Բա եթե Արցախի երկինքն անպաշտպան էր, դու էլ վարչապետ էիր, բա խոսեիր դրա մասին․Ուրացողության մասին -2

Բա եթե Արցախի երկինքն անպաշտպան էր, դու էլ վարչապետ էիր, բա խոսեիր դրա մասին․Ուրացողության մասին -2

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը պատասխանել էր ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի  այս վերնագրով գրառմանը. «Այսօր իր հրամանատարին ուրացողը վաղն ու՞մ է ուրանալու»։

Վահրամ Աթանեսյանը մեկնաբանելով, որ հրամանատարի ակնարկը վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ ուրացողը՝ Արայիկ Հարությունյանին,  «իրազեկվածների» համար հարկ է ասել, որ Հայաստանի նախագահն Արցախի վարչապետի հրամանատարը չէր, իսկ ահա Հայաստանի նախագահը Հայաստանի պաշտպանության, ապա եւ ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարարի անմիջական հրամանատարն էր, ում 1998-ին նա ուրացավ եւ շարունակում է ուրանալ քաղաքական մի ամբողջ թիմով, որը ղարաբաղյան պատերազմի բոլոր հաջողությունները վերագրում է իրեն:  

Նաև՝ թերությունների մասին խոսելը  չի նշանակում ուրանալ: Վահրամ Աթանեսյանն իր անդրադարձը եզրակափակել էր հետգրությամբ, որում պատմել էր, որ Ապրիլյան պատերազմի օրերին,  ենթադրաբար՝ ամսի 4-ի երեկոյան, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում  հանդիպելով ու ողջագուրվելով  Էդուարդ Շարմազանովի հետ, բոլոր պայմանականությունները թողած, հարցրել է, թե պատերազմ վարելու ի՞նչ ժամանակի ռեսուրսներ ունենք։ «Նա մի թիվ ասաց, որից մնացի ապշահար: Հաջորդ օրը հայտարարվեց զինադադար»,-գրել է Աթանեսյանը։

«Հրապարակի» հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն էլ բացեց որոշ փակագծեր։ Անձնական հանդիպման մասով։ Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ 2016 թ․ ապրիլի սկզբներին, ո՛չ ամսի 4-ին, ո՛չ որևէ այլ օր մինչև զինադադարը, մեծ ցանկության դեպքում չէր կարող լինել Արցախում։ «Չի համապատասխանում իրականությանը, չասեմ՝ սուտ է։ Կան տեսանյութերը, ես եղել եմ Ազգային ժողովում՝ որպես այն ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակատար, նիստերը ես եմ վարել։ Ապրիլի 4-ից 7-ը ԱԺ նիստեր են եղել, ես ո՞նց եմ Ղարաբաղում եղել։ Արցախում եղել եմ ամսի 8-ի երեկոյան և մեկնել եմ ոչ թե ոմանց նման սելֆիներ անելու, այլ Լատվիայի և Հունաստանի իմ գործընկեր պատգամավորների հետ գնացել ենք Արցախ, հանդիպել Արցախի ղեկավարության հետ։ Թող անհամեստություն չլինի, բայց միակն եմ եղել, որ կարողացել եմ էդ ժամանակահատվածում արտասահմանցի իմ գործընկերներին հրավիրել Արցախ, ինչի համար էլ նրանք  դարձել են պերսոնա նոն գրատա Ադրբեջանում»։

Էդուարդ Շարմազանովի պարզաբանմամբ՝ ինքն, այո, Արցախում հանդիպել է Վահրամ Աթանեսյանին։ Բայց նորից՝ զինադադարից հետո։ «Վահրամի հետ էլ հազարումի բան կարող ենք խոսացած լինել, բայց միայն այն, որ դա զինադադարից հետո է եղել, խոսում է այն մասին, որ իր այդ երկիմաստ բաները ուղղակի ծիծաղելի են»։

