Ժողովուրդ և իշխանություն, սիրեք զմիմեանս

Ժողովուրդ և իշխանություն, սիրեք զմիմեանս

Ժողովուրդ եվ իշխանություն, սիրեք զմիմեանս

Մեր խմբագիրները, կարծես, գտել են հեղափոխական եւ հեղափոխությունը սխալ ընկալած խմբերի հաշտեցման բանալին`նվազեցնել ատելության մակարդակը, սառեցնել կրքերը, հասարակությանը տանել դրական տրամադրությունների դաշտ:

Չհամաձայնելը դժվար է, բայց մյուս կողմից էլ տեսնում ես, որ «քաղաքական մեծամասնություն» կոչվածն ամենեւին մտադիր չէ համագործակցել «մտածող մարդկանց» հետ: Այլ հարց է, թե երբ, վերջապես, այդ «մեծամասնությունը» կհասկանա, որ հայաստանյան կյանքում քաղաքականությունն ու «մեծամասնությունը» հայտնվել են միանգամայն հակառակ բեւեռներում: Կարելի է ասել` քաղաքականությունը մնացել է փողոցում, իսկ «մեծամասնությունը» հայտնվել է խորհրդարանում:

Բայց գեղեցիկ ճառերով միայն հնարավոր չէ համերաշխություն հաստատել հասարակության մեջ: Դրա համար, նախեւառաջ, իշխանությունը պետք է ցույց տա, որ աչքուականջ ունի` տեսնելու եւ լսելու մյուսներին, իր քայլերով պետք է ապացուցի, որ հասկանում է այն խնդիրները, որոնք ընկած էին իշխանափոխության հանգեցրած այս շարժման հիմքում` որպես «հեղափոխության պատճառներ»: Վստահաբար, այդ պատճառներից էին գործազրկությունը, աղքատությունը, ծանր սոցիալական վիճակը, որոնց մասին տարիներ շարունակ խոսել են նաեւ օրվա իշխանության առաջնորդները: «Հեղափոխությունից» 9 ամիս անց մենք չենք տեսնում այդ երեւույթները վերացնելուն ուղղված որեւէ գործնական քայլ:

Հայաստանը դադարել է լինել սոցիալական պետություն: Լիբերալ ուժերը, որոնք այսօր իշխանություն են ձեւավորել, այլեւս չեն թաքցնում իրենց իսկական դեմքը: Ի՞նչ հաշտեցման մասին է խոսքը, երբ ընչազուրկ մարդուն, որը, ըստ քո երկրի սահմանադրության եւ օրենքների, պաշտպանության եւ սովից «չսատկելու» իրավունք ունի, անվանում ես «անբան», զրկում ես նպաստից, թե գնա, ոչխար պահիր կամ մի փոր հացի աշխատանք արա: Ի՞նչ հաշտության մասին է խոսքը, երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների անվան տակ հազարավոր մարդկանց ես ընտրողաբար գցում փողոց: Վերջապես, ո՞ւմ հետ հաշտվեն այդ մտածող մարդիկ, երբ երկրում իրենց փոխարեն որոշումներ է կայացնելու մի կենսազանգված, որ իշխանության է եկել ժողովրդական շարժման ալիքի վրա, սակայն ընդունակ չէ երկու էշի գարի ջոկել իրարից:
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը փորձում է հղկել սուր անկյունները. «Ի հեճուկս իմ հասակակիցների փնթփնթոցների՝ ես կարծում եմ, որ խորհրդարանի այս կազմն իր որակով ավելի բարձր է, քան նախորդները:

Օլիգարխների քանակը կտրուկ նվազել է, կանանց, երիտասարդների, գիտության մարդկանց թիվը՝ շատացել: Ինձ համար հատուկ հաճույք է շփվել «սովետ չտեսած» երիտասարդների հետ՝ նրանք ինձնից տարբեր ձեւով են մտածում եւ, զգում եմ բնազդորեն, ինձնից ավելի ճիշտ»: Բազմափորձ Աբրահամյանը չի՞ տեսնում, արդյոք, որ օլիգարխների քանակը խորհրդարանում նվազել է զուտ տեսողական առումով, եւ այսօր խորհրդարանում են այդ նույն օլիգարխների հովանավորյալները: Ծիծաղելի չէ՞, երբ մի իշխանություն, որ տակավին գտնվում է նախորդների ատեղծած ուժային կառույցների վերահսկողության տակ, հայտարարում է հին համակարգի փլուզման, օլիգարխիայի, մենաշնորհների, կոռուպցիայի եւ անօրինականության վերացման մասին` որպես կատարված փաստի: Վերջապես, պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կբացատրեիք այն իրողությունը, որ «սովետ չտեսած» եւ «ձեզնից ավելի ճիշտ մտածող» մանդատավոր բիոմասսան ԱԺ նախագահ է ընտրում ձայների 100 տոկոսով:

Իմ կարծիքով` այսօր ատելություն եւ հակակրանքներ կան ոչ թե հասարակության ներսում, այլ հասարակության եւ իշխանության միջեւ: Հասարակությունն իր ներսում միշտ հաշտ ու խաղաղ է, քանի դեռ նրա մի մասին մյուսի դեմ չեն հանել, քանի դեռ նրան «սեւերի» եւ «սպիտակների» չեն բաժանել։ Եթե հասարակության բնույթը խաղաղասիրական չլիներ, հեղափոխությունները չէին դադարի, գյուղը կապստամբեր քաղաքի դեմ, շենքը` շենքի, հարեւանը` հարեւանի: Հասարակության դժգոհությունը միշտ ուղղված է իշխանություններին, այո, նաեւ այն իշխանությանը, որին այդ նույն հասարակությունն է ընտրում: Հետեւաբար, երկրում ատելության մթնոլորտ չստեղծելու, հաշտ ու խաղաղ հասարակություն ունենալու հարցում քաշելիք ունի առաջին հերթին իշխանությունը:

Ավաղ, Հայաստանում այսօր չկա այն իշխանությունը, որը, թվում է, ամեն ինչ պետք է կառուցեր սիրո եւ համերաշխության վրա, արդարություն հաստատեր, արժեւորեր ձեռքբերումները եւ աղբանոց նետեր նախկինների թերություններն ու հոռի երեւույթները: Նախկին դեմքերին քրեական հետապնդման ենթարկելը դեռեւս ապացույց չէ այն բանի, որ օրվա իշխանությունը փորձում է կատարել հեղափոխական խոստումները: Կարելի է, իհարկե, հասարակությանը որոշ ժամանակով համոզել, որ Մանվելին բռնելուց հետո միայն կարելի է հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնել: Բայց դա կարող է հանգեցնել առողջական խնդիրներ ունեցող մարդու հանդեպ ատելության խորացման եւ ոչ համերաշխության:

Կարելի է որոշ ժամանակ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանն է «մարտի 1» կազմակերպել եւ ատելություն սերմանել նախկին նախագահի նկատմամբ, փորձելով ցույց տալ, թե Մարտի 1-ի բացահայտման խոստումը կատարվել է: Իսկ ի՞նչ է լինելու վերջում, երբ պարզվի, որ մեղադրանքը սին է, Մարտի 1-ի գործը՝ չբացահայտված:
Նոր իշխանությունների պահվածքը նպաստո՞ւմ է իրենց հանդեպ հարգանքի ձեւավորմանը: Հազիվ թե: Ժամանակը չէ՞, որ իշխանության եկածները դադարեցնեն իրենց ֆեյսբուքյան հաթաթաները մտածող մարդկանց, այդ թվում` մամուլի ներկայացուցիչների, բուհերի ղեկավարների, խորհրդարան չանցած քաղաքական գործիչների եւ այլոց նկատմամբ։ Ժամանակը չէ՞, որ նոր իշխանությունները վերանայեն ազգային արժեքների, պետական անվտանգության, բանակի, հայկական ընտանիքի, հայ մարդու բարոյական կերպարի, Հայ Առաքելական եկեղեցու, սփյուռքի, երկրի տնտեսության, մշակույթի եւ արտաքին քաղաքականության հարցերին իրենց մոտեցումները:

Թե՞ թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այն նպատակով, որ ստեղծվի մի նոր հեծանիվ, որով տեղ հասնելու հավանականությունը, մեղմ ասած, 0-ի է հավասար:   
Դատելով հասարակական հարթակներում եւ մամուլում ընթացող քննարկումներից՝ կարելի է միանշանակ պնդել, որ «հեղափոխական օրերի բումը» նվազել է: Ֆեյսբուքյան զոմբիների հորդաները, որոնք ապրիլ-մայիսին «մուկ էին ճղում», անհետացել են: Սա խոսում է այն մասին, որ հասարակությունն աստիճանաբար վերագտնում է իր համերաշխությունը եւ ունակությունը` ականջալուր լինել իր ներքին ձայնին: Իշխանությունը, անշուշտ, նկատում է դա, հասկանում է, որ այլեւս հնարավոր չէ էյֆորիայի հաշվին հրապարակներ լցնել, բայց եւ քայլեր չի ձեռնարկում իր հանդեպ սաղմնավորվող «ատելությունը» սպանելու ուղղությամբ: 
ՀԳ. Գալուստ Սահակյանը կասեր` ժողովուրդը պարտավոր է փրկվել: Գալուստ Գրիգորիչ ջան, սկսել ենք կարոտել քեզ: