Հեռուստաընկերությունը գործելու է ինտերնետային հարթակում` Յութուբ, Ֆեյսբուք, Տելեգրամ, Ինստագրամ

Հեռուստաընկերությունը գործելու է ինտերնետային հարթակում` Յութուբ, Ֆեյսբուք, Տելեգրամ, Ինստագրամ

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հեռուստատեսության ֆեյսբուքյան էջից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռուստաընկերությունը փոքր կազմով սկսում է իր գործունեությունը, սակայն նշված չէ, թե ինչ ֆորմատով, ինչ պարբերականությամբ, ինչ թեմատիկայով և այլն: Հեռուստատեսությունը ե՞րբ կվերսկսի իր աշխատանքը, այս մասին զրուցել ենք Արցախի հեռուստաընկերության համակարգող Նարեկ Սահակյանի հետ: 

- Ի՞նչ ֆորմատով է հեռուստաընկերությունը գործելու, յութուբյա՞ն, թե այլ հեռուստաընկերության հետ կից:

- Հեռուստաընկերությունը գործելու է ինտերնետային հարթակում` Յութուբ, Ֆեյսբուք, Տելեգրամ, Ինստագրամ և այլն: Նախաձեռնությունը Արցախի Հանրային հեռուստաընկերության կոլեկտիվի մի խումբ անդամներինն է: Փորձելու ենք հիմնականում արցախահայությանը մտահոգող հարցեր բարձրացնել, ինչպես անել քայլեր ինքնության պահպանման, մշակույթը, բարբառը պահպանելու ուղղությամբ: Արցախցիներին հուզող հիմնական հարցերին փորձելու ենք պարբերաբար տալ օպերատիվ և օբյեկտիվ պատասխաններ, տեղեկություններ:

- Ինչո՞ւ որևէ հեռուստաընկերության հետ չեք համագործակցում: Օրինակ` տարիներ առաջ Միքայել Մինասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությունում «Ա1+»-ին ժամեր էր հատկացրել: Այնուամենայնիվ հեռուստաընկերություններն ունեն կայուն ու մեծ լսարան, որքան էլ տեխնոլոգիական առաջնթաց արձանագրենք:

- Մենք ունենք ռեսուրսների խնդիր` ֆինանսական ռեսուրսների խնդիր, մյուս կողմից էլ 21-րդ դարում ինտերնետային հարթակը բավականին արդյունավետ հարթակ է` մարդկանց իրազեկելու առումով, այս փուլում օգտագործելով Արցախի Հանրային հեռուստաընկերության սոցիալական էջերը, փորձելու ենք գործի դնել և դրանց միջոցով աշխատել: Մեր նպատակը ոչ թե ուղղակի հեռուստատեսային եթեր մտնելն ու ներկայություն ապահովելն է, այլ ինֆորմացիա տալն է: Այնպես չէ, որ քիչ մարդ կհետեևի համացանցում:

- Թիմում ովքե՞ր են ներգրավված և ի՞նչ աշխատանք են կատարելու։

- Թիմում ներգրավված են Արցախի Հանրային հեռուստաընկերության մի խումբ անդամներ, նրանց նախաձեռնությամբ է այս ծրագիրը կյանքի կոչվել, թիմի հիմնական անդամները նրանք են, ովքեր կան մեր հրապարակած տեսանյութում, ինչպես նաև օպերատորական և ռեժիսորական անձնակազմը: Առաջիկա օրերին հեռուստաընկերությունը կգործի, կլինեն հրապարակումներ: Կլինեն հեղինակային հաղորդումներ, ինչպես նաև լրատվական ռեպորտաժներ: