Декрет о земле

Декрет о земле

Ցանկացած հեղափոխության բնորոշ են հեղափոխական քայլեր, առանց որոնց մարում է հեղափոխական ոգին, կասեցվում հետագա հեղափոխական հաղ­թարշավը:
2018 թվականին դեռ ոչ բոլորն էին գիտակցում, թե ինչ գործընթացներ են սկիզբ առնում Հայաստանում: Մինչ օրս էլ շարունակվում են վեճերը. հեղափ­ո­խություն էր, թե հեղափոխություն չէր:

«Հեղափոխություն» հասկացության համընդհանուր ճանաչում ստացած իմաստն արմատական, խորը որակական փոփոխությունն է, թռիչքը հասարա­կութ­յան, բնության կամ ճանաչողության զարգացման մեջ՝ զուգորդված նախորդ իրա­վիճակի հետ բացահայտ խզմամբ:
«Բացահայտ խզում» չի կարող համարվել, երբ հայտարարվեց, օրինակ, թե Արցախի հարցը սկսվում է 0 կետից: Չի կարող համարվել, որովհետև այն, ինչ տեղի ունեցով էվոլյուցիա էր. 10 քառակուսի կիլոմետր զիջելը, այնուհետև ՀՀ-ի տա­րած­քին անցնելը:

Պատկերավորության համար, «Հողի մասին» դեկրետը, օրենքը, որը խորհրդային իշխանության առաջին դեկրետներից էր, ընդունված Սովետների երկրորդ համառուսական համագումարում (8 Նոյեմբեր 1917), արմատական, հեղափոխական փոփոխություն էր և տեղի ունեցավ բացահայտ խզում նախորդ իրավիճակի հետ. վերացվեց մասնավոր սեփականությունը հողի նկատմամբ:
Այն, ինչ տեղի էր ունենում նախորդ 3 տարիներին, ընդամենը մարդկանց տրամադրությունները շոշափելու համար էր: Հունիսի 20-ին պարզ դարձավ, որ «հեղափոխությամբ հարթված ուղին» ընդունելի է և ժողովուրդը երկրորդ անգամ հասատեց իր վճռականությունը՝ շարժվել նախանշված ճանապարհով՝ դրա համար հաստատելով մուրճի, կներեք, «օրենքի դիկտատուրա»:

Այժմ, երբ Սահմանադրական դատարանը, բողոքների «անաչառ» քննումից հետո գտնվեց «հեղափոխական» բարձրության վրա ու կանաչ լույս վառեց հե­ղափոխությունը հաղթական ավարտին հասցնելու համար, թվում է, թե հայ ժո­ղովրդի ընտրայլներն ԱԺ-ի առաջին իսկ նիստում պետք է ընդունեն օրենք, որն իր նշանակությամբ կմթագնի «Декрет о земле» - ին նման օրենքներին:

Մի բան պարզ է, որ այլևս պատերազմ ու զոհեր չպետք է լինեն՝ «ինչ-որ» սահմանների, «ինչ-որ» անկլավների, «ինչ-որ» միջանցքների, առավելևս՝ «սին» ազ­գային գաղափարախոսության համար: Պետք է հետևել արյան կանչին և բոլոր հարցերը լուծել փաթեթով ու ընդամենը մեկ «կոճակսեղմումով», այսինքն՝ «օրենքի դիկտատուրայով»:
Օրենքը, որը վերջ կդնի որոշ «տաքգլուխ, իբրև թե հայրենասերների» մո­լորություններին, կանվանվի՝ ՀՀ (վերջին անգամ՝ ՀՀ) օրենք «Արևելյան Ադրբեջանի և Արևմտյան Ադրբեջանի վերամիավորման մասին»:

Հ.Գ. Իշխանություն, փող, շռայլ կյանք (Մարքսը սխալվել էր, գրելով «փող, ապրանք, ավելացած փող»): Ո՞ր մի «հիմարը» կհրաժարվի դրանցից: Այդ նպատակի համար հայրենիք վաճառելն ի՞նչ է, որ:

Գագիկ Վարդանյան