Անկառավարելի քաոսի սպասումով

Անկառավարելի քաոսի սպասումով

Ինձ երբեք կրթության մասնագետ չեմ համարել եւ այդ պատճառով էլ կրթական փոփոխություններին չեմ անդրադարձել: Եվ, բնականաբար, սկզբում չանդրադարձա նիկոլական հակակրթական գաղափարին: Խոսքը բուհերի քանակն օպտիմալացնելու եւ Երեւանից տեղափոխելու մասին է: Հատկապես որ այդ գաղափարը, կարծեմ, մեկ տարի առաջ բարձրաձայնվել, իսկ հետո մոռացվել էր: Բայց, ինչպես երեւում է, դա ընդամենը երեւույթի վերաբերյալ հանրային կարծիքի զոնդաժ էր: Իսկ այս անգամ արդեն կարծես այլ է:

Հենց միայն այն հանգամանքը, որ սկզբում ասվում էր 6-8 բուհ, իսկ հետո կոնկրետացվեց, խոսում է դրա լրջության մասին: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ պետական 8 բուհ պահելու եւ դրանք Աշտարակում տեղակայելու գաղափարը ոչ թե զուտ կրթական հերթական փոփոխությունն է, այլ բարձրագույն կրթության նկատմամբ պետական մոտեցումը հիմնովին վերափոխելու հայց: Բայց հիմնովինը մեխանիկորեն չի ենթադրում լուրջ եւ գրագետ բարեփոխում: Որովհետեւ նոր մոտեցումը կարող է սխալ հիմքերի վրա դրվել եւ արդյունքում բարեփոխման փոխարեն ստանալ բառիս բուն իմաստով քաոս: Գործող իշխանության քառամյա գործունեությունը դիտարկելով՝ ենթադրում եմ, որ այս ոլորտում եւս վերջում կստանանք հենց անկառավարելի քաոս: Ճիշտ այնպես, ինչպես «զրո կետից սկսված» բանակցությունները հանգեցրին 44-օրյա պատերազմին եւ դրանում «փրկիչ» վարչապետի անձով պայմանավորված՝ խայտառակ պարտությանը:

Նախքան պատերազմը մեկ այդպիսի «բարեփոխման» հայց ներկայացվեց տնտեսության հարցում. խոսքն այսօր արդեն գրեթե մոռացված տնտեսական հեղափոխության մասին է: 44-օրյա պատերազմը դա մոռացնել տվեց: Բայց դրա փոխարեն Նիկոլի ու իր խորհրդատվական թիմի հեղափոխական մանկամտությունից (ինչպես կասեր Վլ․ Լենինը) ծագեց կրթական էքսպերիմենտը: Իհարկե, դա դատարկ տեղում չծագեց․ այնպես չէ, որ նախկինում բարձրագույն կրթությունը բանի նման էր։ Բայց հեղափոխական նախաձեռնության նկատմամբ քիչ թե շատ մտածելու ունակ անձանց քննադատությունը վկայում է, որ նախկինը վաղվա չլինելուց հաստատ ընդունելի տարբերակ էր: Չլինելու, քանի որ Երեւանի կենտրոնի բուհական շենքերի վաճառքը չի տալու այնքան գումար, որպեսզի ժամանակակից պահանջներին համապատասխան 8 բուհական համալիր կառուցվի կամ ձեւավորվի Աշտարակում: Դրան գումարած՝ գոնե մեկ համալիր կառուցելու փորձի բացակայությունը։

Անցնենք կրթական այդ հսկա էքսպերիմենտի նպատակայնությունը դիտարկելուն: Եթե իշխանության նպատակը միջազգային կարգի բուհ ունենալն է, ապա դա մեկ նպատակ է՝ առաջիկա տարիներին անհասանելի: Սակայն գրագետ ծրագրված ու քայլ առ քայլ իրագործված մտահղացումը մեկ-երկու տասնամյակ անց կարող է որոշակի արդյունք ունենալ: Եթե նույնիսկ վերացարկվենք այն հարցից, թե որ քաղաքական ուժն է այսօր իշխանություն, եւ ինչ կարողություններ ունի այն։ Իսկ եթե իշխանության նպատակը բուհերի օպտիմալացումն է, ապա դա այլ նպատակ է: Թե որքանով այն կլինի իսկապես օպտիմալ՝ ցույց կտա կյանքը։ Ինչ մնում է այդ դեպքում միջազգային կարգի բուհ ունենալուն, ապա մի քանի տասնյակ բուհերի փոխարեն ութն ունենալով, այսինքն՝ այդ մի քանի տասնյակը ութի մեջ խցկելով՝ մենք այդ նպատակին չենք հասնի: Որովհետեւ չունենք ո՛չ ֆինանսական եւ ո՛չ էլ մարդկային ռեսուրսներ, որպեսզի դրանցով ապահովենք այդ ութ բուհերը, իսկ հետո դրանց միջեւ մրցակցությունը որոշի, թե որն է լավագույնը: Եվ ոչ էլ գործող իշխանության ողջ քաղաքականությունն է նպաստում դրա իրագործվելուն։

Եթե բուհերի օպտիմալացման գաղափարի իրական նպատակը բոլորովին այլ է՝ բուհական շենքերին տիրանալը կամ ֆինանսների սղության պատճառով գոնե բաժնեմաս ունենալը, ապա վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո դա չեղյալ կհամարվի: Իսկ եթե Նիկոլին թվում է, թե ինքը վարչապետի պաշտոնին մնալու է մինչեւ 2050 թվականը, ապա չարաչար սխալվում է: Որպես օրինակ՝ բերեմ Խորհրդային Միության ճակատագիրը։ Ենթադրվում էր, որ այդ պետությունը, որը շատ ավելի հզոր էր եւ մարդկային ու բնական ռեսուրսներով ավելի հարուստ, մնալու է դարերով, սակայն ընդամենը 70 տարվա պատմություն ունեցավ: Նաեւ այնպես չէ, որ բուհերի վաճառքը կտա բազմամիլիոն (դոլարային) եկամուտներ, ինչն ի սպաս կդրվի տնտեսության զարգացմանը: Եթե առկա է նաեւ այդպիսի նպատակ, ապա չեմ կարծում, թե հնարավոր է այդ շենքերը թանկ գնով վաճառել: Այսօրվա Հայաստանն այնպիսի վիճակում չէ, որ դա տեղի ունենա: Ի դեպ, այս նպատակն էլ հակասության մեջ է մտնում բուհերի շենքերին տիրանալու ցանկության հետ՝ եթե այդպիսն եւս առկա է:

Մի խոսքով, ոնց գցում-բռնում ենք, հեղափոխական այս նախաձեռնությունը եւս կա՛մ մոռացվելու է (դա՝ լավագույն դեպքում), կա՛մ ունենալու է այնպիսի ավերիչ հետեւանքներ, ինչպիսին ունեցավ «զրո կետից բանակցելու» նիկոլական նախաձեռնությունը։