Իշխանախմբի արցախյան ձեռագիրը՝ շահարկո՞ւմ, թե՞ անպատասխանատվություն

Իշխանախմբի արցախյան ձեռագիրը՝ շահարկո՞ւմ, թե՞ անպատասխանատվություն

Դիմադրության շարժման հարաբերական տեղատվությունն ու առայժմ անարդյունք պայքարը, բացի իշխանափոխության խնդիրը լուծելու անկարողությունից, մեզ համար ցավալի արձանագրումների հիմք է տալիս՝ համաշխարհային հանրության, մեր թշնամիների եւ բարեկամների համար։ Խոսքն այն մասին է, որ պարտությունից հետո վերընտրված Փաշինյանը նույնիսկ Արցախի ամբողջական հանձնման մասին ազդարարելուց հետո հազարավոր քաղաքացիների ցասմանն ու դիմադրությանը չի արժանանում, հետեւաբար՝ շարունակում է իր ազգն ու պետությունն առաջնորդել բարոյապես ոչնչացնելու ճանապարհով։ Դրան զուգահեռ՝ ընդդիմության վարքագիծը, որքան էլ արմատական կոչեր հնչեն, զգուշավոր է՝ Սահմանադրության եւ օրինականության շրջանակում, առանց այն էլ փխրուն պետականությունը հարվածի տակ չդնելու գիտակցմամբ։

Ի հակադրություն դրա՝ արդեն իսկ կառավարման հինգերորդ տարին թեւակոխած Փաշինյանը շարունակում է իրեն պահել որպես «նախկինների» ընդդիմության առաջնորդ, որի խորհրդարանական ելույթներն ուղղված են բացառապես իր նախորդների կասկածելի «քողազերծումներին»։ Դրանք, ճիշտ է, հիմնավորապես սին են՝ Հրայր Թովմասյանի գրչի պատմության մակարդակի, բայց տիեզերական մասշտաբի անոնս է արվում, թե իբր մի հերթական ցնցող բացահայտումն է լինելու։ Արդյունքում՝ Արցախի աստիճանական հանձնումից հանրության ուշադրությունը շեղելու համար շարունակում է բեմադրվել ժողովրդի անունը շարունակաբար տալու, նախկին իշխանություններին պախարակելու, բայց այդ ընթացքում՝ պետական ու ազգային շահը վերջնականապես թաղելու բազմաքայլ կոմբինացիան։

Փաշինյանի երբեմնի թեզերից որեւէ մեկը վաղուց գործուն չէ՝ ո՛չ «3 միլիոն վարչապետի», ո՛չ «ժողովրդի՝ իշխանության իրական տերը լինելու», ո՛չ էլ մյուս ստերը։ Դրանց նպատակը, փաստորեն, իրեն իշխանազրկելն իբրեւ «ժողովրդից իշխանությունը խլելու» թեզի հմուտ փաթեթավորումն է։ Ժողովրդի իշխանությունը որպես սեփական պաշտոնավարում ներկայացնում է մեկը, որի իշխանությունը, ըստ պատգամավորներից մեկի, կորուստների եւ ապագայում այլեւս չստանալիք եկամուտների գումարային հաշվարկով ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս է հասցրել մեր պետությանը։ Հայրենազրկման, տասնյակ հազարավոր ընտանիքների դժբախտացնելու, հայ ժողովրդին հեղինակազրկելու հիմնական մեղավորը բարբաջում է նույն այդ ժողովրդի իշխանության՝ իբր խլելու փորձերի մասին։

Փաշինյանի օրինակով՝ վարչախումբը եւս սկսել է իր մեղքի, ավելի ճիշտ՝ հանցակցության ժխտումը, սեփական խղճի հանգստության եւ բարոյական պատասխանատվության հարցում ներքին գործարքը։ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու անթույլատրելիության մասին բարձրաձայնելը, Արցախի դրոշը ծածանելը, արցախցուն չլքելն ու նրա ինքնորոշման իրավունքի համար պայքարելը դարձել են մի տեսակ ազգային ինքնության փորձաքար, այդ պատճառով մե՛կ այս իշխանության, մե՛կ էլ Ադրբեջանի կողմից ընկալվում են իբրեւ թշնամական գործողություն եւ իշխանությունը վերանվաճելու ռեւանշիստական ձգտում։ Ստացվում է՝ Փաշինյանին հաջողվել է քաղաքական միտքը, կարեւորագույն ազգային հարցն ու արտաքին քաղաքական կենտրոնական հիմնախնդիրը դարձնել ընդամենը ներքաղաքական դաշտում իր ընդդիմախոսների վրա հարձակվելու փաստարկ եւ մանիպուլյացիա անելու անվերջ հնարավորության աղբյուր։

Արցախի հայապատկան խլյակների փրկության, հեռանկարում՝ առնվազն նախկին ԼՂԻՄ-ի ապազավթման համար անհրաժեշտ է կա՛մ Փաշինյանի իշխանախմբի անհապաղ հեռացում, կա՛մ գոնե աննախադեպ հանրային ճնշում իշխանության վրա՝ վերադառնալու Արցախի կարգավիճակի եւ ինքնորոշման իրավունքի առաջնային կարեւորության՝ ընդամենը մեկ տարի առաջ թմբկահարվող թեզերին։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը դեռեւս չի հաջողվում, հետեւաբար՝ առայժմ ո՛չ ռազմական, ո՛չ էլ քաղաքական հավասարակշռությունը չի կարող հօգուտ Հայաստանի եւ Արցախի լինել։

Դավիթ Սարգսյան