Ոչ մի պաշտոն չմնաց, որ վարչապետը գործիք չդարձնի իր ձեռքին

Մեկ շաբաթ առաջ մենք տեղեկություն էինք ստացել, որ Մարդու իրավուքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարական է պատրաստվում ներկայացնել, սակայն նրա խոսնակը հերքում էր այդ լուրերը՝ նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր անսպասելիորեն հաստատվեցին այդ լուրերը՝ ՄԻՊ-ը հրաժարական տվեց, այդ մասին դիմում ուղարկելով ԱԺ։
Մենք զրուցել ենք Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
- Տիկին Ալավերդյան, ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պաշտոնավարման մեկ տարին չբոլորած հրաժարական ներկայացրեց: Ինչպիսի՞ օմբուդսմեն էր նա:
- Մարդու իրավունքների պաշտպանն ըստ իս ոչ թե պաշտոն, այլ առաքելություն է: Չգիտեմ ինչու և ինչպես հրաժարական ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանը, սակայն ես վրդովված եմ նման մոտեցումից: Հեռանալ այդ առաքելությունից ինձ մոտ բացասաբար է ընկալվում: Երբ հեռանում էր Կարեն Անդրեասյանն, այդ ժամանակ ևս վրդովվեցի: Սա մոտեցման հարց է ու շատ վատ է:
- Մեր ունեցած տեղեկություններով, Քրիստինե Գրիգորյանին ԲԴԽ-ում պաշտոն են պատրաստվում տալ: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ակնհայտ քաղաքական համագործակցության չի նմանվում այս ամենը:
- Լեհաստանի առաջին ՄԻՊ-ին առաջարկել էին անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնել, սակայն նա մերժել էր, ասելով, որ Մարդու իրավունքների պաշտպանից հետո Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից բացի, այլ որևէ պաշտոն չի ընդունելու: Նրա կարծիքով` ՄԻՊ-ից հետո նախագահ նշանակվելն իջեցում է, ես ևս այդպես եմ կարծում: Ինչ վերաբերում է Քրիստինե Գրիգորյանի կուսակցական լինելուն, ապա նա չէր էլ թաքցնում այդ հանգամանքը: Ես չեմ կարծում, թե այս կամ այն կուսակցության անդամ լինելը, կամ համագործակցությունն ինչ-որ կուսակցության հետ պիտակավորում է, սակայն անձը իր կեցվածքով, գործողություններով ու խոսքերով կարող է կուսակցականացված լինելու հանգամանքին տալ դրական, կամ բացասական երանգ:
- Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը պետք է անկուսակցական անձ զբաղեցնի, սակայն մենք հասկանում ենք, որ վարչապետն այդ պաշտոնում տեսնում է միմիայն իր համախոհներին:
- Ես այդ անձի` վարչապետի մասին չեմ ցանկանում խոսել: Ցավալի է, երբ ազգային շահերը վերածվում են ներկուսակցական, կամ ներխմբակային շահերի: Շատ ցավալի է, սակայն ոչ մի պաշտոն չմնաց, որ վարչապետը գործիք չդարձնի իր ձեռքին:
- Ո՞ւմ եք պատկերացնում այդ պաշտոնում:
- Արման Թաթոյանին: Նա եղել է ՄԻՊ և շատ հանգիստ կարող է առաջադրվել նորից:
Կարծիքներ