Լինում է՝ ինչ պիտի լինի

Լինում է՝ ինչ պիտի լինի

Մեր կես-ֆիդայական, կիսով՝ կանոնավոր բանակի գեներալիտետը սխալվեց, երբ 1994-ի մայիսյան զինադադարը հաղթանակ կարծեց եւ խրոխտացավ, թե «ծնկի է բերել դարավոր թշնամուն»: Իրականում կամավորական աշխարհազորի բացառիկ սխրանքի եւ ներքին ու արտաքին քաղաքական հանգամանքների բարեհաջողության վրա բարձրացած, «պատմական հաղթանակի» դափնիներով օծված՝ Վազգեն Սարգսյանը սխալվեց, երբ հրաժարական պարտադրեց  Լեւոն Տեր-Պետրոսյանին: Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը սխալվեցին, երբ ռոմանտիկորեն հավատացին, թե «Միասնություն» դաշինքով կարող են լուծել իշխանության լեգիտիմության եւ Հայաստանի սուվերենության խնդիրները: Ռոբերտ Քոչարյանը սխալվեց, երբ ինքնաներշնչվեց, որ Դաշնակցությունը զորեղ հենարան է, որ Սփյուռքն իրեն սատար կկանգնի նախկին ԼՂԻՄ տարածքը Հայաստանին միավորելու եւ փոխարենը Մեղրիով դեպի Նախիջեւան Ադրբեջանին «միջանցք տրամադրելու» ծրագիրն իրականացնելու:

Որ դեմ չեն լինի Ռուսաստանը եւ Իրանը: Որ պատմական մեծ առաքելություն է՝ Տիգրան Մեծից հետո առաջին անգամ հայկական հողեր միավորել: Սերժ Սարգսյանը սխալվեց, երբ «մադրիդյան սկզբունքների» ուղեբեռով փորձեց գնալ հայ-թուրքական «պատմական հաշտեցման»՝ հավատալով, որ այդ հարցում Արեւմուտքը եւ Ռուսաստանը «նույն մեխին են խփում»: Սխալվեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ԼՂ կարգավորման «փաթեթին»  չծանոթացած՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու հաջորդ օրը ճեպեց Ստեփանակերտ եւ հայտարարեց, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունի, եւ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան: Մի՞թե հայ քաղաքական միտքն այնքան ամուլ է, որ տարրական իրողությունները չի գիտակցում: Մի՞թե անմեղսունակ ենք դարձել եւ չենք տեսնում, որ օր-օրի  մոտենում ենք ճակատագրական սահմանագծին: Որ մեր ներսում ուռճանում-ահագնանում եւ գրեթե առարկայական է դառնում քաղաքացիական բախումը: Վազգեն Սարգսյանի գրական տաղանդի եւ քաղաքական գործի անեղծ երկրպագու՝ Հրանտ Մաթեւոսյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ հոկտեմբերի 27-ի էջը պետք է հաջորդ օրը փակվեր, երկիրը՝ վերադառնար բնականոն կյանքի: Չոր, դաժան, բայց արդարացի մոտեցում է: Անցյալն՝ անցյալին եւ՝ ապագա պատմաբանի դատաստանին: Երկրի երեք միլիոն մարդուն հարկավոր է աշխատանք, արժանապատիվ կյանք եւ խաղաղություն: Մնացածը նրան հուզում է այնքանով, որքանով այդ հարցերը լուծվում կամ չեն լուծվում: Լինում է՝ ինչ պիտի լիներ, եւ մի ողջ ժողովուրդ չի կարող հավիտյան տվայտել «պատմական արդարության վերականգնման» հրաշքին սպասելով:

Վարչապետ Փաշինյանը պետք է ապրի այն ամառանոցում, որտեղից հեռացել է Սերժ Սարգսյանը: Իսկ էքս-նախագահի կեցավայրի հարցը պիտի պետությունը լուծի: Թե առաջին, թե երկրորդ դեպքում՝ հարկատուների հաշվին: Այդպես է ամբողջ աշխարհում: Ինչպես որ աշխարհին առհասարակ յուրահատուկ են պալատական խարդավանքները, քաղաքական սպանությունները, կոռուպցիան եւ հովանավորչությունը: Դրանք մարդկության ուղեկիցն են վաղնջական ժամանակներից, նրանից անբաժան են, ինչպես ստվերը՝ մարդուց: Մոտեցել ենք համազգային հիասթափության սահմանին, որովհետեւ անընդհատ սխալվում ենք՝ երեւակայելով, թե «ահա՝ այն բլուրն էլ անցնենք, առջեւում կբացվի արեւոտ, տաք, բերքառատ ու խաղաղ Ավետյաց աշխարհը»:

Չկա, չի լինելու: Մեր Հայրենիքը սա է, մենք այս ենք: Եւ լինելու է՝ ինչ պիտի լինի: Խնդիրն «ինչ պիտի լինիի» հետ համերաշխվելու մեջ է: Ուզում ես՝ ֆատալիզմ ասա, ուզում ես՝ իմպոտենցիա: Փոքր ազգին մեծ առաքելություն տրված չէ: Բայց դա ողբերգություն չէ: Ողբերգություն է, երբ փոքր ազգն իրեն ադամական կյանքից վեր գոյության ավյուն է վերագրում եւ մատնվում  ինքնաոչնչացման: Ինչպես՝ Ավարայրում, որ քաղաքական մի գնահատական ունի միայն՝ քաղաքացիական պատերազմ: Ասվել է, չէ՞՝ Արցախն Ավարայր է: Վարդանանք-Վասակյա՞նք ենք խաղում…