Ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր

Ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր

2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ մարդկանց աչքերին արցունքներ էին հայտնվում, բայց… ժպիտախառն. դրանք երջանկության արցունքներ էին: Իմ աչքերին եւս հայտնվել են արցունքներ: Մարդիկ, միամտաբար, կարծում էին, թե եկել է ամենափրկիչը: Սխալվեցին: Մեղադրել չի կարելի: Մարդը սխալական է: Պետք է կարողանալ ներել: Բայց ինչպես ներել սխալված մարդկանց, որոնք իրենց ընտրությամբ նպաստել են պատերազմին, հազարավոր զոհերին, հայերի եւ Հայաստանի՝ որպես պետության նվաստացմանը: 

Մայիսի 9-ին, երբ հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ տոնել է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, Ազատության հրա­պարակում հանրահավաքի մասնակիցների աչքերին նույնպես հայտնվել էին ար­ցունքներ, բայց առանց ժպիտի: Ինչպե՞ս ժպտային, երբ ժողովուրդն այսպիսի ողբեր­գություն է ապրել ու դեռ շարունակում է ապրել, ինչպե՞ս ժպտային, երբ մեր հար­յուրավոր հայրենակիցներ դեռեւս գերության մեջ են, ինչպե՞ս ժպտային, երբ տասնյակ հազարավորները մնացել են անօթեւան, իսկ Արցախի սրբավայրերը շարունակում են պղծվել, ինչպե՞ս ժպտային, երբ տնտեսությունը գահավիժում է՝ հազարավոր ընտա­նիք­ների նետելով աղքատության ճիրանները: Այդ արցունքները ոչ թե երջանկության, այլ հույսի ու հավատի արդյունք էին:

Շրջում էի Թատերական հրապարակով, նայում եւ ուսումնասիրում մարդկանց: Հանրահավաքի մասնակիցների պատակառելիությունը եւ նրանց սեւեռված ու­շադրութ­յունը բեմահարթակին ինձ հուշեցին, որ էական չէ, թե ինչ են ասում, կա­րեւորն այն է, թե ինչպես են լսում: Իսկ մարդիկ լսում էին բավական հետաքրքրված, ուշադիր: Հետեւաբար, եթե հանրահավաքին մասնակցող այս՝ հարգանք ներշնչող մարդիկ  (դեմքերի արտահայտությունը, կանգնելու դիրքն այդպիսի տպավորություն էին թողնում) ուշադիր լսում են, ապա վստահում են ելույթ ունեցողների խոսքին, սպասում էին դրան, հասկանում են, որ նրանք չեն կարող ստել, ընկալում են, որ «Հայաստան» դաշինքը ձեւավորած քաղաքական ուժերը, հայ հասարակության սերուցքի ներկայա­ցուցիչ­ները հանձն են առնում ոչ միայն ամեն ինչ վերադարձնել ի շրջանս յուր, այլեւ երբեք թույլ չտալ այնպիսի անոմալիաներ, ինչպիսիք տեղի ունեցան: Այլեւս երբեք: Հայաստանն արժանի չէր դրան: Դրան արժանի չէր Հայաստանը, նույնիսկ ի դեմս նախորդ իշխա­նութ­յունների, որոնք թույլ էին տվել աններելի սխալներ: 

Բարի երթ «Հայաստան» դաշինքին:

ՀԳ 1. Անհասկանալի բան էր. մի՞թե Ազատության հրապարակում բոլորովին նոր մարդիկ էին, ովքեր չէին մասնակցել 2018 թվականի հանրահավաքներին, թե՞ այն նույն մարդիկ էին՝ խոցված ու զգաստացած:

ՀԳ 2. Անհասկանալի է Փաշինյանի վարքագիծը: Որոշ մարդիկ ձգտում են իշխանության ու հարստության: Նա դրան հասել էր: Ըստ իր հայտարարությունների՝ նա իշխանության չէր եկել հարստանալու համար, այլ եկել էր հարուստներին հարստա­հարելու, բայց ոչ աղքատների բարեկեցությունը բարձրացնելու մտադրությամբ, քանզի նրանց ուղեղներում, ըստ իրեն, աղքատություն է տիրում, եւ բժշկութ­յունն անգամ անզոր է: Բայց մի՞թե նրա մտքով չի անցել՝ հասնել այլ հոգեւոր բարձունքի. արժանանալ ժողովրդի վստահությանը, հարգանքին ու սիրուն՝ առանց կեղծիքի: Աղետը, որ բերեց գունավոր հեղափոխությունը, ավելի մեծ էր, քան հազարավոր զոհերը (թող ներեն հերոսաբար զոհվածների հարազատները), հա­զարավոր քառա­կուսի կիլոմետր հայրենիքի տարածքները. «սպանվեցին» միլիո­նա­վոր մարդ­կանց հոգիները, կոտրվեց հայ ժողովրդի ոգին, ոչնչացավ վստա­հությունը պետական հաստատությունների հանդեպ:

ՀԳ 3. Սույն հոդվածի հարգելի հեղինակ, իսկ դու ինչո՞վ կարդարանաս. չէ՞ որ դու էլ քո իսկ նշած սխալված մարդկանցից մեկն ես:

Գագիկ Վարդանյան