Ռուսաստանում բարձրացնում են գազի գինը, բայց դա Հայաստանին չի վերաբերում

Ռուսաստանում բարձրացնում են գազի գինը, բայց դա Հայաստանին չի վերաբերում

Ռուսաստանի իշխանությունները նախաձեռնել են գազի գնի ռեկորդային թանկացում: Կառավարությունը որոշել է հուլիսի 1-ից գազի գինը բարձրացնել 11,2% տոկոսով: Սա գազի գնի վերջին 10 տարվա ամենակտրուկ թռիչքն է: Սա մեծածախ գինն է, իսկ մանրածախը կարող է թանկանալ մինչև 23 տոկոսով:

Նմանատիպ թանկացում տեղի է ունեցել նաև 2013 թվականին, երբ գազի տարիֆները միանգամից բարձրացան 13 տոկոսով: 

Պաշտոնապես ՌԴ կառավարությունը սա հիմնավորում է բնական գազի անխափան մատակարարումների ապահովմամբ, բայց բոլորը գիտեն, որ իրական նպատակը «Գազպրոմ» ընկերության ֆինանսական վիճակի բարելավումն է: 

Ընկերությունը գերկորուստներով է աշխատել վերջին տարիներին, այն աստիճանի, որ «Գազպրոմի» բաժնետերերը տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ որոշում են կայացրել հրաժարվել 2023 թվականի դիվիդենտների վճարումից: Չնայած սրան ՌԴ նախագահը պարբերաբար խոսում է «Գազպրոմի» հաջողությունների մասին: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը վստահեցնում է, որ ռուսական գազի թանկացումը չի կարող անդրադառնալ Հայաստան առաքվող գազի գների վրա: «Սա Ռուսաստանի ներքին գինն է: Սահմանին վաճառվող գազի գինը կապ չունի սպառողներին վաճառվող գազի գնի հետ: Մենք ունենք միջպետական համաձայնագիր, որով 165 ԱՄՆ դոլար գին է սահմանված 1000 խմ գազի, ըստ կալորիականության, և բացի դա հայկական կողմը մոտ 34,5 մլն ԱՄՆ դոլար պետք է տա «Գազպրոմ Արմենիային» որպես փոխհատուցում հինգերորդ էներգաբլոկի համար: Պայմանավորվածության համաձայն մեր գազի գինը սահմանի վրա գալիս է մոտ 190 ԱՄՆ դոլար 1000 խմ –ի համար, բայց սակագնի հաշվարկում դրված է 175 դոլար, ներառյալ կալորիականությունը: Մենք տասը տարվա պայմանագիր ունենք», - ասում է Պարսյանը: 

Նա չի բացառում, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել հայկական կողմից տրվող փոխհատուցումից և բարձրացնել գազի գինը, սակայն քիչ հավանական է համարում այս սցենարը: «Այս պահին համաշխարհային շուկայում գազի և նավթի գները ցածր են, և հազիվ թե Ռուսաստանը գնա այդ քայլին»: 

Հիշեցնենք, որ կառավարությունը խոստացել է, որ 2024 թվականին ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվելու: