Եթե ժողովրդից ոչինչ չեք թաքցնում, ինչո՞ւ է մամուլը շարունակ բացահայտում ձեր թաքցրածները

Եթե ժողովրդից ոչինչ չեք թաքցնում, ինչո՞ւ է մամուլը շարունակ բացահայտում ձեր թաքցրածները

«Ամենակարեւորը վստահությունն է։ Ժողովուրդը պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ էս կառավարությունը բացառված է՝ իրենից որեւէ բան թաքցնի։ Մենք մեր թերություններն էլ չենք թաքցնում ձեզնից, ժողովուրդ ջան»։ Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Այս մասին նա հայտարարեց Վրաստան կատարած այցի ժամանակ՝ Վրաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը։ Եվ հնչեցին ծափեր դահլիճից։ Թե ինչու էր նա Վրաստանի հայերի առջեւ Հայաստանի հայերին, այսինքն՝ ներքին լսարանին ուղղված հայտարարություն անում, դա այլ հարց է։ Բայց մի ավելի ուշագրավ պահ կա այստեղ։ Ժողովրդից որեւէ բան չթաքցնելու մասին հայտարարում է մի վարչապետ, որն այս 2 տարվա ընթացքում տասնյակ կարեւոր փաստեր է թաքցրել ու շարունակում է թաքցնել ժողովրդից։ Եվ մամուլն ու ընդդիմությունը ստիպված են բացահայտել այդ փաստերն ու ներկայացնել հանրությանը։

Մեր վարչապետը, իհարկե, շատ կցանկանար ունենալ այնպիսի «դեմոկրատական» երկիր, ինչպիսին Թուրքմենստանն է, երբ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ձիարշավի ընթացքում ընկնում է ձիուց, չի հասնում վերջնագծին, եւ այդ կադրերն այնպես են մոնտաժվում, որ ոչ մի ԶԼՄ-ով դա չի ցուցադրվում, արդյունքում պարզվում է՝ հաղթել է հենց ինքը՝ նորին մեծություն Բերդիմուհամեդովը։ Փաշինյանը երեւի շատ կցանկանար ունենալ մի երկիր, ինչպիսին Բելառուսն է, Հյուսիսային Կորեան կամ Ղազախստանը, որտեղ չկա խոսքի ազատություն, որտեղ որեւէ մեկը չի կարող գրել երկրի ղեկավարի ստերի, գաղտնի որոշումների, թաքցրած ծախսերի եւ շռայլ պարգեւավճարների մասին։ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ մենք Հայաստանում ենք ապրում, որտեղ, ինչպես ինքն է ասում, «ժողովրդավարությունն անշրջելի է»։ Այսինքն՝ մենք չենք կարողանալու գնալ Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի կամ Հյուսիսային Կորեայի ճանապարհով։ Սա Հայաստանն է, որտեղ տարիների չարչարանքով, այդ թվում իր՝ խմբագիր Նիկոլ Փաշինյանի, եկել հասել ենք մի կետի, երբ մամուլն ազատ է եւ գրում է իշխանությունների համար տհաճ շատ թեմաների մասին, քննադատում է վարչապետին, բացահայտում այն ամենը, ինչ կառավարությունը թաքցնում է ժողովրդից։ Այսինքն, իրենք ստիպված են համակերպվել այս իրողությունների հետ, որովհետեւ այլ ճանապարհ չկա։

Ուստի այժմ մենք չենք կարող հարց չտալ, թե ինչու է վարչապետն իր սիրելի ժողովրդի աչքերին նայելով՝ բացահայտ ստում։ Ավելին՝ փորձում համոզել, որ իրենք բոլորովին չեն ստում եւ երբեւէ չեն ստել։

Արդյոք մոռացե՞լ է, թե ինչպես է մամուլը բացահայտել նախարարների շքեղ պարգեւավճարները, որոնք համառորեն թաքցնում էին եւ խոստովանեցին, երբ այլեւս ճար չկար հերքելու։ Հիմա էլ գաղտնի որոշումներով են տալիս այդ պարգեւավճարները՝ առանց հրապարակելու։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է, որ ոչ թե իրենք հրապարակեցին, այլ մամուլը բացահայտեց առնվազն 350 հազար դոլարով մասնավոր ինքնաթիռ վարձելու եւ դրանով ԱՄՆ թռչելու փաստը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է, որ այդ մենք՝ լրագրողներս, բացահայտեցինք, որ նա բյուջեից մոտ 1 միլիարդ դրամ է դուրս գրել՝ իր առանձնատունը վերանորոգելու համար։ Եվ մեր հրապարակումից հետո միայն Նիկոլ Փաշինյանը «լայվ» մտավ նորոգված առանձնատնից, խոստովանեց, որ եղել է նման բան, ինչ-որ թվեր ասաց, սակայն նորոգմանը հատկացված գումարների մասին այդպես էլ չհրապարակվեցին կառավարության որոշումները։ Հրապարակվեցի՞ն արդյոք այն ծախսերը, որոնք կատարվել են Կոնդի ամառանոցների մուտքի մոտ հատուկ անվտանգության համակարգեր ներդնելու համար։

Նույնկերպ մամուլը բացահայտեց վարչապետի տիկնոջ՝ բյուջեի հաշվին Շվեյցարիա, հետո՝ Բելգիա կատարած գաղտնի այցը, որի մասին նրանք խոստովանեցին միայն այն բանից հետո, երբ լրագրողները պատահաբար սրճարանում տեսել էին նրան։ Աննա Հակոբյանը թաքուն նստել էր օդանավ, իջել այնպես, որ ինքնաթիռում գտնվող լրագրողները դա չնկատեն, եւ միայն մամուլի հրապարակումներից հետո խոստովանեցին՝ հեգնելով ու ծաղրելով հրապարակումներ արած լրագրողներին։ Եվ սա այն դեպքում, երբ պատվիրակության կազմում Աննա Հակոբյանի անունը չկար, նա պաշտոնապես չպետք է ուղեկցեր ամուսնուն։ Բարձրացած աղմուկից հետո միայն սկսեցին արդարանալ, թե օդանավում ազատ տեղ է եղել, տիկինն էլ ամուսնու հետ շփվելու հնարավորություն չունի, կարոտում է, ուստի օգտվել է առիթից եւ ուղեկցել ամուսնուն։ Պատկերացնո՞ւմ եք՝ Ռիտա Սարգսյանը նման բան ասեր մի օր։ Նույնկերպ պարզվեց, որ տիկին Հակոբյանի վարսավիրն է ամիսներ շարունակ ընդգրկվել կառավարական այցերի պաշտոնական պատվիրակությունների մեջ։ Կրկին մամուլի հրապարակումներից հետո տիկին Աննան հարց բարձրացրեց՝ եթե ուզում եք, որ ես անխնամ տեսք ունենամ, կարող եմ առանց վարսավիրի ճամփորդել։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժողովրդից թաքուն էր պահել նաեւ բյուջեի հաշվին երկու թանկարժեք զրահապատ Mercedes-ների գնումը, որոնք կես միլիոն դոլար, գուցե անգամ ավելի են արժեցել։ Դա պարզեց մամուլը՝ իր աղբյուրներից, հետո խոստովանեցին այդ մասին, բայց այդպես էլ մեքենաների հստակ գները չհրապարակեցին։ Մի մեքենա էլ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար էր գնվել, նորից մամուլը հրապարակեց, որից հետո պաշտոնապես հաստատեցին լուրը։

Ու դեռ որքան բան կա, որ իշխանությունը գաղտնի է պահում, թաքցնում, եւ մամուլը դեռ չի հասցրել բացահայտել։ Թեպետ, ինչպես կասեր «մաեստրո» Գալուստ Գրիգորիչը, «գաղտնի՝ դեռ չի նշանակում թաքուն»։

Բացի այդ, նախկինում երբեւէ կառավարության նիստերի օրակարգում այդքան մեծ թվով գաղտնի եւ չզեկուցվող հարցեր չեն ընդգրկվել, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։ Օրինակ՝ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 37 հարցից ընդամենը 4 հարց կա, որ զեկուցվող է։ Մյուսները կա՛մ գաղտնի են, կա՛մ չզեկուցվող։ Եվ սա մեր ամենաթափանցիկ եւ ժողովրդին հաշվետու իշխանությունն է։ Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրենք ոչինչ չեն թաքցնում ժողովրդից։ Մինչդեռ անգամ իրենց նախարարների կենսագրական տվյալներն են թաքցնում, ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստերը։ Իսկ բացահայտվելուց հետո ոչ թե ներողություն են խնդրում, այլ փորձում են գտնել ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը եւ պատժել, որ նման դեպքերն այլեւս չկրկնվեն։