Հրամանատարության մասին․ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է․ «Կարծում եմ՝ հանրությանը մոլորության մեջ գցելու ու մանիպուլացնելու հարկ չկա։ Խոսքը պաշտոնների մասին չի եղել՝ Արցախի վարչապետի ու Հայաստանի նախագահի։ Խոսքը եղել է անձերի մասին։ Սերժ Սարգսյանը որպես ինքնապաշտպանական ուժերի հրամատար, եղել է այդ թվում՝ նաև Արայիկ Հարությունյանի հրամանատարը։ Բոլոր նրանց, ովքեր ընդգրկված են եղել կամավորական զինված ջոկատներում։ Մենք Արայիկ Հարությունյանի կենսագրությունից գիտենք, որ ինքը  Սամվել Կարապետյանի ջոկատի կազմում մասնակցել է ռազմական գործողությունների։ Ես մի կողմ կդնեմ Արայիկ Հարությունյանի բարձր գնահատականները Սերժ Սարգսյանի անձի վերաբերյալ, բայց այն, որ Սարգսյանը, որպես ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, եղել է նաև Արայիկ Հարությունյանի հրամանատարը, փաստ է և կարիք չկա այն մանիպուլացնել և տանել այլ հարթություն»։ Էդուարդ Շարմազանովը նաև հարցնում է, թե ինչու Արցախի այն ժամանակվա վարչապետ Արայիկ Հարությունյանը, երբ Ապրիլյանը նոր էր, ինչո՞ւ չի խոսել Ստեփանակերտի անպաշտպան օդուժի մասին և «սպասել, որ օրվա իշխանությունը հեռանա և ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար նման հայտարարություն անելու համար»։ Նա հավելում է՝ բա եթե անպաշտպան էր, դու էլ վարչապետ էիր, բա խոսեիր դրա մասին, ի՞նչու չես խոսել, ի՞նչն է քեզ կաշկանդել։

Բոլոր փոխադարձ մեղադրանքների համատեքստում պրն Շարմազանովը հավելեց․ «Ռոբերտ  Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Վազգեն Սարգսյանը 98-ին իրենց անհամաձայնությունը հայտնել են գործող նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգի վերաբերյալ։ Գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Եվ հոդվածագրին առաջարկում եմ այս երկու տարբերությունները շատ հստակ տեսնել։ Կրկնում եմ՝ եթե Արայիկ Հարությունյանն իր հայտարարություններն աներ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, ի դեպ, էն ժամանակ Արցախի վարչապետ էր, մեզ հետ էլ ամբողջ օրը կապի մեջ էր։ Դո՞ւք լսել եք նրանից նման որևէ հայտարարություն»։ Ամփոփելով՝ ՀՀԿ-ական գործիչն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի հետ անհամաձայնությունը հրապարակավ հայտնել են նրա պաշտոնավարման ժամանակ, ոչ թե ոմանց նման՝ սպասելով, որ նախագահը հրաժարական տա, նոր «մի քանի տարուց հետո, որ սենց բան կար»։ 
Տեր -Պետրոսյանին ուրացության մասով․«Մտածում է ինքը, որ Վազգեն Սարգսյանն է՞լ է ուրացել Տեր-Պետրոսյանին։ Հա՞։ Դա է ուզում ասի»։

Էդուարդ Շարմազանովը ամփոփելով ասաց՝ անընդունելի է, որ Արայիկ Հարությունյանը փորձում է բարոյականության դասեր տալ։ Ի դեպ, ասաց, որ որպես անձ, որը իր գիտակից կյանքի մի մասը նվիրել է Արցախի միջազգային ճանաչմանը, հաճույքով չէ, որ անդրադառնում է ու քննադատում Արցախի նախագահին, գիտակցելով, որ դրանից կուրախանան ադրբեջանցիները։ Եվ մի «ի դեպ»․ «Եվ չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի՝ որպես ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի և Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի նախագահ լինելու ժամանակահատվածում ազատագրվել է 760 հազար քառակուսի  հեկտար տարածք»։