Ճշտի ու սխալի մասին

Ճշտի ու սխալի մասին

Սերժ Սարգսյանն էր, չէ՞, ժամանակին ասում, որ Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ: Շատ ավելի ուշ փորձեց բացատրել, թե Նիկոլը լավ մարդ չէր, բայց քանի որ ժամանակը հենց նման մարդկանց էր առաջ քաշում, սխալ դուրս եկավ ինքը: Թե ինչ նկատի ուներ իրականում՝ այդպես էլ չիմացանք: Մեկ-մեկ մտածում եմ, որ սերժական ճշտի ու սխալի խնդիրը կապ ունի նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հետ: Սերժը խոստացավ այլևս չհավակնել երկրի ղեկավարի կարգավիճակին, սակայն դրժեց իր խոսքը. դա իր սխալն էր: 2015 թվականի քարոզարշավի օրերին Նիկոլը չմիացավ ընդդիմադիր օրակարգին՝ փոփոխությունների հարցը հայտարարելով կեղծ օրակարգ: Իսկ 2018-ին օգտվեց հենց այդ փոփոխությունների ընձեռած հնարավորությունից ու Սերժին մերժելով՝ նրան ստիպեց հրաժարական ներկայացնել: Ու արդյունքում կարգվեց վարչապետ ԱԺ-ում Սերժի ղեկավարած կուսակցության անդամների ձայների շնորհիվ. դա էլ Նիկոլի ճիշտն էր: Թե որքան է իրականին մոտ այս վարկածը՝ մի օր երևի կիմանանք, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը վերջապես անկեղծորեն խոսի դրա մասին: 

Բայց Սերժը մի բան ճիշտ էր ասել. այն, որ ինքը սխալ էր: Եթե այդպես չլիներ, ապա համարյա թե ազգովի չէր մերժվի: Ուրիշ հարց, որ հիմա ևս ազգովի (կամ գոնե դրա գիտակից ու հայրենասեր մասը) մտածում ենք, թե էս ինչ բերեցինք մեր գլխին՝ երբ հանրապետականին ստիպեցինք վարչապետ կարգել Նիկոլին: Բայց դե, եղածն արդեն ուղղել չենք կարող, ու ստիպված ենք կռիվ տալ դրա հետևանքների դեմ: Դա էլ մեր սխալն էր: Եվ ստացվում է, որ 2018-ի ապրիլին Սերժը սխալվում էր, երբ ճիշտ էր համարում Նիկոլին: Ասելով, որ ես սխալ եմ՝ ինքը փաստորեն ճիշտ դիտարկում էր արել իր առումով: Բայց Նիկոլի առումով ասելով, որ նա ճիշտ է՝ ինքը սխալվել էր: Ոնց հասկանում եմ, ստացվեց տրամաբանական աննորմալ մի բան, ինչի համար հայցում եմ «Հրապարակ»-ի ընթերցողների ներողամտությունը: Բայց մեծ հաշվով ներկայացվածը մեր այսօրվա կյանքի իրական պատկերն է՝ որքան էլ այն նմանվի ծուռ հայելիների արտացոլած իրականությանը: Եվ հենց դա սրբագրելու համար է այսօր քաղաքական պայքարի դաշտ մտել Բագրատ սրբազանը՝ իր այդ մուտքով ավետելով «սև կարապի» հայտնությունը մեզանում:   

