Ո՞վ էր «Ռեւազին» Լենայի մոտ տարել

Ո՞վ էր «Ռեւազին» Լենայի մոտ տարել

Նախօրեին 1in.am-ը տեսահարցազրույց է հրապարակել,  որտեղ Արցախի Մարտակերտի շրջանի Խնկավան համայնքի բնակիչ Մասիս Միքայելյաանը բողոքում է, թե տարիներ շարունակ գողանում են իր անասունները, դիմել է բոլոր ատյաններին, ասել են՝ «չիք»: Դե ինքն էլ մտածել է, որ արդարություն կգտնի Երեւանում, վեր է կացել՝ Խնկավանի սարերից հասել Բաղրամյան փողոց, մտադիր է հանդիպել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին՝ պատմելու իր ցավը, հույս ունի մտնել վարչապետ Փաշինյանի մոտ՝ ասելու, որ Արցախում «բանդիտիզմ ա, մաֆիան ա կառավարում»: Միքայելյանն անասնագողության մեջ մեղադրում է Խնկավանի համայնքապետին, ոստիկանությանը՝ նրան հովանավորելու, իշխանություններին՝ անտարբերության մեջ եւ անսպասելի քննադատության սլաքն ուղղում Ազատ հայրենիք կուսակցության եւ նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի դեմ: Երեւույթին արագ արձագանքել է Ազատ հայրենիքի մամուլի խոսնակը՝ ֆեյսբուքում կատարելով սարկաստիկ գրառում. «Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղի բնակիչը հասել է Լենա Նազարյանի մոտ ու պատմել, որ Ռևազի ոչխարները գողացողները Ազատ հայրենիք կուսակցության անդամներ էին   ))))) 
էլ ինչ աբսուրդ կա պատմեք, լուսաբանեք»:

Սարկազմը՝ սարկազմ, բայց այս պատմությունը ծնում է որոշ հարցեր:Ենթաադրենք,  «Ռեւազն» ինքնուրույն է եկել այն մտահանգման, որ արդարություն կարող է գտնել միայն հեղափոխական Երեւանում, բայց ո՞վ է նրան ԱԺ փոխանախագահ Լենա Նազարյանի մոտ տարել, ո՞վ է կազմակերպել, որ 1in.am-ի լրագրողը նրան «պատահաբար» հանդիպի խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ եւ տեսահարցազրույց վերցնի, ու՞մ է ձեռնտու եղել, որպեսզի «Ռեւազը» ոստիկանությունից դժգոհությունը վերահասցեագրի առհասարակ Արցախի իշխանություններին եւ հատկապես՝ Ազատ հայրենիք կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանին: Հայաստանում իշխանափոխությունից անցել է շուրջ մեկուկես տարի, իսկ «Ռեւազի» բողոքը տարիների  պատմություն ունի: Ինչու՞ նա այդ հարցով Երեւան է ուղեւորվել ոչ թե անցյալ տարվա ամռանը կամ աշնանը, 2018 թվականին՝ առհասարակ, այլ՝ հենց հիմա, երբ Արցախում ոչ պաշտոնապես, բայց մեկնարկել է նախագահական ընտրարշավը, իսկ ֆավորիտն ԱՀ կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանն է: Իրազեկ աղբյուրներն ասում են, որ «Ռեւազը» Երեւան մեկնելուց առաջ «ինստրուկտաժ» է անցել Ստեփանակերտում: Տեղեկություններ կան, որ նրան նախապատրաստել են ԱՀ նախագահի հավանական թեկնածուներից մեկի գրասենյակում: Կոնկրետ՝ ու՞մ, առայժմ չենք հրապարակայնացնում: Մինչդեռ տպավորություն կար, որ վարչապետ Փաշինյանի Արցախ այցելությունից հետո որոշակի հանդուրժողականության մթնոլորտ է ձեւավորվել եւ քաղաքական ուժերը, կարծես, պայմանավորվել էին «գոտկատեղից ներքեւ չխփել»: 1in.am-ի կազմակերպած տեսահարցազրույցը չեղարկում է ներարցախյան համաձայնությունները: Ու՞մ է դա ձեռնտու՝ մնում է ենթադրել: Իսկ ո՞րն է այդ «խաղում» իրեն հեղափոխական իշխանությանը քարոզչական սատար հռչակած լրատվամիջոցի շահը: Ու՞մ եւ ինչպե՞ս է սպասարկում 1in.am-ը, որի հիմնադիրն Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացնում: «Ռեւազի» երեւանյան արկածների մասին հավելյան տեղեկություններ ունենալու դեպքում մենք անպայման կփորձենք գտնել այս եւ այլ հարցերի պատասխանները: