ուղղելու հնարավորություն: Այնինչ, դա տեղի չունեցավ մարդկային հիմարության պատճառով: Դա այն է, երբ մարդիկ չեն սովորում նույնիսկ սեփական սխալների հիման վրա: Բայց դա ոչ թե, ինչպես ասվեց, դեպի ճշմարտություն տանող ուղի է, այլ սեփական հայրենիքը կորցնելու ճանապարհ: Փաստորեն, առանց գիտակցելու, Նիկոլը պատերազմից առաջ նախանշեց մարդկային հիմարության հավատո հանգանակը: Անկախ ինձանից հիշեցի միջնադարյան ականավոր հումանիստներից հոլանդացի Էրազմ Ռոտերդամցու (1469-1536) «Գովք հիմարության» աշխատությունը:  Մնում է, որ կարողանանք հնարավորինս վաղ ազատվել Նիկոլի իշխանությունից, որպեսզի որևէ տաղանդավոր Ռազմիկ ներկայացնի հայաստանյան հիմարության հավատո հանգանակի հոգեհոր գործունեության վերին աստիճանի ուսանելի պատմությունը: