Կոռուպցիան չի նվազել, կոռուպցիայի մասին զեկույց գրողներն են շատ զգուշավոր դարձել

Կոռուպցիան չի նվազել, կոռուպցիայի մասին զեկույց գրողներն են շատ զգուշավոր դարձել

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մայիսի 2-ին իր կայքէջում տեղադրել է տարեկան զեկույց, որի մի բաժնում ներկայացված է, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր էին առկա 2021-ին՝ կառուցապատման թույլտվություն ստանալու գործընթացում: Տարօրինակ է, որ «Թրանսփարենսին», որը նախկինում ասուլիսներ էր տալիս՝ կոռուպցիայի պատկերը ներկայացնելով, այս անգամ չի հրապարակայնացրել իր ուսումնասիրությունները։

Որպես «շատ բարձր» աստիճանի ռիսկ են գնահատվում ինքնակամ շինարարության օրինականացումը, անվերահսկելի կոռուպցիոն գործարքները, հայեցողական որոշումները՝ հանրային շահի նկատմամբ մասնավորի առաջնայնությամբ, անհարկի շփումներն ու քաշքշուկը, ինքնիրավչությունը, ներդրումային նախագծերի խթանումը եւ այլն: 

Օրինակ՝ նշվում է, որ «առկա են դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակիորեն ներգրավվել են խոշոր ներդրումային նախագծերի խթանման գործընթացներում, ինչը լիազորությունների վերազանցման ու չարաշահման, կասկածելի հանձնարարականների, կոռուպցիոն գործարքների եւ հովանավորչության ցուցիչ է»։ 

«Թրանսփարենսին» ուսումնասիրել է 2019-ին կառավարությունում ստեղծված հանձնաժողովների ու խմբերի գործունեությունը, որոնք հիմնականում ղեկավարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: Զեկույցում նրա մասնակցությամբ բազմաթիվ դրվագներ են զետեղված: Օրինակ, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացներն իրականացվել են օրենքի խախտումներով, «ակնհայտ հովանավորչության եւ կոռուպցիոն այլ գործարքների միահյուսմամբ»։ Կառուցապատման համար պատասխանատուն եղել է Ավինյանի աշխատակազմի ղեկավարը, իսկ Երեւանի քաղաքապետին չեն էլ տեղեկացրել այս մասին: 

Թե նախկինում օրենքների ու քաղաքացիների իրավունքների ինչ կոպիտ խախտումներ են թույլ տրվել Ֆիրդուսու հետ կապված գործընթացներում, բազմիցս գրվել է մամուլում: Սակայն 2018 թվականից հետո էլ, փաստորեն, ապօրինությունները չեն դադարել: Նոր կառավարիչները շարունակել են հովանավորել տարածքի նախկին ձեռքբերողներին ու տեր կանգնել նախկին իշխանությունների կատարած ապօրինություններին: 

Հայտնի է, որ Ֆիրդուսի տարածքը, որի նկատմամբ կառավարության 2007-2008 թթ․ բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել, ձեռք էր բերել «Սիթի Սենթր Դիվելփմենթ» ՓԲԸ-ն, որպես կառուցապատող ներգրավվել է «Գլենդեյլ Հիլզը», բազում խարդախություններ իրականացնելուց հետո, սակայն, սահմանված 7 տարում կառուցապատում չի իրականացվել, եւ անտեսելով ձեռքբերողի նման վարքագիծը՝ ՀՀ կառավարությունը 2018 թվականին տարածքի ձեռքբերող է ճանաչել 17 իրավաբանական անձի, որոնց մեծ մասի հիմնադիրը նույն ՓԲԸ-ն է եղել ու նույն մարդիկ: 

Փոխանակ ձեռքբերողը կառավարությանը ներկայացներ ֆինանսական երաշխիքներ, ինչպես նախատեսված է օրենքով, ՀՀ կառավարությունն ինքն է աջակցել «Գլենդեյլ Հիլզ»-ին՝ ձեռք բերելու ֆինանսական երաշխիքներ՝ արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավելու միջոցով, ըստ զեկույցի հեղինակների: Այս գործարքի որեւէ դրվագ չի տրամադրվում հանրությանը՝ այն պատճառաբանությամբ, թե այն առեւտրական գաղտնիք է: 2020 թվականի հուլիսին «Թրանսփարենսին» ահազանգել է իրավապահներին՝ կառավարության ու Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության փաստերի մասին, սակայն ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ չեն հարուցել, իսկ առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն է բավարարել բողոքը, եւ դատախազությունը ստիպված է եղել քրեական գործ հարուցել: 

«Ձեռքբերողի կողմից ներկայացվող ֆինանսական երաշխիքների վերաբերյալ տեղեկություն ստանալու դիմումը եւս մերժվել է վարչական դատարանի կողմից եւ բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան»,- գրում են զեկույցի հեղինակները՝ պաշտոնյաների անձնական ներգրավվածությունը քաղաքաշինական ներդրումային ծրագրերում որակելով որպես «չարաշահման, կասկածելի հանձնարարականների, կոռուպցիոն գործարքների եւ հովանավորչության» ցուցիչ։

Բացի Տիգրան Ավինյանից, զեկույցում նշվում են նաեւ 2018 եւ 2019 թվականներին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ավետիք Էլոյանի եւ Վահագն Վերմիշյանի անունները: Էլոյանը փոխվարչապետի խորհրդականի ստատուս է ունեցել, իսկ Վերմիշյանը՝ քաղաքապետի: Նրանք եւս, ինչպես Տիգրան Ավինյանը, «առանձին նախագծերի առաջխաղացման գործում առանցքային դերակատարում են ունեցել»: Ըստ զեկույցի, 2021 թվականից Երեւանի քաղաքապետարանի կազմում գործել են ոչ ֆորմալ աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված ճարտարապետներն ու նախագծողները խորհրդատվություն են տրամադրել քաղաքապետի խորհրդականին: «Սուբյեկտիվ ընտրությամբ, առանց իրավական հիմքի ներգրավված անձինք հաճախ գործել են շահերի բախման իրավիճակում՝ քննարկելով միմյանց ներկայացրած նախագծերը, իսկ պատվիրատուների շրջանակում՝ նաեւ հանդես են եկել որպես որոշում ընդունողների նեղ շրջանակի մաս»։ 

Վերլուծվել եւ ներկայացվել են կառուցապատման ռիսկերը՝ առաջին հարկերի ու մայթերի օգտագործման ձեւերից եւ շենք-շինությունների նշանակության փոփոխման հիմքերից մինչեւ քաղաքաշինական նորմերն ու լիցենզավորումը, սակայն առանց կազմակերպությունների եւ կոնկրետ պատասխանատուների անուններ նշելու, առանց փաստական տվյալների: Մինչդեռ նախկինում «Թրանսփարենսիի» զեկույցներն առանձնանում էին հենց կոնկրետությամբ: Հակակոռուպցիոն ՀԿ-ն այս անգամ աշխատել է հնարավորինս խուսափել անուններ տալուց: 
Որոշակի «բոչկաներ են գլորվել» «Վեոլիա ջուր» ընկերության կողմը: «Վեոլիա ջուր»-ը չի ապահովում իր իսկ կողմից տրված տեխնիկական պայմանները, ջրամատակարարման եւ ջրահեռացման միացման կետերը տրվում են մեծ հեռավորությունից, որը կառուցապատողի համար խոշոր ծախսեր է առաջացնում։ Կառուցապատողների դիտարկումների համաձայն, ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի միացման նախագծեր մշակող կազմակերպություններից որոշները փոխկապակցված են «Վեոլիա ջուր» ընկերության տարբեր պաշտոնյաների եւ աշխատակիցների հետ, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում:

Այդուհանդերձ, շատ կառուցապատողներ նախընտրում են աշխատել հենց փոխկապակցված ընկերությունների հետ՝ նվազեցնելով հետագա համաձայնեցման գործընթացի ռիսկերը։
«Թրանսփարենսին», որն իր բացահայտումներն արել է Երեւանում գործող քաղաքային անկախ հետազոտողների «Ուրբանլաբ» կազմակերպության հետ, այս անգամ խուսափել է նաեւ աղմուկից՝ PR միջոցառումներից, ասուլիսից, որոնց նախկինում ուղեկցում էին նմանատիպ զեկույցները: Ինչո՞ւ: 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որը սովորաբար ասուլիսներ էր հրավիրում, չցանկացավ պատասխանել այդ հարցին՝ ասելով, թե չի մասնակցել զեկույցի պատրաստմանը: Իսկ ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը հայտնեց, որ հաջորդ ամսվա կեսերին միջոցառում է կազմակերպվելու: Պրեզենտացիա՞: «Ոչ այնքան պրեզենտացիա, որքան քննարկում ենք ծավալելու, բայց այդ մասին խոսելու ենք»,- ասաց նա: Հարցին, թե ինչու այս զեկույցում, ի տարբերություն նախկին զեկույցների, քիչ են կոնկրետ անուններն ու փաստերը, Այվազյանը պատասխանեց. «Նպատակն այլ է եղել: Մենք այստեղ գնահատել ենք ընթացակարգերի կոռուպցիոն ռիսկերը, ոչ թե ինչ-որ դեպքեր ենք փորձել բացահայտել: Նպատակը լրիվ այլ է: Էդ տիպի ուսումնասիրություններ մենք այլ ոլորտներում էլ ենք անում»: 

Տպավորություն է, թե չկա բացահայտումները լայնորեն լուսաբանելու ու նիկոլականներին ՀՀ քաղաքացիների աչքից գցելու ցանկություն, բայց միակ «հակակոռուպցիոն» ՀԿ-ն չի էլ կարող չզբաղվել կոռուպցիայով եւ ավանդական զեկույցներ չպատրաստել: