Դռնեդուռ ընկած Ադրբեջան

Դռնեդուռ ընկած Ադրբեջան

Արդեն հաստատված է, որ «Նեզավիսիմայա գազետայի» գլխավոր խմբագրի երկու տեղակալներն ազատված են աշխատանքից: Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարությունը դիմել է ՌԴ պատկան մարմիններին՝ միջնորդելով դադարեցնել թերթի դեմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի եւ Ռուսաստանի հայերի միության պահանջով սկսված քննությունը: Բայց ադրբեջանական կողմն իր «բարձրության» վրա չէր լինի, եթե նենգամտություն չաներ, նա պահանջում է, որ ռուսաստանյան իրավապահներն «ապահովեն ադրբեջանցի լրագրող Լեւ Ասկերովի անվտանգությունը»: Խոսքը Սումգայիթի ջարդերի կեղծարարի մասին է, որ, պարզվում է, իր կես-հրեա եւ կես-ադրբեջանցի ծերունական գոյությունը քարշ է տալիս Մոսկվայում: Բայց Մոսկվայի ադրբեջանական համայնքի հայտարարության մեջ առավել աչքի ընկնող պահ կա՝ հղում ԽՍՀՄ դատախազության հատուկ կարեւոր գործերով նախկին քննիչ Կանլինիչենկոյի ,«О Сумгаите из первых уст» գրքին, որտեղ, իբր, ասված է, որ սումգայիթյան ջարդերը հայերն են կազմակերպել: Համացանցում որոնումը պարզեց, որ նման գիրք Կալինիչենկոն չի հեղինակել: «О Сумгаитских событиях из первых уст» վերտառությամբ գրքույկի հեղինակն ադրբեջանցի է, լրագրող Սաադաթ Կադիրովան։

Դա Կալինիչենկոյի հետ մի երկարաշունչ հարցազրույց է, որի ընթացքում լրագրողն առնվազն հինգ անգամ շոշափում է ջարդերն Էդուարդ Գրիգորյանի կողմից կազմակերպված լինելու թեման եւ ամեն անգամ ստանում քաղաքավարի, բայց շատ ենթատեքստային մերժում: Կալինիչենկոյի պատասխաններում գերիշխում է հետեւյալը՝ այո, եղել են ջարդեր, հայերին սպանել են, խոշտանգել, բայց դա ցեղասպանություն չի կարելի համարել, որովհետեւ գտնվել են ադրբեջանցիներ, որ վտանգել են իրենց կյանքը, փրկել հայ հարեւանին: Տիպիկ խորհրդային մտածողությամբ մարդու պատասխան, քննիչի պատասխան, որ խոստովանում է, որ իրենց հրահանգված է եղել ջարդերի կազմակերպիչների մասով քննության չտանել, որ ձեռք բերված ապացույցներն ստիպել են հանձնել ՊԱԿ-ին, որ ամեն ինչ կոորդիանցրել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հինգերորդ գլխավոր վարչության պետ գեներալ Բոբկովը: ՄԻ խոսքով, մարդն այնքան բարոյականություն է ունեցել, որ չի տրվել ադրբեջանական սադրանքին եւ բառ իսկ չի ասել ջարդերը հայերի կողմից կազմակերպելու եւ իրականացրած լինելու մասին: Կարելի է փաստել, որ «Նեզավիասիմայա գազետայի» թեմայով Ադրբեջանը հայտնվել է չափազանց անհարմար վիճակում՝ մեղմ ասած: Եւ դռնեդուռ ընկած՝ փորձում է իր անմարդկային կեցվածքին հիմնավորումներ գտնել: Արդյունքում ստացվում է, որ վկայակոչած աղբյուրը հերքում է իրենց իսկ հորինած «ապացույցները»: