Նիկոլ Փաշինյանի «խորհրդավոր ընթրիքը»

Նիկոլ Փաշինյանի «խորհրդավոր ընթրիքը»

Երբ 2019թ. օգոստոսին, Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիեի վանքի սեղանատան պատին ես տեսա Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» հսկայածավալ որմնանկարը, այն ինձ գամեց տեղում, թեպետ այն եւ մյուս որմնանկարը դիտելու համար 15 րոպե էր տրվում այցելուների յուրաքանչյուր խմբի: Միլանն այդ օրերին ապրում էր Լեոնարդոյով. 2019թ. լրանում էր նրա մահվան 500-րդ տարելիցը: Որմնանկարին կից ուղեցույցը հուշում էր, թե ինչպես տարբերել Հիսուսի 12 առաքյալներին՝ ըստ անունների եւ հերթականության: Այցելուներն առաջին հերթին փնտրում էին Հուդա Իսկարիովտացուն, որը Գեթսեմանի պարտեզում համբույրով մատնեց Հիսուսին: Խաչելությունից առաջ, Քրիստոսի Խորհրդավոր՝ Վերջին Զատկի ընթրիքի ընթացքում, Հիսուսը, լվանալով իր 12 առաքյալների ոտքերը, մարգարեանում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն Ինձ մատնելու է»: Պետրոս Առաքյալը մինչեւ արեւածագ հասցնում է ուրանալ Տիրոջը, իսկ Հուդան 30 արծաթով մատնում է Հիսուսին: 

Ես չգիտեմ, թե 2019թ. նոյեմբերին Միլան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց այցի ընթացքում Փաշինյանը տեսե՞լ է, արդյոք, «Խորհրդավոր ընթրիքը»: Եթե անգամ չի տեսել, փույթ չէ, ինչպես նա է անվերջ գովազդում եւ հիշեցնում՝ Ryanair-ով այժմ կարելի է 50 եվրոյով երկկողմանի ավիատոմս գնել եւ շաբաթավերջի երեք օրերը ողջ ընտանիքով մեկնել նրբաճաշակ Միլան՝ առանց պետական բյուջեին իր թանկաժեք թռիչքներով վնաս պատճառելու եւ առանց պաշտոնական այցերի արարողակարգային պարտադրանքի՝ տեսնելու Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր որմնապատկերը:

Թեպետ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը տեսե՞լ է «Խորհրդավոր ընթրիքը», սակայն հայտնի է, որ նա ժամանակ առ ժամանակ Սուրբ Գիրք է կարդում: Համենայնդեպս, այս տարվա մարտի 3-ին, Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում այդ մասին նա իրազեկեց թիֆլիսահայությանը: Աստվածաշնչում Նիկոլը փնտրում է իր քաղաքական հարցերի՝ կառավարման անարդյունավետության եւ սխալների պատճառները, ինքնախարազանման տատասկոտ եւ ինքնաարդարացման հանգստաբեր ուղիները: Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի ժամանակներից հետո Նիկոլ Փաշինյանի միտքն ու սիրտն այժմ հայտնվել են քրիստոնեական ժամանակներում եւ աստվածաշնչյան ընթերցումներում:

Թիֆլիսյան հանդիպումից պարզ դարձավ նաեւ, որ հեղափոխական վարչապետը, բացի «ասֆալտին փռելու», «թաթիկները կտրելու» մարտաշունչ սպառնալիքներից՝ նաեւ տվայտանքների պահեր է ապրում՝ դավաճանության հանդիպելիս եւ դավաճանների հայտնաբերման փշոտ ճանապարհին: Թիֆլիսյան հանրային ինքնախոստովանությունն այս անգամ վերաբերում էր իր կադրային քաղաքականությանը: Այն կադրային քաղաքականությանը, որի հանդեպ հենց մեր քննադատությունները ժամանակին փորձում էին սրախողխող անել ոչ միայն Փաշինյանի թիմակիցները, այլ իրական եւ կեղծ հեղափոխականներից շատերը: Այն կադրային քաղաքականությունը, որի ընտրության մեթոդները, կադրային զտումը եւ սկզբունքների, արժեքների, գաղափարների, փորձառության մերժումը ես ներկայացնում էի ոչ հեռավոր 2018թ. նոյեմբերին՝ «Հավատաքննություն ՔՊ-ական ձեւով» վերնագրյալ իմ հոդվածում: Այն կադրային քաղաքականությունը, որը եթե սկզբում դեռ երկչոտ քննադատում էին ոմանք, ապա այժմ կոշտ քննադատում է հանրության մեծ մասը: 

Սեփական կադրային քաղաքականության քննադատությամբ այժմ Նիկոլ Փաշինյանն է հանդես գալիս՝ թիֆլիսահայության հետ հանդիպման ընթացքում նկատելով. «Ես չեմ կարող ասել, որ մեր կադրային քաղաքականությունն իդեալական է: Մենք իդեալական չենք, եւ դա լավ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչը իր սխալներն են: Սխալն առաջընթացի կարեւորագույն գրավականն է: Եթե մեր կառավարության գործող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ուրեմն դա ինքնախոստովանություն է: Եվ դա մեր սխալն է, մեր թերությունն է: Երբ խոսում էի դավաճանների եւ դավաճանության մասին, դա նույնպես խոստովանություն է, դա սխալի խոստովանություն է, դա սխալն ընդունել է»:

Հանրության բացարձակ վստահության պայմաններում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրականացրած ապաշնորհ քաղաքականության հետեւանքով է հեղափոխական վարչապետը «հավաքել» ցածր ինտելեկտով, փորձառության եւ գիտելիքների պակասով Ազգային ժողովի ներկա ողջ կազմը: Այդ կադրային քաղաքականության հետեւանքով է, որ դեռեւս շատ երիտասարդ, անփորձ կադրերը, որոնք նախկինում երբեւէ իշխանության մաս չեն կազմել, հայտնվելով կառավարությունում, մեկեն տրվում են իշխանության գայթակղությանը՝ հայտնվելով կաշառակերության, կոռուպցիայի շոշափուկներում:     
Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը՝ հարկ է առանձնացնել այն սկզբունքներն ու տրամաբանությունը, որոնցով նա առաջնորդվում է կադրային նշանակումներ իրականացնելիս: Դրանք են՝ 

- կադրերը պետք է կառավարման կամ քաղաքական փորձառություն, կենսագրություն չունենան, 
- եթե փորձառություն ունենան, ապա այն պետք է ձեռք բերեին ՀՀԿ-կառավարման ընթացքում,
- լինեն ապաքաղաքական, ապագաղափարական եւ սկզբունքներից զուրկ,
- լինեն կառավարելի, առարկության, դիմադրության անընդունակ, 
- անձնական, անմնացորդ, անառարկելի նվիրվածություն ցուցաբերեն իր՝ Փաշինյանի հանդեպ: 

Կադրային քաղաքականության այսօրինակ սկզբունքների ընտրության պայմաններում դժվար է ասել, թե «դավաճանություն» ասելով, Փաշինյանն ի՞նչ նկատի ունի. դավաճանել են իրե՞ն, հեղափոխությա՞նը, թե՞ պետությանը: 

Վաղուց ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանություն անի նաեւ իր մյուս ձախողումների մասին՝ բարձրաստիճան պաշտոնյաների հսկայական հավելավճարների, բյուջեի մսխման, քաղաքական օրակարգի եւ պետության ռազմավարության բացակայության, անփոփոխ արտաքին քաղաքական ուղեգծի մասին: Թեպետ խնդիրը ոչ այնքան ինքնախոստովանությունն է, որքան դասեր քաղելն ու սխալներն ուղղելը:

Կադրային քաղաքականությունը ՀՀ բոլոր իշխանությունների աքիլլեսյան գարշապարն է եղել, որին անվերջ գայթել են ոչ միայն իշխանությունները, այլեւ՝ պետականաշինությունը: 1997թ. սեպտեմբերյան մամլո ասուլիսում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցրեցի, թե հնարավորության դեպքում իր կառավարման ժամանակահատվածի ո՞ր սխալը կուղղեր այժմ, վերջինս անդրադարձավ կադրային նշանակումներին: Ավելի ուշ պարզվեց, որ դրա համար նա այլեւս ժամանակ եւ հնարավորություն չունի:

Ինչպես Տեր-Պետրոսյանին, այնպես էլ Փաշինյանին տրված է կառավարման որոշակի ժամանակահատված: Այդ ժամանակն անվերջ չէ եւ արագորեն սպառվում է: Նույնիսկ իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակը սպառվեց: Պետության ղեկավարներն իրենց ետեւից թողնում են պետությունը եւ հանրությանը՝ ուժեղացրած կամ թուլացրած, թողնում են ափսոսանքը, ինքնախոստովանությունները՝ մտովի թե բարձրաձայն, ձախողումների,  չիրականացված խոստումների, սխալների համար: Եվ այդ սխալների մեջ կադրային քաղաքականությունը Հայաստանում միշտ զբաղեցրել է, տվյալ դեպքում՝ անպատվաբեր առաջին հորիզոնականը։

Թիֆլիսյան վերջին հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կեսկատակ ամփոփեց իր ինքնախոստովանությունը կադրային քաղաքականության մասով.  «Երբ հետո այդ թեմայով մեկ-մեկ մտածում, տանջվում եմ, ինձ էլի օգնության է գալիս Սուրբ գիրքը՝ Ավետարանը: Ես ասում եմ, որ եթե դու ի վիճակի չես այնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ դավաճանություն չլինի, որքանո՞վ ես ի վիճակի ղեկավարել երկիրը, ղեկավարել կառավարությունը: Բայց նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ, պարզվեց, կան: Եթե նույնիսկ  Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ կան, եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, ապա մեծամտություն կլիներ մտածել, թե որեւէ վարչապետ կամ, կոնկրետ ես, կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»։

Նիկոլ Փաշինյանը թեպետ Քրիստոսը չէ, ինչպես երբեմն ինքն է կարծում, սակայն նա էլ մի օր խորհրդավոր ընթրիք է հրավիրելու: Այդ խորհրդավոր՝ վերջին ընթրիքին հաջորդելու է արեւածագը՝ ուրացմամբ, դավաճանությամբ, մատնությամբ:  Բայց խնդիրը Փաշինյանի անձը չէ: Խորհրդավոր ընթրիքին միշտ հաջորդում է այն արեւածագը, երբ ավելի պարզ է դառնում է, որ ձախողվել են ոչ միայն իշխանությունը, այլեւ նրա հետ եւ նրա պատճառով՝ նաեւ հայոց անկախ պետականությունը: 
Ի վերջո, Բարձրյալը կարող է ներել, հուսախաբված հանրությունը՝ երբեք: