Սրան ի՞նչ կասեն Բաքվից

Սրան ի՞նչ կասեն Բաքվից

Ադրբեջանում եւ ռուսական որոշ լրատվամիջոցներում շարունակում են արծարծել Հայաստանում «ֆաշիզմի հերոսացման», թեման, հանգամանք, որ ստիպում է համացանցում որոնումների դիմել՝ պարզելու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի հետ ադրբեջանական վտարանդիության համագործակցության խնդիրը: Եւ ահա հանդիպում ենք մի հրապարակման, որը հրապարակվել է gazavat.ru կայքում՝ 2012 թվականին: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների հետ համագործակցած Ֆաթալիբեյլի-Դուդանգիսկիի բաց նամակն է սպիտակգվարդիական Բիչերախովին, որտեղ ադրբեջանցի գործիչը հպարտությամբ խոստովանում է, որ ԽՍՀՄ դեմ Գերմանիայի հայտարարած պատերազմի հենց առաջին ամիսներին Կարմիր բանակ զորակոչված ադրբեջանցիներից 150 000-ը, իսկ խորհրդային թյուրքախոս երկրներից ընդհանուր առմամբ մեկ միլիոնը «մերկացրել է ճակատը եւ անցել գերմանացիների կողմը»: Այլ աղբյուրները ֆաշիստներին գերի հանձնված ադրբեջանցիների ընդհանուր թվաքանակը նշում են 40-50 հազարի սահմաններում: Վստահաբար կարելի է ասել, որ Ֆաթալիբեյլին ավելի ստույգ տեղեկություն է հայտնում, քանի որ սերտ համագործակցել է ֆաշիստական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տվյալ հրապարակման ամենաուշագրավ փաստն այն է, որ, պարզվում է, 1945թ. մարտի 17-ին, հանուն Հիտլերի կառավարության, ռեյսխ-նախարար Ալֆրեդ Ռոզենբերգը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի անկախությունը: Անշուշտ, նացիստական ռեժիմի եւ ադրբեջանական վտարանդիության համագործակցության մասին բազմաթիվ այլ փաստեր եւս կան: Բաքվում դրանց քաջատեղյակ են եւ խորապես հարգում են Հիտլերի հետ գործարքի մեջ մտած իրենց նախնիներին: Պատահական չէ, որ Ֆաթալիբեյլիի նամակը հրապարակման պատրաստողը նրան անվանել է «ադրբեջանական ժողովրդի պանծալի զավակ»:  Դրանով ամեն ինչ ասված է: