Ադրբեջանական նուռը Վրաստանով Հայաստան է մտել, Մեղրիի նուռը մնացել է այգիներում. գյուղատնտես

Ադրբեջանական նուռը Վրաստանով Հայաստան է մտել, Մեղրիի նուռը մնացել է այգիներում. գյուղատնտես

Մեղրիում բնակվող գյուղատնտես Գևորգ Մարգարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Մեղրիի ու շրջակա գյուղերի բանկիչներն այս տարի նուռի և արքայանարինջի՝ կառալյոկի իրացման խնդիրների առաջ են կանգնել: Նույնիսկ փոխանակումները, որ նախորդ տարիներին շատ հաջող իրականացնում էին, այս տարի դժվարացել են: Դրանք հիմա ծանոթ-բարեկամների միջոցով են իրականացվում:

«Հիմա մարդիկ մթերել են, տերևաթափ է արդեն սկսել, ցրտահարությունից կամ սնկային հիվանդություններով վարակումից խուսափելու համար մարդիկ արդեն պահեստավորում են։ Թե ով ինչքան կպահի, թե նկուղային պայմաններում մթերքն ինչքան կդիմանա՝ Աստված իրենց հետ: Պատմության մեջ Մեղրիում ես չեմ տեսել, որ մեկի արքայանարինջը կամ նուռը մնա ծառի վրա»,-ասաց Մարգարյանը:

Մեղրեցի գյուղատնտեսը հավելեց, որ առևտրականները խուսափում են ավելի վաղ միրգը գնել, քանի որ սառնարաններում պահելը եւ էլեկտրաէներգիայի ծախսը ծանր բեռ է, դրա համար էլ ավելի ուշ են գնում միրգը: Այս խնդիրն էլ առաջացել է էլեկտրաէներգիայի թանկացումից հետո: Մեղրիի Շվանիձորում և Նռնաձորում, Նյուվադիում՝ սահմանամերձ այդ գյուղերում ևս մարդիկ տոննաներով նուռ ունեն, սակայն իրացնել չեն կարողանում՝ ասում է Գևորգ Մարագարյանը:

Գյուղատնտեսը շեշտում է, որ հասարակ մեղրեցիների հիմնական մասի համար իրենց այգու միրգն է իրենց եկամտի միակ աղբյուրը ու հիմա մարդիկ կանգնել են խնդրի առաջ՝ բոլորը հսկայական քանակի միրգ ունեն, սակայն գնորդ չկա, իրացում չեն կարողանում ապահովել:

«Շվանիձորի, Ալվանի, Մեղրիի գյուղացիական տնտեսությունները՝ 80 տոկոսը, ովքեր որ աշխատանք չունեն, թոշակառուներ են կամ գործազուրկներ՝ նրանց հույսը արքայանարինջի իրացումն է կամ փոխանակումն է, որ կարողանան մինչև հաջորդ սեզոն գոյատևեն: Մարդ կա, որի հույսն իր արքայանարնջի իրացումն է, որ կարողանա իր ուսանողներին պահի, ուսման վարձ հասցնի՝ այսպիսի տարատեսակ խնդիրների առաջ ենք կանգնել»,- շեշտեց Մարգարյանը:

Մեղրեցի Գեւորգ Մարգարյանը նշում է, որ հասարակ մեղրեցիները օձերի հեռ կռիվ տալով, քարերը պարկերով կրելով՝ հողը մաքրելով, ծառ են տնկել, այգի հիմնել ու շատ սրտացավ են իրենց ունեցածի հանդեպ, ու այս իրավիճակում մարդիկ տագնապի մեջ են: Նույնը վերաբերում է նաև չիր արտադրողներին, որոնք մտավախություն ունեն, որ Լարսում տևական խցանումների պատճառով իրենց ապրանքի արտահանման հետ կապված խնդիրներ են առաջանալու:

«Հիմնական պատճառները Լարսի հերթագոյացումն է, Վրաստանից մեծ խմբաքանակով՝ այդ թվում նաև ադրբեջանական, Գյանջայի նուռը, որին ես քաջածանոթ եմ, որովհետև այնտեղ էլ եմ եղել ու որպես մասնագետ ճանաչում եմ այդ տեսակը, որից նաև կա Արցախում ու շատ քիչ քանակությամբ նաև Նոյեմբերյանում են աճեցնում, գործարարները թուրքական, վրացական ապրանքը բերում են լցնում՝ դրա համար էլ մերը լճանում է: Իրանից էլ են բերում լցնում, բայց պետությունը չպետք է թույլ տա, այդ առևտուրը պետք է կատարի հարևան երկրների հետ, բայց գոնե մեր գործարարները մի քիչ խիղճ ունենան, գոնե ուշ բերեն, որ տեղացիները՝ մեղրեցիները, նոյեմբերյանցիները, տավուշցիները գոնե մի քիչ ոտքի կանգնեն: Նախ իրենց արտադրանքը սպառվի՝ նոր ներկրեն: Մարդ կա որոշել է նռան ծառերը կտրել՝ այդպիսի անելանելի վիճակի մեջ են հայտնվել»,-ասաց մեղրեցի գյուղատնտեսը:

Վերջին՝ սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո դեպի Սյունիք զբոսաշրջիկների ու առևտրականների հոսքը խիստ կրճատվել է՝ տեղեկացնում է Գևորգ Մարգարյանը: Նա շեշտում է, որ առևտրականները հաշվի են առնում նաև ռիսկի գործոնը, արժի արդյո՞ք այդքան գումար ծախսել՝ Մեղրի հասնելու համար: «Դանդաղ է իրացումն իրականացվում, շատ դանդաղ: Սակայն, մինչև դեկտեմբերի 15-ը պարզ կլինի, թե ինչ կլինի։ Միգուցե գան ու միանգամից մեծ ծավալներով տանեն, որովհետև ամեն դեպքում Մեղրիի արքայանարնջի համն ուրիշ է»,- նշեց վերջինս:

Մեր հարցին, թե Գյանջայի նուռն ինչպես կարելի է տարբերել հայկական նուռից, Մարգարյանն ասաց, որ Գյանջայի նռան տեսակից հատուկենտ ծառեր կան Նոյեմբերյանում և Իջեւանում, նաև Արցախում է աճում, իսկ տարբերել կարելի է վառ կարմիր գույնով, նաև նռան թագի կտրտվածությունը՝ նշեց Մարգարյանն ու ասաց, որ մյուս առանձնահատկությունները արդեն միայն մասնագետի համար են հասկանալի:

«Բայց որ ադրբեջանական նուռ Վրաստանով Հայաստան է մտել՝ դա փաստ է: Պարսակական նուռ Մեղրիով Հայաստան մտել է՝ փաստ է, չեմ բացառում, որ թուրքական էլ լինի, ամեն ինչ Վրաստանով է գալիս: Ցանկալի է տեղական արտադրողի մեջքը չջարդեն, վրացին գալիս է նոյեմբերյանցի առևտրականի հետ, մեկի դաշտում բերում է, թափում, գալիս ասում է՝ հինգ-վեց տոննա արքայանարինջ ունեմ Նոյեմբերյանի, բայց իրականում վրացական է ու մարդիկ գալիս են ցածր գներով տանում են: Այդ ժուլիկների նման գործողություններն էլ են ազդեցություն ունենում: Պետությունը, եթե գյուղացուն չի կարողանում օգնել, գոնե այդ ներմուծման պահը թույլ չտա»,-ասում է մեղրեցի գյուղատնտեսը:

Մարգարյանը նշում է, որ մեղրեցիները միրգը գնողներին գնի մեջ 50-ից 100 դրամ պակաս են ուզում՝ հաշվի առնելով վերջինիս անցած ճանապարհը, ծախսած բենզինը, ճանապարհի անհարմարությունները, սակայն փոխանակման համար եկած առևտրականները երբեմն այնպիսի անտրամաբանական ցածր գներ են առաջարկում, որ գյուղացիները նախընտրում են իրենց նռից գինի քամել, քան թե աներևակայելի ցածր գնով վաճառել: «Մեկ կիլոգրամ գյուլաշա՝ կիսաքաղցր, կիսաթթվաշ նուռը, որը շուկայում պահանջարկ ունի ու վաճառվում է 600-ից 800 դրամով, գալիս են ասում են՝ մեկ կգ կարտոֆիլի դիմաց՝ մեկ կգ գյուլաշա նուռ տվեք: Ավելի լավ է իր նռից գինի պատրաստի, վաճառի: Կներեք արատահայտության համար, եկել են էշ գներով ուզում են փոխանակություն անել, էլ չգիտեն, որ մի քիչ այն կողմ սահմանը կարող ենք անցնել ու Երևանից երեք անգամ էժան գներով Իրանից անհրաժեշտ բոլոր պարագաները գնել ու հետ գալ»,-ասում է Գևորգ Մարգարյանը: Մեղրեցի գյուղատնտեսը շեշտում է, որ միայն պետությունը կարող է իրավիճակ փոխել այս պարագայում. «Այո, թող վրացին բերի ու թող մենք չառնենք, թող ազգային թասիբ ունենանք: Շատ բարդ հարց է, պետական վերահսկողությունը մի կողմ, նաև բուսասանիտարիա պետք է լինի, պետք է վերահսկել, որովհետև Հայաստանում արդեն որոշ վնասատուներ են հայտնվել այդ մթերքի ներկրումից հետո, արքայանարնջի վրա մի քանի վնասատուներ են ներկրվել, որոնք գլխացավանք են դարձել գյուղացիների համար: Այդ վնասատուների դեմ պայքարելը շատ դժվարին խնդիր է, եթե տարածվում են հետո դժվար է լինելու դրա դեմ պայքարել, դա տարիների ընթացքում եղած բան է»,-ասաց Մարգարյանը: Վերջինս հավելում է, որ Մեղրիի բնակիչները մեծ քանակով չիր են արտադրել ու հույս է հայտնում, որ գոնե չիրը կիրացվի: