Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Իսկ ի՞նչը կարող էր շահագրգռել Ռուսաստանին հոկտեմբերի 27-ի կազմակերպման հարցում: Վարկածները բազմաթիվ են: Քո ԱՄՆ գնալուց անմիջապես հետո կարող էր աշխարհաքաղաքական տեղաշարժի կասկած ծնվել «մտքում» Հայաստանն իր գաղութը համարող այդ երկրում: Դրան կարող էին նպաստել քո կողմից հռչակված կոռուպցիայի դեմ վճռական պայքարի քաղաքականությունը, Կարեն Դեմիրճյանի սոցիալիստամետ հայացքները, երկուսիդ բացահայտ դիրքորոշումը տնտեսապես իրական անկախություն ձեռք բերելու ուղղությամբ: Այդ օրերին Հայաստանի խորհրդարանում ընթանում էին քննարկումներ «մազութի» հայտնի գործով. Բացառված չէ, որ դրանք «ինքնապաշտպանական» ձեռնարկումների առիթ հանդիսանային ռուսաստանյան այն բարձր շրջանակներում, ովքեր կարող էին ներգրավված լինել այդ գործընթացում: Կարող էր Արցախի խնդրում որեւէ «հասունացած» լուծումից Հայաստանի հրաժարվելը նման «զայրույթի» տեղիք տալ:

Չգիտեմ, Մեղրիով ազերիներին ճանապարհ տալո՞ւ, թե՞ չտալու որոշումը կարող էր գազազեցնել Մոսկվային, քանի որ սա այն հարցն էր, որի համար այդ երկիրը կորցրել էր թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրս, միայն թե խնդրի լուծման մասնակիցը դառնար ու խաղաղապահի կարգավիճակով հայտնվեր մերձարաքսյան այդ եզակի խաչմերուկում: Միանգամայն ենթադրելի է, որ իրեն «խաղից» դուրս թողնելու որեւէ մեկի քայլին նա կպատասխաներ դաժան հակաքայլով: Այստեղ կանգ եմ առնում ու այլ վարկած քննարկում: Օրինակ, հաշվի առնելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրաժարականի տեքստով հրապարակավ բոլորին տեղեկացնում էր, որ Հայաստանում իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, միանգամայն հնարավոր է, որ նավթային շահեր ունեցող արեւմտյան երկրները «խաղաղությանը», իրականում՝ իրենց թանկարժեք էներգախողովակներին, սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով ձեռնարկեին նման սպանդ: Հիմա պարզ է, որ պատերազմի վտանգի մասին կանխատեսումը չափազանցված էր: Բայց այն օրերին դա կարող էր եւ լուրջ ընդունվել: Այդ դեպքում դարձյալ անհնարին է, որ Ռուսաստանը չօգներ մեզ բացահայտելու իր ռազմավարական հակառակորդների դահճային դիմագիծը: Այդպիսի առիթ բաց թողնելն ուղղակի անտրամաբանական կլիներ: Հետեւաբար, եթե հոկտեմբերի 27-ը որեւէ այլ պետության գործն է, իսկ Ռուսաստանը, իմանալով այդ մասին, լռում է, ապա տվյալ պարագայում դա հավասարազոր է ոճրագործությանը մասնակից լինելուն:

1999 թվի հոկտեմբերին Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում էր անելու ինքնուրույն մի քայլ, որը Ռուսաստանում գնահատվել է որպես խուսանավում, անկախացում, հեռացում իրենց շահերից: Հայաստանը, հավանաբար, տրորել էր «կառավարելիության» սահմանագիծը: Երկու երկրներում էլ լավ գիտեին, թե անցնող տասնամյակում ինչ դեր է խաղացել Ռուսաստանը Հայաստանի կյանքում: Հենց այդ դերակատարության ընկալումն էլ չգրված իրավունք էր վերապահում Ռուսաստանին՝ ակնկալելու, որ առանց իրեն չլուծվեն տարածաշրջանային կարեւոր հարցեր: Հավանաբար, Հայաստանի ղեկավարությունն իր կատարելիք քայլով զայրույթ է առաջացրել Ռուսաստանի ղեկավարության մոտ: Առիթ եղել է խոսելու Բորիս Ելցինի էքսցենտրիկ բնավորության մասին: Նա կարող էր խռովել, չլսել բացատրություններ, անհրաժեշտության դեպքում տալ կտրուկ հանձնարարություններ: Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավում դու ունեիր մի հրաշալի ընկեր, որն այդ օրերին արդեն կորցրել էր իր նախկին ազդեցությունը: Խոսքը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մասին է, որն այդ պաշտոնից ազատվել էր 1996 թ. հունիսին: Նա հնարավոր վտանգների մասին կարող էր քեզ զգուշացնել: Բայց իրավիճակ էր փոխվել, ու նա այդ հնարավորությունն այլեւս չուներ: Ուստի Ելցինից եկող վտանգի մասին դու կարող էիր եւ չիմանալ:

Այստեղ պիտի հիշեմ նախորդ դարի 90-ականներին մի այլ երկրի՝ Չեչնիայի անկախության փշրված պայքարից մի դրվագ, որի առանձին ելեւէջներ մեզ խորհելու շատ բան կարող են տալ: 1996 թ. նախագահական ընտրություններից առաջ Ելցինի վարկանիշը խիստ անկում էր ապրել. պատերազմը Չեչնիայում արդյունք չէր տվել, եւ Դուդաեւի ղեկավարած հանրապետությունն ընթանում էր անկախության ճանապարհով: Ռուսաստանում Ելցինին սկսել էին համարել թույլ ղեկավար, եւ ընտրություններում նրա պարտությունը տրամաբանական էր դիտվում: Փորձագետները նրան հուշում էին, որ հեղինակությունը վերականգնելու ամենակարճ ճանապարհը Չեչնիայի «սանձերը» ձգելն էր: Բանակցություններով դա անհնարին էր: Ելցինն իրավասու ծառայություններին հանձնարարեց ֆիզիկապես ոչնչացնել շարժման ղեկավարին՝ Ջոհար Դուդաեւին: Գաղտնի ծառայության գործակալներ ներդրվեցին վերջինիս շրջապատում, բայց դրանք բացահայտվեցին: Երեք անգամ մահափորձ կատարվեց, բայց զգուշավոր Դուդաեւը խույս տվեց դրանցից: Ելցինի համար Դուդաեւի վերացումը դարձավ պատվի ու արժանապատվության հարց: 1996 թվի ապրիլի 21-ին արբանյակային հեռախոսաազդանշանային բացահայտմամբ հնարավոր եղավ հրթիռակոծել նրա մեքենան բաց դաշտում, ուր նա կանգնել եւ հեռախոսով զրուցում էր: Նրա սպանության մանրամասներն առայսօր գաղտնազերծված չեն:

Բայց հայտնի են հետեւյալ փաստերը: Դուդաեւի հետ պայթյունից զոհվում են եւս մի քանիսը, այդ թվում՝ նրա խմբում ներդրված ռուսական գաղտնի ծառայության մի աշխատակից: Սա շեշտում եմ, որպեսզի հասկանալի լինի, որ Հայաստանում շատ ավելի հեշտ կլիներ գործակալներ ներդնելը: Կատարվածի մասին զեկուցում են հեռավոր Խաբարովսկում գտնվող Ելցինին, որը մի քանի անգամ հարցնում է, թե ճի՞շտ է լուրը, հո չե՞ն սխալվում: Ականատեսները պատմում են, որ նա սենյակ է վերադարձել բացառիկ բարձր տրամադրությամբ, գրեթե պարելով, հայտարարելով. «Այսօր տոն է»: Դուդաեւը, որպես անկախացող Չեչնիայի ղեկավար, Ռուսաստանի համար վտանգավոր էր հատկապես նրանով, որ մեկ կերպարում զուգորդում էր երկրի քաղաքական ղեկավարին ու զինվորական առաջնորդին: Դա նրան դարձնում էր բացառիկ ուժեղ:

Պատկերացնո՞ւմ ես, որ տարբեր՝ այդ թվում եւ հայաստանյան ծագման ուժերի կողմից Ելցինին ներշնչեին, թե արդար ընտրությամբ իշխանության եկած քաղաքական ուժի շնորհիվ Անդրկովկասում կարող է իրական անկախության ճանապարհ բռնել ու անկանխատեսելի դառնալ մի այլ պետություն, որի եռանդուն առաջնորդներից մեկն ունի Դուդաեւին բնորոշ գծեր. նա եւս զինվորական ղեկավար է, ավելին՝ թիկունքին ունի ոչ միայն ռազմական ու քաղաքական հզոր ուժ, այլեւ դաշինքներ կնքելու եւ երկխոսելու բնատուր տաղանդի շնորհիվ ի վիճակի է հասնելու հանրության բացառիկ համախմբման: Եվս մեկ-երկու տարի, նրանց հետ խոսելը խիստ կդժվարանա, առավել եւս, որ արդեն նշմարվում են քայլեր, որոնք կրեմլյան սցենարին չեն համապատասխանում: 1999 թ. օգոստոսին սկսված չեչենական երկրորդ պատերազմը չէ՞ր կարող, արդյոք, սրել ու ավելի զգայուն դարձնել Ռուսաստանի ղեկավարությանը, որը Հայաստանի անկախ կեցվածքում կարող էր տեսնել իրական սպառնալիք ու նոր, անսպասելի գլխացավանք՝ հին կապերը հավաքել ցանկացող երկրի համար:
 

Շարունակելի 

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