Արցախը կլինի Հայաստանի կազմում

Արցախը կլինի Հայաստանի կազմում

2018-ի «հպարտ» քաղաքացիների կուռքերն արդեն 4 տարի է՝ վերածվել են բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ թաքնված են իրենց աշխատասենյակներում՝ պատսպարված ոստիկանական վահաններով: Թաքնվել են նույն այդ քաղաքացիներից, որոնք վաղուց արդեն հպարտ չեն, սակայն օժտված են հայրենասիրությամբ եւ հաստատակամ են իրենց սիրո առումով: Իսկ նախկին կուռքերը վաղուց արդեն կուռք չեն եւ օժտված չեն նույնիսկ ինքնասիրությամբ: Որովհետեւ եթե ինքնասիրություն ունենային, կհայտարարեին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ու հրաժարական կտային պաշտոններից: Հատկապես որ դրույթը («Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում») արձանագրված է անկախության շրջանի առաջին որոշումներից մեկում (ՀՀ ԳԽ 1992 թ. հուլիսի 8-ի որոշում): Իսկ պետական պաշտոնյաներն այն անձինք են, ովքեր, ըստ Սահմանադրության, առաջնորդվում են ՀՀ օրենսդրությամբ:  

 

 

Ի դեպ, նշանակություն չունի՝ տվյալ անձինք կառավարչական բնույթի, թե այլ (գիտական, կրթական, մշակութային) չինովնիկներ են: Իսկ նրանք, ովքեր չեն կարող հանրությունից թաքնվել պաշտոնի բերումով՝ ենթադրենք, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, «իմաստնացած» են՝ իրադարձությունների շրջափուլով պայմանավորված: Այն աստիճան, որ նա արդեն չի կարող Աղդամը համարել իր հայրենիքը: Բայց եթե ես լինեի նրա խորհրդատուն, կառաջարկեի իրադրության փոփոխության հիմքով պոչ խաղացնելու փոխարեն հայտարարել, որ Ակնան (Աղդամը) 1992-ին ներառված չէր ԼՂՀ կազմում, երբ ընդունվեց ԳԽ համապատասխան որոշումը: Այսօր եւս Ակնան (Աղդամը) Արցախի Հանրապետության կազմում չէ: Այնպես որ՝ ինքը, որպես ՀՀ ԱԺ նախագահ, չի կարող հայտարարել մի բան, ինչը գոյություն չունի: Իհարկե, որեւէ մեկը կարող է հիշեցնել, որ 2020 թ. սեպտեմբերի 23-ին ինքը Ֆեյսբուքում նկար էր տեղադրել եւ գրել․ «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է...»: Դրան էլ կարելի է պատասխանել, որ այն ժամանակ Ակնան (Աղդամը) Արցախի մաս էր, իսկ այժմ՝ չէ: Իսկ եթե «Հրապարակի» լրագրողը համառի եւ հարցնի, թե ում պատճառով է այդպես ստացվել, ապա դրան հանգիստ կարող է պատասխանել՝ նախկինների եւ ավելացնել, որ դեռեւս Սերժն էր համաձայնել վերադարձնել 5 շրջանները եւ այդ թվում՝ Ակնան:  

Ինչպես ասվում է՝ այս ամենը բավական խնդալու կլիներ, եթե չլիներ ողբերգական: Թե՛ Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինությունը, թե՛ դրա մասին բարձրաձայնելը: Էլ չեմ խոսում ընդհանրապես Արցախի խնդրից հրաժարվելու եւ այն մասին, որ Ակնան, իսկապես, հայրենիք էր՝ հայորդիների արյունով ձեռք բերված եւ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված: Բայց պետք է 2018-ի գարնանը Սերժ մերժեինք ու վարչապետ կարգեինք Նիկոլին, որպեսզի կորցնեինք Ակնան ու մյուս տարածքները: Եվ մի քանի հազար էլ զոհ մատուցեինք Նիկոլի պարտվողական (մեղմ ասած) ծրագրերը կյանքի կոչելուն, որպեսզի այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եւ նրա կամակատարները հրաժարվեին շուրջ 30 տարի առաջվա որոշումից: Այնուամենայնիվ, ոչ միայն Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլեւ այն հենց այսօր ապրող սերունդների կյանքի ընթացքում կլինի Հայաստանի Հանրապետության կազմում: Դա պետք է լինի, որպեսզի հայը կրկին գլուխը բարձր քայլի թե՛ Հայաստանի եւ թե՛ աշխարհի այլ երկրների բնակավայրերի փողոցներով: