Կարեւորը ժամանակից առաջ չընկնելն է

Կարեւորը ժամանակից առաջ չընկնելն է

Վերջերս Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հռչակեց իր մոտեցումներն ինչպես արցախյան զարգացումների, այնպես էլ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորումների վերաբերյալ:

Իհարկե, այդ մոտեցումներն ընդգրկում են հայկական օրակարգի ողջ ծավալները, դրանք հայկական առաջնահերթությունների ամբողջությունն են` հայկական շահերի ամբողջական դրսեւորումը:

Այս իմաստով, աշխարհում չես գտնի մի հայ, որը չուզենա, որ արցախյան հիմնահարցը լուծվի հենց այնպես, ինչպես որ նկարագրված է այդ հռչակումներում, չես գտնի մի հայ, որը չցանկանա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն հենց այն սկզբունքներով, որոնք որ ներկայացվում են այդ մոտեցումներում, առավել եւս, չես գտնի մի հայ, որը չուզենա, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն հենց այնպես, ինչպես հռչակում է ընդդիմությունը:

Այս առումով այդ սկզբունքներն ու հռչակումները, հայկական ռազմավարական շահերի տեսակետից, իհարկե, սխալ չեն: Սխալն այն է, որ այդ մասին մենք ուզում ենք խոսել հենց այսօր եւ այս Հայաստանով: Ուզում ենք խոսել այսօր, երբ պարտված է այս երկիրը, երբ քանդված ու քայքայված է այս երկրի տնտեսությունը, երբ կազմալուծված է կազմակերպված եւ արդյունաբերական Հայաստանը, երբ դեռեւս գտնված չեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներդաշնակման այնպիսի մեխանիզմներ, որոնց գործարկումով իրականություն կդառնա կարող եւ ազդեցիկ համահայկական միջավայրը, եւ, վերջապես՝ այսօր, երբ նոր աշխարհակարգի փնտրտուքով կլանված, ալեկոծվում է այս աշխարհը:

Դրանք, այս առումով, ոչ թե այսօրվա, այլ ավելի «հետո»-ի Հայաստանի եւ հայության օրակարգերն են: Դրանք իր արտադրաարդյունաբերական հզորությունները վերագործարկած եւ նորերը հիմնած, 21-րդ դարի իր բանակն ունեցող, համահայկական գործուն եւ ազդեցիկ միջավայր ձեւավորած, ավելի որոշակիացված եւ կայուն աշխարհում ապրող Հայաստանի եւ հայության խոսակցության թեմաներ են:

Իսկ այսօրվա հայության եւ Հայաստանի օրակարգերը պետք է այդ եւ այդպիսի Հայաստան կառուցելու եւ ունենալու հետ կապված լինեն:

Գալուստ Սարգսյան