Մամուլի ամենալուրջ հոդվածները գաղտնի աղբյուրներից են

Մամուլի ամենալուրջ հոդվածները գաղտնի աղբյուրներից են

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածությանը վերաբերող մեր հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործը բացասաբար է ազդում մամուլի ազատության վրա՝ կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ աշխատակից Սերոբ Հարությունյանին, որը մեր հրապարակման հետ որեւէ կապ  չունի։ Նրան ՀՔԾ-ն մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծառայության շահերին հակառակ գործելու մեջ։

Դոյդոյանն ասում է, որ հարուցված գործը պարզապես նախազգուշացում է մարդկանց, որ եթե փորձեն լրատվամիջոցին տեղեկություն տրամադրել, կհայտնվեն մեղադրյալի կարգավիճակում։ «Շատ բացասական եմ ընդունել այդ տեղեկությունը՝ մի քանի պատճառներով․ սա լուրջ սպառնալիք է լրագրողական աղբյուրների համար եւ զանգ այն մասին, որ մի վստահեք լրատվամիջոցին, որովհետեւ վաղը դուք կարող եք հայտնվել քրեական գործերում՝ որպես մեղադրյալ, կասկածյալ եւ այլն։ Սա ուղղակիորեն սպառնում է լրատվամիջոցների գաղտնի աղբյուրների պաշտպանվածությանը։ Սա լուրջ բացասական կանխարգելիչ ազդեցություն է ունենալու եւ, ինչպես Եվրոպական դատարանն է ասում, ունենալու է սառեցնող ազդեցություն մամուլի ազատության վրա, որովհետեւ եթե չկա տեղեկատվության գաղտնի աղբյուր, ապա չկա եւ չի կարող լինել մամուլի ազատություն։

Մամուլի ամենալուրջ հոդվածները միշտ հենվում են տեղեկատվության գաղտնի աղբյուրի վրա։ Եթե դու խարխլում ես  մամուլ-տեղեկատվության աղբյուր փոխհարաբերությունների հիմքերը, որոնք տարիների ընթացքում ձեւավորվում են, նման գործերի հետեւանքով կարող են շատ լուրջ վնաս հասցնել։ Երկրորդ բացասական ազդեցությունը, որը, իմ կարծիքով, կա, «անձնական կյանքի գաղտնիության պաշտպանություն» եւ «հանրային հետաքրքրություն», «հանրային շահ» հասկացությունների աղճատված գործարկումն էր։ Այս գործընթացը շատ հարցականներով ընթացավ, այստեղ միանշանակ կար ոչ թե հանրային հետաքրքրասիրություն, որը մերժելի է, այլ կար հանրային հետաքրքրություն եւ հանրային շահ՝ իմանալու պաշտոնյայի մասին, որը կառավարում է, որոշումներ է կայացնում, նրա ամբողջական կերպարը հանրությունը պետք է ունենար, մենք պետք է իմանանք այնպիսի տվյալներ, որոնք գուցե նրա անձնական կյանքին են վերաբերում, բայց կարող են ազդեցություն ունենալ նրա պարտականությունների կատարման վրա։

Այս դեպքում խոսքն այնպիսի տվյալների մասին է, որոնք երբեւէ գաղտնի չեն եղել, ինչպես ինքը՝ պաշտոնյան էր նշում, հայտնի են եղել իր ընկերների եւ մերձավորների շրջապատում, այսինքն՝ միայն ինքը չի իմացել այդ մասին եւ քայլեր չի ձեռնարկել այդ տվյալների գաղտնիությունն ապահովելու համար։ Սրանով ցանկանում են «դաս տալ», որ այսուհետ այսպիսի տվյալներ չպետք է հրապարակեք, լրատվամիջոցներ, որովհետեւ ձեզ համար այսպիսի խնդիրներ կառաջանան։ Այս 2 տարբերակում էլ այդ գործընթացը սառեցնող բացասական ազդեցություն ունի լրատվադաշտի վրա»,- ասաց Դոյդոյանը։