Ռուդի Ֆրացիսկո․ Աղջկան, ով աշխատում է իմ տան՝ Դելմոնթ Հեյթ փողոցի Սթարբաքսում, երդվում եմ՝ ես սթալքեր չեմ

Ռուդի Ֆրացիսկո․ Աղջկան, ով աշխատում է իմ տան՝ Դելմոնթ Հեյթ փողոցի Սթարբաքսում, երդվում եմ՝ ես սթալքեր չեմ

Երբ պատվիրեցի չայ լատտե,
իրականում ուզում էի ասել․ «Ես անցնում էի կողքով։
Տեսա քեզ։ Եվ ուղղակի ներս եկա, որովհետեւ պիտի լսեի՝ ինչպես է ձայնդ հնչում»։
Բայց դա ասելու փոխարեն ես հուզվեցի եւ պատվիրեցի մենյուից առաջին բանը։
Ես անգամ չգիտեմ՝ ինչ է գրողի տարած չայը կամ լատտեն դրա մեջ։
Երբ Աստված ստեղծեց քեզ, նա հայհոյեց առաջին անգամ։
Նա շրջվեց եւ հարվածեց հրեշտակի ձեռքին ու ասաց՝ «գրողը տանի, ես լավագույնն եմ»։
Դու այդքան գեղեցիկ ես։
Ես ծախսել եմ նախորդ 3 օրը՝ փորձելով գտնել ճիշտ ներկայանալու ձեւը,
եւ ինձ թվում է՝ վերջապես գտա այն։
Այն կլինի համարյա այսպես․ «Բարեւ»։
Սա այն ամենն է, ինչ հորինել եմ։ Բայց ինձ թվում է՝ լավ սկիզբ է։
Գիտես, ես ուզում եմ դա, ուզում եմ այդ՝ «իմ ընկերները կարծում են՝ ես խելագար եմ» տեսակի սերը։
Այդ «անխոհեմ» տեսակի սերը։
Այդ՝ «շո՛ւտ արթնացիր եւ պատրաստի՛ր նախաճաշը» տեսակի սերը։
Այդ՝ «կյանքը կոտրող» եւ «դու պետք է սա տեսնես» ասող տեսակի սերը։
Մոռացի՛ր մակերեսային բաները, ես ուզում եմ սիրո ամենախորը տեսակը։
Այդ՝ «ես ուզում եմ մինչեւ ուշ գիշեր պատմել քեզ իմ բոլոր գաղտնիքները» տեսակի սերը։
Ես ուզում եմ այդ՝ «կողքի՛ս մնա» տեսակի սերը։
Այդ՝ «սա ճակատագիր է» տեսակի սերը։
Այդ՝ «կապ չունի՝ ինձ հետ ինչ կլինի, դու միշտ իմ լավագույնը կզգաս» տեսակի սերը։
Այդ՝ «իմ սիրտն ու միտքը քեզ են պատկանում, մնացածը աշխարհին» տեսակի սերը։
Այդ՝ «ներդրո՛ւմ արա իմ մեջ» տեսակի սերը։
Քանզի «դու արդեն գիտես, որ ես ներդրել եմ քո մեջ» տեսակի սերը։
Այդ՝ «դու վրդովված ես գալիս տուն եւ չպետք է ոչինչ ասես, ես արդեն գիտեմ ինչ անել» տեսակի սերը։
Ես սեր եմ ուզում։
Ուզում եմ կծես շրթունքս, մինչեւ խոսելու ի վիճակի չլինեմ,
հետո նախկին ընկերուհուս անունը դուրս հանես բերանիցս, զուտ վստահ լինելու համար, որ նա չի հայտնվի մեր երկխոսություններում։
Ուզում եմ՝ դու ինձ մոտ գաս կեսօրի պես, գաս ինձ մոտ դանդաղ, ասես՝ դու կոտրված մայրամուտ ես՝ ալարկոտ երկինքն ուսերիդ։
Եթե թույլ տաս ինձ՝ լինել արեւի լույս, խոստանում եմ, որ կթափանցեմ քո խավարի մեջ, մինչեւ չխոսես հրեշտակների ձեւով։
Քաշի՛ր ինձ քեզ մոտ,
Ասա, որ սիրում ես ինձ,
Հետո քերի՛ր քո ապագան իմ մեջքին,
որ ես լինեմ այն ամենը, ինչի համար ապրում ես։
Խոստանում եմ, որ կմահանամ ամեն օր քեզ համար, հետո հարություն կառնեմ քո ճիչերի մեջ։
Խոստանում եմ, որ կսիրեմ քեզ։
Խոստանում եմ սիրել քեզ, ասես դա միակ բանն է, որ երբեւէ ճիշտ եմ արել։ 
Եվ ես երիտասարդ եմ, ուստի սովորաբար նույնիսկ սիրո պոետ չեմ։
Բայց ամեն անգամ, երբ փորձում եմ սիրո մասին գրել, ձեռքերս ջղաձգվում են զուտ ինձ հիշեցնելու համար, թե ինչքան ցավալի կարող է լինել սերը։
Երբեմն մատիտս է կոտրվում՝ զուտ ապացուցելու համար, որ ամեն հիմա ու հետո,
սերն ավելի շատ ջանքեր է պահանջում, քան դու պլանավորել էիր։
Գիտես, ես լսել եմ, որ սերը կույր է, ուստի իմ բոլոր պոեմները գրում եմ բրայլյան գրությամբ։
Եվ իմ բոլոր պոեմներն իրականում ավարտուն չեն, քանզի սերն անվերջ է։
Ես միշտ հավատացել եմ, որ կյանքը նման է չզարդարված սուպերմոդելի, այն մաքուր է եւ ոչ կատարյալ, հենց այն ձեւով, որն Աստված է նախատեսել։
Գիտես, ես անկեղծ կլինեմ։
Ես այդքան էլ սիրո պոետ չեմ, բայց եթե վաղն առավոտյան արթնանամ ու որոշեմ, որ, իրոք, սիրո մասին եմ ուզում գրել,
առաջին պոեմս կլինի քո մասին․
Թե ինչպես եմ քեզ սիրում՝ նույն՝ հեծանիվ վարել սովորելու պես,
վախեցած, բայց անխոհեմ, առանց ուսումնական անիվների կամ արմունկների բարձիկների,
ուստի իմ սպիները կարող են պատմել իմ՝ քեզ սիրահարվելու պատմությունը։
Ես սիրո պոետ չեմ, բայց եթե լինեի, կգրեի ամեն պատուհանի ամպոտ արտացոլանքում դեմքդ տեսնելու մասին։
Գիտես, ես գրել եմ միլիոնավոր պոեմներ՝ հույսով, որ ինչ-որ կերպ, երեւի, դուրս կթռչես էջերից եւ ավելի մոտ կլինես ինձ,
որովհետեւ, եթե դու այստեղ լինեիր, ես կմերսեի մեջքդ, մինչեւ մաշկդ կերգեր երգեր, որոնց բառերը շուրթերդ չգիտեն,
մինչեւ քո սրտխփոցը հնչեր՝ ինչպես իմ ազգանունը, եւ ժպիտդ նմանվեր Խաղաղ օվկիանոսին։
Ես ուզում եմ խմել մաշկիդ արեւալույսը։
Երդվում եմ, եթե սիրո պոետ լինեի, կգրեի գեղեցիկ լինելու համարձակությանդ մասին, անգամ այն օրերին, երբ շուրջդ ամեն ինչ տգեղ է։
Կգրեի թարթիչներիդ մասին,
եւ ինչպես են նրանք ջութակի լարեր հիշեցնում, որոնք ամեն անգամ սիմֆոնիաներ են նվագում, երբ դու թարթում ես։
Եթե սիրո պոետ լինեի, կգրեի իմ՝ սառցե արձանի նման հալվելու մասին, ամեն անգամ, երբ լսում եմ ձայնիդ ելեւէջները
եւ երբ տեսնում եմ զանգի վրա քո անունը,
սիրտս կլաս է խաղում կրծքիս մեջ,
այն կողերիս վրայով մագլցում է,
եւ ես նորից ինձ մանուկ եմ զգում։
Եվ երբեմն-երբեմն ես աղոթում եմ, որ Աստված քեզ նորից իմ կողերից մեկը դարձնի, ուղղակի՝ որ չանցկացնեմ եւս մեկ օր առանց քեզ։
Գիտես, ես այդքան էլ սիրո պոետ չեմ, բայց եթե վաղն առավոտյան արթնանամ ու որոշեմ, որ իրոք սիրո մասին եմ ուզում գրել, առաջին պոեմս կլինի քո մասին։
Ու այս ամենից հետո նա ասաց․ «Ի՞նչ ես զգում իմ հանդեպ»։
Եվ ես շփոթվեցի։
Ես ասացի․ «Արի՛ այսպես նայենք, ես ուզում եմ լինել նախկինիդ համարձակ տարբերակը։
Ես ուզում եմ անել այն ամենը, ինչին նրա քաջությունը չի բավականացրել, օրինակ՝ քեզ վստահել։
Ես երդվում եմ, երբ մեր շուրթերը դիպչում են միմյանց, ես զգում եմ կյանքիս հաջորդ 60 տարվա համը»։ 
Նախորդ գիշեր ես երազ տեսա, այնտեղ ես մահացա երազումս եւ արթնացա առանց իմանալու, որ դեռ քնած եմ, ուստի պիտի քայլեի,
այդ գիշեր ես պիտի քնի մեջ քայլեի,
ես քնեցի քայլելու ընթացքում,
ես հետ գնացի, մինչեւ քեզ հանդիպեցի առաջին անգամ,
եւ ես հազիվ քաջություն հավաքեցի քեզ հետ ծանոթանալու համար կրկին։
Գիտես, ես փորձում էի ճիշտ բառերը գտնել։
Եվ փորձում էի ճիշտ քայլերն անել,
քանի որ ինձ թվում է, որ անգամ հազարավոր տարիների տարբերությամբ ինչ-որ բան միշտ սխալ է լինում մեր միջեւ:
Մենք ապրում էինք Եգիպտոսում, եւ ես փարավոնի ստրուկն էի, դու՝ նրա դուստրը։
Սիրում եմ, որ դու տանում ես ինձ մահվան, երբ նրանք պնդում էին, որ ես գայթակղել եմ քեզ։
Եվ երբ նրանք խլեցին իմ կյանքը,
ես հարություն առա որպես քարագործ։
Ես քո տան հիմքը դրեցի։
Մեր աչքերը հանդիպեցին երկու վայրկյանով։
Դու գնացիր, եւ ես քեզ չտեսա նորից, մինչեւ չմահացա։
Ես վերադարձա որպես թրթուր։
Կերպարանափոխվեցի թիթեռի։
Կանգնեցի ձեռքիդ ափի մեջ։
Դու քշեցիր ինձ մի կողմ։
Մերժումը սպանեց ինձ։
Երբ արթնացա, ես բասային թմբուկ էի, դու՝ փոքրիկ թմբուկ։
Մենք նույն թմբկահարին էինք պատկանում՝ Քոզի Քոուլ անունով, եւ երբ նա մահացավ, մենք եւս մահացանք։
Բայց ես վերադարձա քեզ փնտրելու համար։
Ես տարբեր տեղերում գրություններ թողեցի, հույսով, որ դու կբախվես դրանց։
Ես դավաճանաբար կանչեցի մեր անունները եւ աղոթեցի, որ դա օգնի քեզ՝ վերհիշել:
Ես բաց էի թողնում քո անունը քամու հետ՝ հույսով, որ ինչ-որ կերպ իմ ձայնը կհասնի քեզ, բայց այն չհասավ, եւ ես մահացա։
Ես շուտ մահացա։
Ես երիտասարդ մահացա՝ ձեռքերումս պահելով հացի փշրանքներ՝ հույսով, որ դու կգտնես ինձ, բայց դու երբեք չգտար,
ուստի ինձ թաղեցին։
Երբ ինձ թաղեցին, աչքերիս մետաղադրամներ դրեցին,
եւ ես օգտագործեցի դրանք որպես ավտոբուսի ժետոններ՝ Երկիր վերադառնալու համար, որ կարողանամ քեզ փնտրել։
Այդ պատճառով, երբեմն, երբ մենք ձեռք ենք բռնում, ոչ հաճախ, ես միտված եմ փոքր-ինչ ամուր բռնել,
ներիր։
Ես ուղղակի քեզ նորից կորցնել չեմ ուզում։
Մայրս ինձ ասում էր՝ երբ դու գտնում ես ճիշտ մարդուն, դու անում ես ամեն հնարավոր բան, որ վստահ լինես՝ նա կողքիդ է։

Թարգմանությունն անգլերենից` Էվելինա Դամիանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