Փարիզից հետո

Փարիզից հետո

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այս տարվա առաջին հանդիպումը, որի արդյունքներով հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագաահները: Փորձագետներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները գրեթե նույնական գնահատական են տվել բանակցություններին:

Այդուհանդերձ, Հայաստանի ԱԳՆ-ն շեշտել է, որ հաջորդ հանդիպաման շուրջ առկա է միայն ընդհանուր համաձայնություն, մինչդեռ ադրբեջանական կողմն անոնսավորել է, որ այն տեղի կունենա արդեն հաջորդ ամիս՝ փետրվարին: Հայտնի է նաեւ, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստանի եւ Ադրբեջան՝ հանդիպելու երկու երկրների առաջնորդների հետ: Այս տեղեկատվությունը հիմք է տվել եզրակացնելու, որ միջնորդները նախապատրաստում են Փաշինյան-Ալիեւ գագաթնաժողով: Խնդիրն, ըստ էության, այն է, թե ի՞նչ ,,պորտֆելով,, են տարածաշրջան ժամանելու միջնորդները:

Նրանք ունեն նոր գաղափարնե՞ր, որ մտադիր են ներկայացնել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին, թե ամեն ինչ մնում է նախկինում քննարկված տարբերակների մակարդակում: Ուշագրավ է նաեւ, որ համանախագահները չեն այցելի Ստեփանակերտ, ինչը նշանակում է, որ քննարկումների տվյալ փուլում բանակցություններին Արցախի ներգրավումն օրակարգային չէ այն դեպքում, երբ Հայաստանը հայտարարել է, որ դա սկզբունքային է: Տեղեկատվական հոսքերից եւ փորձագիտական արձագանքներից կարելի է տպավորություն ունենալ, որ Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ բանավոր համաձայնությունը դիտվում է բանակցությունների համար բավարար պայմանների հիմք, եւ միջնորդներն այլեւս չեն անդրադառնում հրադադարի ամրապնդման վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների:

Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ չկա՞ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները ֆորմալ առումով ամրագրելու անհրաժեշտություն: Մանավանդ որ միջնորդները Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո կարեւորել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու՝ կողմերի հանձնառության գործնակացման անհրաժեշտությունը: Այդ ճանապարհին կարեւոր հանգրվան կլիներ, եթե հակամարտության բոլոր կողմերը վերահաստատեին խնդրի բացառապես խաղաղ կարգավորման պատրաստակամությունը եւ այն ամրագրեին իրավական համաձայնությամբ:

Արցախի արտաքին գործերի նախարար Մայիլյանն ասել է, որ Ստեփանակերտը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայնունության ապահովման հարցում: Ադրբեջանական կողմը, մինչդեռ, շեշտը դնում է նրա վրա, որ «բանակցությունների ձեւաչափը չի փոխվել»: Ավելին, Բաքուն աստիճանաբար շրջանառության մեջ է դնում «Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ երկխոսություն սկսելու» գաղափարը: Ինչպե՞ս են դրան մոտենում միջնորդները: Ո՞րն է Հայաստանի դիվանագիտական հակափաստարկը կամ ի՞նչ գործնական քայլեր է անում Երեւանը, որպեսզի Արցախը ներգրավվի բանակցային գործընթացին:

Փարիզում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից եւ դրան հաջորդած տեղեկատվա-քարոզչական ակնարկումներից հետո արցախյան հանրային շրջանակներում նկատելի է ընդգծված անհանգստություն, որ Հայաստանի իշխանությունները ԼՂ հարցում դրսեւորում են ոչ բավարար վճռականություն: Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքն այս առումով չափազանց հավասարակշռված է:

Այդուհանդերձ, նույնիսկ սոցիալական ցանցերի օգատատերերն են հարցադրումներ անում, որոնց պատասխանները մնում են առկախ: Այս ֆոնին ադրբեջանական քարոզչությունը լավատեսական տրամադրություններ է գեներացնում: բացառված չէ, որ դրանք հետապնդում են Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ տարաձայնություններ սադրելու նպատակ: Ըստ երեւույթին, իրավիճակի գոնե մոտավոր գնահատման համար հարկ կլինի փորձագիտական մակարդակի քննարկումներ սկսել: