Հօգուտ Արսեն Բաբայանի ցուցմունքներ կան, մինչդեռ նրա դեմ՝ չկան

Հօգուտ Արսեն Բաբայանի ցուցմունքներ կան, մինչդեռ նրա դեմ՝ չկան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշում կայացվեց կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ 

Որոշման հրապարակումից հետո «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրենք սկսելու են ակցիաներ, իսկ թե ե՞րբ, պատասխանեց, որ դեռ պետք է քննարկում անեն՝ հասկանալու համար։

Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ այս դատարանից այլ որոշում չէին էլ սպասում․ «Նկատի ունենալով, հասկանալով, որ սա քաղաքական դատավարություն է, հասկանում ենք, որ էս պրոցեսներում դատավորը չէր կարող անկախ լինել, նաեւ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու միջնորդություն էր արվել, որ գոնե  դատարանը փորձի այս կերպ ազատության մեջ թողնի Արսեն Բաբայանին։ Ապօրինի են պրոցեսները, որոնք կատարվում են, մեզ համար հասկանալի է, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որպեսզի ճնշում լինի Հրայր Թովմասյանի նկատմամբ, դա ապացուցվեց»։

Դատարանը ոչ իրավաչափ է համարել ձերբակալությունը, մինչդեռ կալանավորելու միջնորդությունը բավարարել է. «Դատարանը ընդհանրապես ձերբակալության ոչ իրավաչափության հարցը պետք է քննարկեր 24 ժամվա ընթացքում, ինչն ինքը չէր արել, նույնիսկ այդ մի քանի ժամը իրենք վախենում էին, որ Արսեն Բաբայանը կհայտնվի ազատության մեջ։ Որոշումը, բնականաբար, բողոքարկելու ենք, բայց քանի որ մենք հույս չունենք, որ Վերաքննիչ դատարանում թույլ կտան այս գործը համակագիչը մակագրի այն դատավորին, որը կարող է օրինական որոշում կայացնել, կգնանք մինչեւ վերջ»։

Պաշտպանը մանարամասնեց, որ ձերբակալությունն ոչ իրավաչափ համարելը, նշանակում է, որ խախտվել է անձի իրավունքները եւ կարող է դիմել փախհատուցման պահանջով․ «Դա, միեւնույն է, ոչինչ չի փոխում, անձն ապօրինի կերպով անազատության մեջ է»։

Ըստ նրա՝ գործում չկա այնպիսի ցուցմունք, որով կհիմնավորի մեղադրանքը, մինչդեռ հակառակ ցուցմունքներ կան՝ հօգուտ Բաբայանի․ «Հիմնավորում են, որ որեւէ խախտում տեղի չի ունեցել, որեւէ ժամանակագրության փոփոխություն տեղի չի ունեցել։  Առնվազն երեքին մենք գոնե հրապարակայնորեն ծանոթ ենք։ Գագիկ Հարությունյանը, Բաբլոյանը հանդես եկան մամուլով, որոնք եւս այդ մասին հայտարարեցին, այսինքն՝ անպատկերացնելի է, որ ամսի 2-ին հայտարարվում է հրաժարականի մասին, իսկ իրենք ասում են՝ հրաժարականը մուտք է եղել ամսի 5-ին, դա անպատկերացնելի է, եթե ամսի 2-ին հրապարակային հայտարարվել է»։

Արսեն Բաբայանը ցուցմունք չի տվել, նրա մասնակցությամբ նաեւ առերեսումներ տեղի չեն ունեցել։

Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: