Հրաչ Հակոբյանի նախաձեռնությունն էապես կվատացնի TV-ների, ռադիոների և կայքերի ֆինանսական վիճակը

Հրաչ Հակոբյանի նախաձեռնությունն էապես կվատացնի TV-ների, ռադիոների և կայքերի ֆինանսական վիճակը

Երեկ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը, դեռ անցած տարեվերջին մի օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով առաջարկում է արգելել տոտալիզատորների, բուքմեյքերական ընկերությունների, շահումով խաղերի գովազդը ԶԼՄ-ներում։ Այստեղ են ասել՝ բոլոր երգերը երգել էին, մնացել էր սարի սմբուլը։ Հակոբյանը սա բացատրում է նրանով, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են այս խնդրով դիմել, որ մի բան անեն՝ արգելեն բուքմեյքերական ընկերությունների գովազդները։ Նրա խոսքով՝ այդ գովազդը նպաստում է խաղամոլությանը, եթե հնարավորինս քիչ պրոպագանդվի՝ քիչ կխաղան, եւ արդյունքում խաղամոլությունը կվերանա՝ որպես ախտ։ Գուցե նպատակը բարի է, բայց երիտասարդ պատգամավորը ոչ մի կերպ չի խորացել իր բերած նախաձեռնության տնտեսական եւ այլ հետեւանքների մեջ, տեղյակ չէ, թե հարեւան երկրներում, աշխարհում ինչ պրակտիկա գոյություն ունի, չի կատարել շուկայի ուսումնասիրություն, բայց որոշել է, որ, ասենք, եթերում նմանատիպ գովազդ կարող է լինել միայն ժամը 24։00-ից մինչեւ առավոտյան 6։00-ն ընկած հատվածում, երբ բոլորը քնած են, ու գովազդես-չգովազդես, մեկ է։

Երեկ նա քննարկման էր հրավիրել մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու գովազդային շուկայի մասնագետների՝ լսելու նրանց կարծիքն ու առաջարկները։ Հանդիպմանը ներկա ռադիոյի եւ TV-ների ղեկավարները պատգամավորին մանրամասն ներկայացրին, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ այս օրենքի ընդունումը, որ առանց այդ էլ գովազդային շուկան Հայաստանում «մեռել է», մի քանի խոշոր գովազդատու է ընդամենը մնացել, որոնց մեջ կարեւոր բաժինը բուքմեյքերական ընկերություններն են, տոտալիզատորները։ Եթե այս գովազդն էլ արգելվի, իրենք ուղղակի կփակվեն՝ չունենալով բավարար ֆինանսական հոսքեր։ Ակնհայտ է, որ նմանատիպ ծառայությունների գովազդն արգելելով՝ խաղամոլությանը վերջ չես տա, բայց այդ գովազդից սնվող լրատվամիջոցներին եւ պետական բյուջեին մեծ վնաս կհասցնես։

Հրաչ Հակոբյանն այս ամենը կարծես ըմբռնեց, միանշանակ դեմ չարտահայտվեց՝ առաջարկելով, որ հանդիպմանը ներկա ԶԼՄ ներկայացուցիչները մեկշաբաթյա ժամկետում ձեւակերպեն եւ իրեն ներկայացնեն իրենց առաջարկներն այնպես, որ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ՝ քյաբաբը»։ Ընդհանուր հայտարարի եկան այն հարցում, որ ոչ թե կտրուկ արգելվի գովազդը, այլ փոփոխություն կատարվի բովանդակության մեջ՝ ասենք, թույլ չտան, որ տվյալ ընկերությունների գովազդներում լինեն շահագրգռող, գայթակղիչ արտահայտություններ, փողի, կուպոնի եւ նմանատիպ այլ պատկերների սահմանափակում լինի եւ այլն։ Միեւնույն ժամանակ դեմ չեն, որ տոտալիզատորների գովազդն արգելվի, ասենք, մանկական հեռուստածրագրերից անմիջապես առաջ եւ հետո։

«Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս նախագիծը եթե ընդունվի, շատ բացասաբար է ազդելու ռադիոյի ոլորտի վրա, քանի որ այսօր ռադիոյի բյուջեի մոտավորապես 30 տոկոսը ձեւավորվում է հենց տոտալիզատորների, օնլայն կազինոների գովազդից։ «Էդ 30 տոկոսը մեզ թույլ է տալիս զարգանալ, աճել, աշխատատեղ ստեղծել եւ այլն։ Հիմա, եթե մեզ կտրականապես արգելում են էդ գովազդը, չեն նայում բովանդակությանը… ամեն ինչ կարելի է քննարկել, բովանդակությունը կարելի է փոխել, չգայթակղել խաղացողներին եւ այլն։ Էդ սահմանափակումները եթե լինեն, դա ընդունելի է։ Բայց, այ, սենց սահմանափակում, որ արգելում է ընդհանրապես՝ 24։00-ից հետո տեղադրել գովազդը ռադիոյում, դա համարեք, որ չի աշխատի»,- ասաց նա։ Ինքն ի՞նչ է առաջարկում այս հարցում, Արեւշատյանն ասաց․ «Ես օրինակ բերեցի, երբ ծխախոտը առնում ենք խանութից, ծխախոտի վրա գրված է՝ վնասակար է առողջությանը եւ այլն, կարելի է գովազդից առաջ կամ գովազդից հետո ինչ-որ սոցիալական մի նախադասություն ասել՝ չգայթակղելու համար կամ ինչ-որ կրեատիվ բաներ մտածել, որպեսզի չգայթակղենք, բայց ոչ թե վերցնենք ու կտրականապես արգելենք։ Դա մեծ վնաս կտա ոլորտին»։

«Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Լաերտ Սողոյանն էլ ասաց, որ այս արգելքն ուղիղ ազդելու է TV-ների գովազդային բյուջեի վրա։ «Կոնկրետ տոտալիզատորները TV-ներում խոշոր գովազդատուների հիմնական ցուցակի մասնակիցն են։ Եվ եթե հանկարծ իրենց նախագիծն ընդունվի այս տեսքով, դա նշանակում է, որ TV-ներում կրճատվելու է արտադրողականությունը, որակն է ընկնելու, զարգացումը։ Առանց էդ էլ մինուսով աշխատող հեռուստաընկերություններն ավելի շատ են մինուս գնալու։ Առանց էդ էլ շուկան խայտառակ վատ վիճակում է, եւ եթե շուկայից հանում ենք գովազդատուներին, էդ շուկան շատ ավելի վատ վիճակում է հայտնվելու»,- ասաց «Շանթ» ՀԸ գործադիր տնօրենը։ Սողոյանն էլ է դեմ ժամային սահմանափակմանը եւ առաջարկում է գովազդային տեքստերում բովանդակային փոփոխություն կատարել, որ գայթակղիչ չհնչի այդ գովազդը, այլ ոչ թե նման ձեւով սահմանափակել։

Նախագծի հեղինակ պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ ասաց, որ իր ներկայացրած նախաձեռնության նպատակն այն է, որ հնարավորինս քիչ տեղերում լինի նմանատիպ գովազդ։ Բայց կայքերից չի առաջարկում հանել․ «Կայքերին առաջարկում եմ միգուցե չափային սահմանափակում լինի, եւ կայքում տվյալ գովազդի բաների չափը չգերազանցի, օրինակ, ամբողջ էջի «իքս» տոկոսի չափը»։ Եվ կայքերին առաջարկում է ներկայացնել, թե իրենք ինչպես են պատկերացնում կարգավորումը։

Իսկ TV-ների եւ ռադիոյի մասով էլ ասաց, որ թողել է, որ ներկայացուցիչները ժամային սահմանափակումն առաջարկեն ոչ թե 24։00-ից մինչեւ առավոտյան 6-ը, այլ, ասենք, 22։00-ից մինչեւ 6-ը։ Նա դեռ չի ուղարկել նախագիծը կառավարություն, կսպասի՝ առաջարկություններն ուղարկեն իրեն, նախագիծը վերջնական տեսքի բերի, նոր կուղարկի կառավարություն։