Մի կողմից վախեցած մարդկանց ցուցմունքներ, քննիչի չփարատված կասկածներ, մյուս կողմից՝ հրազենային հաշվեհարդար

Մի կողմից վախեցած մարդկանց ցուցմունքներ, քննիչի չփարատված կասկածներ, մյուս կողմից՝ հրազենային հաշվեհարդար

Կարող ենք արձանագրել, որ իշխանությունների պատկերացրած օրենքի կամ իրավունքի դիկտատուրան երկրում արդեն «հաստատվել» է՝ մատից ծծած ոչ ծանր ու կասկածելի մեղադրանքներով ձերբակալվում, ապա կալանավորվում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները եւ ազատության մեջ են մնում մարդկանց կյանքին ծանր վնաս հացրած յուրայինները։

Մեր երկրում իրավական համակարգի գործունեության սկզբունքների, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի մասին պատկերացում կազմելու համար բավական է իրար կողքի դնել երկու փունջ գործեր, որոնք ընտրություններից հետո հարուցվել են երկրում։ 

Մի փունջը Սյունիքի համայնքապետերի դեմ հարուցված գործերն են՝ Քարահունջի կին համայնքապետ, Որոտանի՝ բերանում ատամ չունեցող, չքավոր համայնքապետ, զենքը ձեռքին սահմանը պաշտպանող Գորիսի, Սիսիանի ու Մեղրիի համայնքապետեր, կյանքեր փրկած ու հարգված բժիշկ, որոնց տարբեր մեղադրանքներ են հարուցել, որտեղ իրավաբանություն գոյություն չունի։ Կան ինչ որ վախեցած մարդկանց ցուցմունքներ, քննիչների չփարատված կասկածներ, քննության ենթակա փաստեր, որոնց մեջ եթե պարզվի հանցանք կա, կարող է պարզվել, որ բոլորովին ուրիշ մարդիկ են մեղավոր։

Օրինակ, Սիսիանում ինչ որ տենդերի պատմություն են վեր հանել, որտեղ հաստատ կա մրցութային հանձնաժողով, կան փաստարկներ, որոնք չեն լսել քննիչները եւ անգամ եթե կա հովանավորչություն, ապա դա ուղիղ վնաս չէ պետական բյուջեին, ինչպես գնահատել են գործիք դառած իրավապահները եւ քաղաքապետի մեղքն էլ այնպիսին չէ, որ նրան պետք է բանտ ուղարկել։ Մանավանդ եթե այս տեսանկյունից նայենք, ապա Սուրեն Պապիկյանին պետք է արդեն ցմահ տված լինեին՝ ասֆալտի տենդերները մեկ անձի գնումների համակարգով եւ իր ուզած մարդկանց տալու բազում դեպքերի համար։ 
Ամենակույր ու անխելք մարդն էլ կհասկանա, որ Սյունիքը հայտնվել է իրավապահների սեւ ցուցակում բացառապես Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության պատճառով։

Մարդը որոշել է պատժել իր դեմ դուրս եկած համայնքապետերին, որ բոլորին դաս լինի՝ «կայսրին» չի կարելի թթու խոսք ասել, չի կարելի հակաճառել, չի կարելի նրա հրաժարականը պահանջել եւ այլն։

Հիմա դառնանք իշխանականների անպատժելիությանը։ Անգամ նախկինները, որոնք ճզմած էին պահում իրավապահ համակարգը, նման լկտիությամբ չէին կոծկում յուրայինների հանցանքները։

Սյունիքի մարզպետի որդին՝ նախկին մարզպետի՝ Լիսկայի որդու հետ, ողջ Սյունիքի աչքի առաջ զինված ռազբորկա արեց՝ 2 մարդ հրազենային վիրավորում ստացան, որովհետեւ Մելոյի տղա Կարենը անկանոն հրաձգություն էր բացել։ Ասում են՝ ինքն էլ է վիրավորվել, բայց բժշկի չի դիմում, որ չբարդանա իրեն ջրից չոր հանելը։ Լրատվամիջոցները գրում են, Սյունիքում բոլորը գիտեն այս միջադեպի մասին, բայց հանձնարարված է մարզպետին ու նրա որդուն ձեռք չտալ։ Բնականաբար՝ առանց վարչապետի իմացության նման հովանավորչություն հնարավոր չէր լինի։

Երկրորդ միջադեպը՝ երեկ երեկոյան, Երեւանի կենտրոնում, Ամիրյան փողոցի վրա, տասնյակ մարդկանց աչքի առաջ ռազբորկա է եղել, ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը զենք է կիրառել, վիրավորվել է ԱՄՆ քաղաքացի։ Մինչ մենք երեկվանից կասկածում էինք մեր ունեցած տեղեկատվությանը եւ ստուգում էինք այն՝ զգուշանալով վաղաժամ հրապարակումներ անելուց, ոստիկանության հետ սերտորեն աշխատող շամշյան․քոմը հրապարակեց ամբողջ սվոդկան, որտեղ նշված են ռազբորկայի բոլոր մասնակիցների անունները, այլ թվում Ռ․Սուքիասյանի, որը եղել է կրակողը։

Առ այս պահը չկա մեղադրանք, ոչ ոք չի ձերբակալվել եւ վստահաբար կարող ենք ասել, որ Սուքիասյաններն ու ռազբորկայի մասնակիցները չեն պատժվի՝ այս գործն էլ կջրվի կգնա, որովհետեւ արդեն լուրեր կան, որ տեսախցիկների արձանագրածն են մաքրում, մատուցողի նկարածն են ջնջել եւ այլն։

Հիմա եկեք իրար կողքի դնենք այս երկու փունջ պատմությունները։ Ընդ որում՝ ելնենք նրանից, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, անգամ հայրենիքին ծառայություններ մատուցած, սահմանը պահած անձը՝ եթե հանցանք է կատարել, պետք է պատժվի։ 

Եթե ինչ որ անհեթեթ՝ իբր ընտրությունների համար բաժանած սոցիալական աջակցության, կամ՝ տենդերում ինչ որ կասկածելի հովանավորչության համար կարելի է մարդ կալանավորել, իսկ մարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառած, Երեւանի կենտրոնում կամ Սյունիքում հրաձգություն բացած անձանց՝ ոչ, ապա կարող ենք անվերապահորեն պնդել, որ ոչ մի իշխանության ժամանակ այսքան չեն արհամարհել օրենքն ու այն կիրառել՝ ըստ հայեցողության, ինչքան այսօր։ Ոչ մի իշխանության ներկայացուցիչ այսչափ պաշտպանված չի եղել, որքան այսօր ՔՊ-ին հարողներն ու նրան ծառայողներն են պաշտպանված։

Ոչ մի երկրի ղեկավար այսչափ վրեժխնդիր չի եղել իր հակառակորդների եւ այսքան ներողամիտ չի եղել՝ յուրայինների հանդեպ։
Այնպես որ օրենքի առաջ հավասարությունից կամ իրավունքի դիկտատուրայից խոսելու փոխարեն եկեք խոսենք Նիկոլի դիկտատուրայից եւ օրենքը սեփական անձին ու թիմին անմնացորդ ծառայեցնելուց։