Ծառուկյանի համար մշտապես առանցքային նշանակություն է ունեցել լինել Արցախի կողքին․ Աբովյան 

Ծառուկյանի համար մշտապես առանցքային նշանակություն է ունեցել լինել Արցախի կողքին․ Աբովյան 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վերահաստատեց, որ «Բարգավաճ Հայաստանը» հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու է միայնակ՝ առանց որևէ քաղաքական ուժի հետ դաշինքի։

«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, և ես կրկին անգամ վերահաստատում եմ շատ պարզ մի իրողություն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միայնակ է գնալու ընտրության, սա մեկ։ Երկրորդը, մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ոչ ավել, ոչ պակաս», - ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե կան ուժեր կամ կուսակցություններ, որոնց հետ կուսակցությունը քննարկումների մեջ է ընտրություններին ընդառաջ։ 

- Նկատի ունեի՝ մի կուսակցությունից, օրինակ, 1 կամ 2 հոգի ձեր կուսակցությունով առաջադրվեն։

«Ես հասկացա Ձեր հարցը։ Պատասխանեմ հետևյալ կերպ, որ առայժմ ոչ մի ներգրավվածության, ցուցակների մասով, ի՞նչ է լինելու, ինչպե՞ս է լինելու, այդ տեղեկությունը չկա պարզապես, ֆիզիկապես չկա։ Բոլոր տեղեկությունները երբ որ կլինեն․․․ խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին», - նշեց պատգամավորը։ 

Մայիսի 9-ին՝ Մայիսյան եռատոնի առթիվ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության որոշ անդամների հետ այցելել էր Արցախի Հանրապետություն։ Այնտեղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ էր հանդիպել, նրա, Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ԲՀ պատգամավոր Էդուարդ Բաբայանի և այլ պաշտոնյաների հետ միասին այցելել էր Ստեփանակերտի հուշահամալիր։

Հարցերին՝ «ի՞նչ նպատակ ուներ այդ այցելությունը, և ի՞նչ քննարկումներ եք ունեցել նաև Արայիկ Հարությունյանի հետ», Արման Աբովյանը պատասխանեց, որ քննարկումների մասով մանրամասներ չի կարող հաղորդել։ «Բայց կարող եմ ասել միայն մի բան, որ Գագիկ Ծառուկյանի համար մշտապես, առանցքային նշանակություն է ունեցել, նույնիսկ ամենաբարդ, ամենածանր իրավիճակում, լինել Արցախի և արցախցիների կողքին, որովհետև Արցախը մեր մեծ հայրենիքի անբաժանելի մասն է։ Եվ Գագիկ Ծառուկյանի համար սկզբունքային էր հենց մայիսի 9-ը։ Եկե՛ք համաձայնենք, այս տարի շատ ծանր, բացի եռատոնից, նաև ծանր ապրումներ է բերում։ Եվ, այո՛, պարոն Ծառուկյանը որոշում էր ընդունել լինել Արցախում և արցախցիների հետ», - եզրափակեց ԲՀ խմբակցության քարտուղարը։