Եթե նոյեմբերի 9-ից հետո ինձ հրաժարական չպարտադրեցիք, ուրեմն ես հոյակապ կառավարում եմ այս երկիրը

Եթե նոյեմբերի 9-ից հետո ինձ հրաժարական չպարտադրեցիք, ուրեմն ես հոյակապ կառավարում եմ այս երկիրը

Անվերջ կարելի է նայել 3 երեւույթի՝ թե ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը, ու ինչպես է խոսում ԱԺ ամբիոնը գրկած Նիկոլ Փաշինյանը։ Հռետորական արվեստի, հանրային հոգեբանության իմացության ինչպիսի՜ նրբությունների է այս տարիներին հասցրել տիրապետել նա, ստի ու կեղծիքի արտաբերման ինչպիսի՜ կրեատիվ հնարքների, հին թեզերը նորովի արտահայտելու ինչպիսի՜ խորամանկության։ Ցավով պետք է արձանագրենք, որ այդքան հնարամտություն, խելք ու խորամանկություն եթե ներդրվեր վարչապետի պարտականությունները կատարելու, այլ ոչ թե վարչապետի կերպարի իմիտացիա անելու վրա, հաստատ մեր երկիրն ավելի լավ վիճակում կհայտնվեր։ Ուղղակի հիացմունքի արժանի խորամանկություն, կեղծիք եւ հանրության գիտակցության վրա ազդելու ունակություն ունի այս մարդը։

Երեկվա ելույթը լսելիս մի տեսարան պատկերացրի. սերիական մարդասպանի դատաքննության ժամանակ ոչ թե նրա կատարած սպանությունների ընթացքն ու հետեւանքները քննեին, այլ դատարանն օրեր շարունակ զբաղվեր նրա մարդկային կերպարի, հոգեբանական նկարագրի, կենցաղում պահվածքի ուսումնասիրությամբ։ Ասենք՝ դատարանին ապացույցներ ներկայացվեին, որ «չիկոտիլոն» շատ լավ ու մաքրակենցաղ մարդ է՝ օրը երկու անգամ լողանում է, երեկոյան ատամներն է լվանում, հարեւաններին ամեն օր հարգալից բարեւում է, օգնում է ծերերին փողոցն անցնելիս, բակում ծաղիկներ է աճեցնում, մեքենա վարելիս չի խախտում երթեւեկության կանոնները, բակի փոքրիկների համար երբեմն հեքիաթներ է կարդում, շատ լավ շախմատ է խաղում, ուստի... հարկավոր է նրա նկատմամբ ներողամիտ լինել՝ ազատ արձակել։ 

Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելիս մտածում էի, որ նա ներողամտություն՝ քվե է հայցում մեր ժողովրդից եւ դրա համար պատմում է, թե ինչքան առաքինի ու լավ մարդ է ինքը, ինչ լավ ծրագրեր ունի եւ ինչ լավ մտքեր։ Մոռացեք պատերազմի, մեր կորուստների, այն աղետալի վիճակի մասին, որին հասցրել եմ երկիրը՝ աղերսում էր նա, ընտրեք ինձ։
Ի՞նչ է ասում։

Ասում է՝ դուք լսե՞լ եք, որ վերջին տարիներին որեւէ մեկը փայ մտնի՝ 10 տոկոս, 20 կամ 50 տոկոս խլի որեւէ մեկի բիզնեսից։ Ահա՝ ես վերացրել եմ փայ մտնելը։ Ափսոս՝ ոչ ոք այդ պահին չէր կարող նրան միջամտել եւ ասել, որ փայ մտնելու մասին խոսակցությունները ժամկետանց են՝ դու այս տարիներին, տիրապետելով բոլոր քննչական մարմիններին, որոնք հնազանդորեն ծառայում են քեզ, չկարողացար գեթ մեկ օրինակ ցույց տալ, որ անցյալում որեւէ մեկը «փայ է մտել»՝ թեկուզ 10 տոկոսի չափով։ Իսկ այնպիսի «օդում կախված» խոսակցություններ, որ «Սաշիկը 50/50 փայ էր», այսօր կան նաեւ ձեր մասին եւ բոլորովին էլ ոչ պակաս, քան անցյալում էին։ Չե՞ս հավատում՝ հարցրու Շիշ բռնողին ու նրա հորը, ձեր իշխանությանը կից օլիգարխներին, քո տեղակալներին եւ նախարարներին։

Ասում է՝ վերացրել ենք մենաշնորհները։ Կրկին դիմիր իշխանության սրտի օլիգարխներին եւ մաքսայինի Շուշոյին, նրանք ավելի հանգամանալից կպատմեն, թե ով որտեղ է մենաշնորհի տիրապետում, եւ ինչքանով են այդ մենաշնորհները վերացել երկրից։
Ասում է՝ 2019 թվականին աննախադեպ բյուջեի եկամուտներ ենք ապահովել՝ ամենաբարձր տնտեսական աճը Եվրոպայում։ Ու ոչ մի տնտեսագետ նրան չի բացատրում, որ 2019-ի տնտեսական աճը 2017-2018-ի աշխատանքի արդյունքն է եւ հիմնականում ղազախների՝ Հայաստանից մեքենաներ ներկրելով է բացատրվում, այլ ոչ թե իր օրապակաս կառավարության աշխատանքով։ 

Գույքահարկի ավելացումը, որն անվանում է հեղափոխական փոփոխություն, եւ որն էական բեռ է լինելու շատերի համար՝ այս տնտեսական ծանր կացության պայմաններում, համարում է մեծ ձեռքբերում։ Սա այն փոփոխությունն է՝ համահարթ եկամտային հարկի հետ զուգահեռ, որը մասնագետները 2 տարուց ավելի է՝ քննադատում են եւ բազում փաստարկներ բերում, թե դա ինչով է մեր բնակչությանն ու երկրին վնասակար, բայց մարդը իր «էշն է քշում» եւ հիմա էլ որպես հեղափոխական, այսինքն՝ որպես դրական փոփոխություն, «ծախում» հասարակության վրա։
Բայց ֆանտաստիկայի ժանրից է արդարադատության ոլորտում «հեղափոխական փոփոխությունների» մասին տրակտատը։

Ուրեմն 3 տարի շարունակ հալածել են դատական իշխանության ներկայացուցիչներին, ամեն աստծո օր հայտարարել են, որ հասարակությունը չի վստահում այս համակարգին, որ համակարգը կառավարում են նախկինները, որ իրենց չի հաջողվում «յուրացնել» ու «բարեփոխել» դատական համակարգը, հիմա ինքն իրեն հակասելով՝ ճիշտ հակառակն է պնդում։ Հայտնի ասացվածքի համաձայն՝ «այն ձեռքը, որ չես կարողանում կտրել, պաչի՝ դիր ճակատիդ»։ Չստացվեց դատական համակարգը ստրկացնել՝ որոշեց գովել ու ձեւացնել, որ լավ էլ բարեփոխել են։ Ինչ է ասում․ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը պատմական նվազագույնն է այսօր, եւ նրանք սկսել են ուտել «պետության հացը», որովհետեւ լավ հաց ենք տալիս։ Սա բանակի ելակի թեմայի շարունակությունն է։ Եվ հացի հանդեպ մեծ ակնածանք ունեցող վարչապետի պաշտոնակատարը գնահատում է․ «Հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում»։ Ապա հայտարարում է, որ ամենակարեւոր փոփոխությունն այն է, որ ՔԿՀ-ներում այսօր անմեղ մարդ չկա՝ տարիներ շարունակ նստել են անմեղ մարդիկ, նաեւ քաղաքական պատճառներով, իսկ այսօր՝ իր իրականացրած «արդարադատության հեղափոխության» արդյունքում այլեւս ոչ մի անմեղ մարդ նստած չէ բերդերում։ 

Թե որտեղից է վերցրել այս իմպերատիվ եզրակացությունը, ինչից է նման համոզմունքը՝ ոչ ոք չգիտի։ Եթե այդ մարդկանց դատավճիռները կայացնում է վստահություն չներշնչող դատական համակարգը, ապա ենթադրվում է, որ դու չես կարող նրա գործողությունների արդարացիության երաշխավորը լինել։ Մանավանդ՝ դատական համակարգի սխալները երբեմն պարզվում են տարիներ անց, պատահականորեն եւ այլն։ Ենթադրում եմ՝ ուզում է ասել՝ եթե ես չեմ կարգադրում անարդար մարդկանց դատել, ուրեմն անմեղ մարդ չկա բերդերում։ Բայց սա էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ իր ուղիղ հրահանգով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել՝ իր նկատմամբ մահափորձից մինչեւ Սյունիքում իրեն հայհոյելու միջադեպերը, եւ եթե դատավորները մի փոքր շեղվեին արդարադատության կանոններից ու վախենային վարչապետի անձից, հաստատ անմեղ մարդիկ կհայտնվեին կալանավայրերում։

Եվ հիմա դատարաններն ասպատակած ու դիմադրության հանդիպած մարդը հայտարարում է՝ իրականում մենք կայացրել ենք անկախ դատական համակարգը եւ այստեղ էլ ենք բարեփոխումներ արել, քանզի առաջ դատական համակարգը նեղում էր ընդդիմությանը, այսօր նրանից նեղվում է իշխանությունը։ «Բա ուզում էինք հեղափոխություն անել, եւ դատական համակարգը նեղե՞ր ընդդիմությանը, դա կնշանակեր՝ մենք հեծնել ենք դատական իշխանությանը»,- հանճարեղ եզրահանգման է գալիս պողոսների համար ելույթ ունեցողը։ Իրականում շատ կուզենար հեծնել այդ իշխանությանը՝ չստացվեց։ Ամեն ինչ արեց դրա համար, բայց հանդիպեց դատական համակարգի դիմադրությանը, որը, այո, օգտվելով 2018 թվականի իշխանափոխությունից, տարանջատվեց գործադիր իշխանությունից եւ փորձում է անկախանալ։ Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակաները` արդարադատության նախարար, դատախազ, ՀՔԾ պետ, մյուսները, թույլ տան։ 

Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե կրկին չհիշեր Ավետարանը եւ քրիստոնեական թեմաները։ Այս անգամ, սակայն, ոչ թե իրեն էր համեմատում Հիսուսի հետ, այլ իր կառավարությանն անվանում էր քրիստոնեական կառավարություն, որը փոխել է վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Օրինակ՝ Խնձորուտում ճանապարհ է կառուցել, որտեղ շատ չէ բնակչությունը, եւ առանձնապես շատ քվե չի կարող այդ համայնքից ստանալ։ 

Առհասարակ՝ վարչապետի պաշտոնակատարի խոսքից մի հետեւություն կարելի է անել՝ սա շինարար, կառուցող կառավարություն է, որը ճանապարհներ է սարքել, մանկապարտեզներ չունեինք՝ մանկապարտեզներ ու նախակրթարաններ է կառուցել, երեխա ունեցող ընտանիքներին հիպոթեքով բնակարանի ձեռքբերման հնարավորություն է տվել, երեխաների նպաստներն է ավելացրել, մինչեւ 18 տարեկանների հիվանդանոցային ծառայություններն է պետպատվերով իրականացնում, ժամկետային զինծառայողների ծնողներին է բժշկական ծառայություններ մատուցում, անգամ դպրոցների համար 523 միլիոն դրամի մարզագույք է գնել։ Էլ չենք խոսում կրթության բնագավառում «հեղափոխական փոփոխությունների» եւ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում «շրջադարձային փոփոխությունների» մասին։ 

Ուղղակի մեկը պետք է ընդհատեր եւ ասեր՝ բոլոր կառավարություններն էլ ինչ-որ ծրագրեր իրականացնում են, Հանրապետականն ու իր վարչապետները քեզնից երկար ու քեզնից հիմնավոր կարող էին խոսել, թե ինչեր են արել երկրում՝ ինչքան փող են ծախսել տարբեր ծրագրերի վրա, բյուջեն ինչի վրա են ծախսել։ Բայց հպարտանալ մեկ տարի շարունակ քննադատված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով, որն այնքան վատն է, որ անգամ Արմեն Սարգսյանն է դիմել ՍԴ՝ վիճարկելով դա, գովերգել կրթական բարեփոխումները, որի հակահայկական ուղղվածությունը ողջ երկիրն էր 2019-2020-ին քննադատում, պետպատվերով բուժօգնությունը թմբկահարել, երբ դրա հիմնական մասը նախկիններն էին արել, եւ դրանից այսօր բազում դժգոհություններ կան, առնվազն անբարոյականություն է։ 

Բայց երեկվա ելույթի թագն ու պսակը Նիկոլ Փաշինյանի մի միտքն է․ «Կառավարման որակի մասին՝ մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունը, 2021 թ․ հունիս-հուլիսին Սեւանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»։ 

Ուրեմն, երկրի առաջընթացը կասեցրած, հազարավոր զոհեր տված, երկրի սահմանները թշնամուն զիջած անձը, որը ոչ մի հաջողություն չի գրանցել տնտեսության մեջ, փչացրել է բոլոր երկրների հետ հարաբերությունները, մեր երկրի ինքնիշխանությունը զրոյական մակարդակի է հասցրել եւ այլ աղետներ բերել մեզ, համարում է, որ կառավարման որակի սենսացիոն նորությունը Սեւանա լճի մակարդակի բարձրացումն է։ Ապա կանխատեսելով, որ բոլոր բանական մարդիկ ասելու են՝ անձրեւներն ու ձյունն իրենց դերը խաղացել են, հեգնում է, թե անձրեւ եւ ձյուն միայն 2020-21 թվերի՞ն է տեղացել, ու դարակազմիկ հետեւություն անում, թե՝ «սա արդյունք է ջրային ռեսուրսների նոր որակի կառավարման»։ 

Ուրիշ տվյալներ ու փաստեր էլ է բերում՝ փորձելով հերքել մեղադրանքները, թե ինքը բոլոր ոլորտներում տապալել է կառավարումը, ասում է՝ անտառահատման ծավալներն են նվազել, մեծ քանակի փայտածուխ է արտադրվել, 120 տոկոսով աճել է շինափայտի արտադրությունը եւ այլն։ Իսկ երկիրը հմտորեն կառավարելու ցուցանիշ է համարում, ըստ էության, այն, որ ինքը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական չտվեց, պատերազմից հետո քաղաքացիական պատերազմ չեղավ, եւ կրակոցներ չհնչեցին։ Ու հռետորական հարց է տալիս․ «Սա կարո՞ղ էր անել բոլոր ասպարեզներում կառավարումը ձախողած իշխանությունը»։

Իհարկե, չէր կարող՝ ո՞ր կառավարությունը կկարողանար քանդել ու ավերել կառավարման համակարգը, կաթվածահար անել երկրի տնտեսությունը, ներդրումները հասցնել զրոյական մակարդակի, երկիրը տանել պատերազմի, հազարավոր զոհեր, հաշմանդամներ, հողերի կորուստ ունենալ ու դեռ մնալ իշխանության, նաեւ հոխորտալ ու համարել, որ ինքն արժանի է շարունակելու երկրի կառավարումը։