Վերադառնանք Նիկոլի ֆենոմենին, ինչից փախչել հնարավոր չէ, որովհետև նա ամենուրեք է, քանի որ մենք ապրում ենք մի միջավայրում, որը թաթախված է «նիկոլիզմի» ախտով՝ շուրջ բոլորը նիկոլներ գեներացնելով: Սակայն այդ ախտը մեր ժամանակների ծնունդ չէ. նիկոլներ եղել են վաղուց. ասենք՝ առաջին հանրապետության ժամանակներում: Դրա վկայություններն առկա են թե՛ 100 տարի առաջվա մեր հեղինակների հոդվածներում և թե՛ այդ օրերի դաժան իրականությունը ներկայացնող պաշտոնական հաղորդագրություններում: Նիկոլներ կային խորհրդային ժամանակաշրջանում՝ երբ մեկը մյուսին խաբելն ու նրա տակ փորելը կյանքի նորմ էին դարձել: Նիկոլն ինքը, որպես նույն ախտի կրող, ձևավորվեց երրորդ հանրապետության առաջին տարիներին, առաջին նախագահի կողմնակից Վանոյի հովանավորության ներքո: Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, երբ կազմաքանդվել էր խորհրդային պետությունը և աշխարհում հաստատվել էր Արևմուտքի գերիշխանությունը, «ժողովրդավարության կղզյակ» լինելն ուներ որոշակի արժեք: Սակայն մեր օրերում, երբ աստիճանաբար ձևավորվում է երկբևեռ աշխարհ, քոռ կոպեկի արժեք չունի «ժողովրդավարական բաստիոն» կոչվելը, որքան էլ Նիկոլը փորձի այն հանել «վաճառքի»: Ինչի վկայությունը թե՛ Արցախի կորուստն է և թե՛ նիկոլական «իրական» Հայաստանին սպառնացող վտանգները: Եվ այդ ամենի նկատմամբ արևմտյան աշխարհի ադրբեջանամետ վերաբերմունքը: Եվ այդ առումով վերջնականորեն սխալ դուրս եկավ հենց Նիկոլը: 

Մեկ-երկու խոսք միաբևեռ - երկբևեռ աշխարհի մասին. Խորհրդային Միության կազմաքանդման հետևանքով երկբևեռ աշխարհը վերածվեց միաբևեռի: Գերիշխող դառնալով՝ Արևմուտքն էր որոշում, թե որ երկիրը ինչպես պետք է պահի իրեն: Դա տևեց շուրջ երկու տասնամյակ, ինչի ավարտի սկիզբն ազդարարվեց 2007-ի փետրվարին, ՌԴ նախագահի մյունխենյան ելույթով: Իրական կյանքում այն իր դրսևորումը ստացավ 2008-ի օգոստոսյան վրաց-օսեթական պատերազմին ռուսական միջամտությամբ: Իսկ, ինչպես ասվում է, ամրագրումը տեղի ունեցավ 2014 թվականի ուկրաինական «Մայդանի» հետևանք հանդիսացած՝ Դոնբասի արևելյան մասում պատերազմական գործողություններով, այդ մասի անջատմամբ ու Ռուսաստանին Ղրիմի թերակղզու վերամիավորմամբ: 

Եվ վերջապես միաբևեռ աշխարհն իր մահկանացուն կնքեց 2022 փետրվարի 24-ին: Այն օրը, երբ Ռուսաստանը «համարձակվեց» սկսել հատուկ ռազմական գործողությունն Ուկրինայում: Այն երկրում, որին Հյուսիսատլանտյան դաշինքը մոտակա 1-2 տարում պատրաստվում էր ընդունել իր շարքերըը: Դրան հետևած երկուսուկես տարվա ընթացքում արագացավ երկրորդ բևեռի ձևավորումը: Միաժամանակ, սկսեցին թուլանալ ֆինանսական աշխարհի կարգավորիչ՝ ամերիկյան դոլարի դիրքերը: Այդ գործընթացին մեծապես նպաստեց 2009 թվականին հինգ պետությունների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) կողմից հիմնադրված ԲՌԻԿՍ (BRICS – Brazil, Russia, India, China, South Africa) կազմակերպության ակտիվացումը:  Ի դեպ, 2023-ի ավարտին համաշխարհային ՀՆԱ-ում ԲՌԻԿՍ-ի բաժինը գերազանցեց արևմտյան աշխարհի խոշորագույն տնտեսությունների (G7) միավորման բաժնին. համապատասխանաբար կազմել են 35,1% և 29,7%: Իսկ 2024 թ.-ի հունվարի 1-ից ԲՌԻԿՍ-ն արդեն ընդգրկում է 10 երկիր: