Քառակուսի հեկտա՞ր 

Քառակուսի հեկտա՞ր 

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է իմ «Ուրացողության մասին» հրապարակմանը:  Նախ ինձ անճշտություն է վերագրել՝ ասելով, որ ապրիլյան օրերին Արցախ է այցելել, բայց՝ զինադադարից հետո: Ընդ որում՝ արտասահմանյան պատվիրակություն է տարել Ստեփանակերտ:

Չգիտեմ, գուցե ճիշտ է ասում: Բայց «Արմենիա» հյուրանոցի սրճարանում ես նրան տեսել եմ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի հետ: Դա հազիվ թե զինադադարից հետո լիներ, քանի որ, որքան հիշում եմ, Հայաստանի հանրային եւ այլ հեռուստաընկերությունների շարժակայանները դեռեւս տեղում էին, իմ հարցազրույցը գնում էր ուղիղ եթեր: Բայց դա էական նշանակություն չունի մեր խոսակցության առարկայի համար: Ես էլ փակագծեր չեմ բացի:

Այնուհետեւ պարոն Շարմազանովն ասում է, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Վազգեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատել են, երբ նա նախագահ էր: Ե՞րբ, որտե՞ղ՝ հանրությունը չգիտի: Բայց դա էլ կարեւոր չէ: Իմ ասածն այն է, որ 1998-2018թ.թ. Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը խմբագրվել է: Պետական մակարդակով ուրացվել է առաջին նախագահի վաստակը: Պարոն Շարմազանովն ինձ հարցնում է. «Վազգեն Սարգսյա՞նն էլ է ուրացել»: Պատասխանեմ՝ ոչ: Վազգեն Սարգսյանն ասել է, որ հեռանալով՝ Տեր-Պետրոսյանն իրենց վրա ծանր պարտականություն է դրել՝ ապացուցել, որ իրենք ճիշտ էին: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը նման պատասխանատու եւ, ըստ էության առաջին նախագահին բարձր գնահատող, խոսք չեն ասել: Ինչ վերաբերում է անմիջական հրամանատարին ուրանալուն, Արցախի նախագահն այսօր ֆեյսբուքյան գրառումով այդ թեման փակել է: Ավելացնելու ոչինչ չունեմ: Վերջում պարոն Շարմազանովն ասում է, որ Սերժ Սարգսյանի՝ որպես ինքնապաշտպանության ուժերի հրամանատար եւ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի նախագահ լինելու ժամանակահատվածում ազատագրվել է 760 հազար քառակուսի հեկտար տարածք: Ասեմ, որ պարոն Շարմազանովը, թեեւ մասնագիտությամբ պատմաբան, մեր ոչ այնքան հեռավոր անցյալը լավ չգիտի: Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու վաստակը ոչ ոք չի ուրանում: Բայց երբ տարածքներն ազատագրվում էին, առաջինը Հայաստանի պաշտպանության նախարարն էր, երկրորդը՝ ԼՂՀ ՊՊԿ նախագահ: Իսկ հեկտարը քառակուսի չի լինում: Տասը հազար քառակուսի մետրը մեկ հեկտար է: