«Հրապարակի» դեմ ֆլեշմոբի հեղինակը կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

«Հրապարակի» դեմ ֆլեշմոբի հեղինակը կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ազգային ժողովի նոր ղեկավարությունը զարմացնում է իր նորարարություններով։ Մի քանի օր է՝ աշխատակազմին փոխանցվել է վերադասի որոշումն այն մասին, որ ԱԺ աշխատակիցների պայուսակներն այսուհետ ոչ միայն ԱԺ շենք մտնելիս պետք է ստուգվեն զննող սարքերով, այլեւ շենքից դուրս գալիս։ Խոսքը խորհրդարանի շենքի հենց նախամուտքում անվտանգության աշխատակիցների կողմից պայուսակների զննության մասին է։ Նախկինում էլ ԱԺ աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները, շենք մուտք գործելիս անցնում էին զննող սարքի տակով, իսկ պայուսակները անվտանգության աշխատակցի հսկող հայացքի ներքո անցնում էին սարքի միջով։ ԱԺ աշխատակազմի սահմանած նոր կարգը աշխատակիցների շրջանում լավ չի ընդունվել։ «Մեզ բոլորիս պոտենցիալ գողերի տեղ են դրել, սա նվաստացուցիչ որոշում է»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը։ «Պարզապես երեւակայության մեջ չի տեղավորվում, տեսնես ի՞նչ են մտածել, ի՞նչ պետք է գողանայինք մեր աշխատասենյակներից, որտեղ դեռ սովետի ժամանակների գույք է դրված»։

Նշենք, որ ԱԺ ելումուտի, անվտանգության նկատառումներով ստուգման վերաբերյալ կա հստակ որոշում, որը հրապարակված է arlis.am կայքում, եւ այդ որոշման մեջ նշված չէ, որ դուրս գալիս էլ պետք է մարդկանց ստուգել։ Եվ եթե նման փոփոխություն են կատարել, ապա այդ մասին առնվազն ԱԺ աշխատակազմը եւ իրավաբանական վարչությունը պետք է տեղյակ լինեին: Բայց պարզվում է՝ ոչ ոք տեղյակ չէ։ Ընդ որում, «հետադարձ» ստուգում են ոչ միայն ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին, այլեւ պատգամավորներին եւ լրագրողներին։ Rapiscan սարքով մարդկանց պայուսակները ստուգում են մեկ նպատակով, որպեսզի պարզեն՝ զենք, պայթուցիկ նյութ կա՞, թե՞ ոչ։ Երեկ Ազգային ժողովից դուրս գալիս մեզնից եւս պահանջեցին, որ պայուսակը դնենք սարքի մեջ։ Հարցրինք, թե ինչ նորամուծություն է սա, ԱԺ աշխատակա՞զմն է նման որոշում ընդունել, անվտանգության աշխատակիցներն ասացին. ոչ՝ Ազգային ժողովի նախագահի հրամանով է, այսուհետ այսպես է լինելու։ 

Ի դեպ, որոշում է կայացվել նաեւ կրճատել շենքում տեղադրված ջրի ապարատները․ ԱԺ ղեկավարությունը կարծում է, որ ջրի մի քանի ապարատ հանելով՝ կարող է տնտեսել հանրային միջոցները։ Ի դեպ, առաջիկայում ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր տեղակալներ կունենա․ արդեն հայտնի են թեկնածուները։ Այդ պաշտոններում կնշանակվեն Սամվել Մելիքսեթյանը եւ Լիլիթ Մինասյանը: Պաշտոնապես նրանց նշանակումը չի եղել, ավելին՝ խորհրդարանի պաշտոնական կայքում դեռեւս ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է ներկայացված Ռուբեն Գրիգորյանը՝ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ընկերը։

Սակայն երկու նոր թեկնածուները մի քանի օր է արդեն՝ խորհրդարան են հաճախում, աշխատասենյակներ են ընտրում իրենց համար։ Ուշագրավ է, որ երկուսն էլ Արարատ Միրզոյանի մտերիմներն են, ինչպես որ ԱԺ խոսնակի կաբինետի բոլոր աշխատակիցները։ Սամվել Մելիքսեթյանն Արարատ Միրզոյանի քայլընկերն է, հեղափոխությունից հետո նշանակվեց Մարզահամերգային համալրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հավակնում էր դառնալ նաեւ տնօրեն, սակայն այս պաշտոնի համար հավակնում էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալ Կարեն Կազարյանը՝ Շարմի Կարենը, եւ Ավինյանը հաղթեց այս պայքարում, ու ՄՀՀ տնօրեն դարձավ նրա թեկնածուն։

Դեռեւս պարզ չէ, թե Սամվել Մելիքսեթյանը, որը հեղափոխությունից առաջ «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդն էր եւ տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին ման է տվել այս ու այն կողմ, ինչ գործառույթ է իրականացնելու խորհրդարանում։ Ոչ պակաս խոստումնալից կարիերա է արել Լիլիթ Մինասյանը։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ՔՊ գրասենյակի աշխատակից, առանձնահատուկ վերաբերմունք ունի լրատվամիջոցների նկատմամբ։ Նա «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավի կազմակերպիչներից է, որն ամիսներ առաջ մեր գրած մի լուրից հետո Ֆեյսբուքում ֆլեշմոբ սկսեց՝ «Մերժիր Հրապարակին» կոչերով եւ առաջարկելով դիմել Ֆեյսբուքի ղեկավարությանը, որ «Հրապարակի» էջն արգելափակեն։ Ի դեպ, ժամանակին ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում էին, թե Լիլիթ Մինասյանն այդ նախաձեռնության համար ղեկավարության դիտողությանն է արժանացել, բայց փաստերը խոսում են այն մասին, որ նրա գործողությունները կառավարել են, ապա՝ խրախուսել։