Ի՞նչ է տալու խաղաղության պայմանագիրը Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ է տալու խաղաղության պայմանագիրը Նիկոլ Փաշինյանին

Մեծ հաշվով՝ ոչինչ: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը կարող է դառնալ Նիկոլի կարապի երգը, ապա կարող ենք վստահ ասել, որ այն իսկապես Նիկոլին պետք չէ: Հայտնի է, որ խաղաղ ժամանակներում մարդկանց գլուխները լցվում են զանազան «հիմարություններով»: Հենց մարդիկ քիթ մաքրելու ժամանակ ստանան, սկսելու են փորփրել սրա-նրա գործերը՝ ինչո՞ւ սա իրեն այսպես պահեց պատերազմի ժամանակ, ինչո՞ւ նա չգնաց առաջին գիծ, որտեղի՞ց էին գալիս այն փողերը, որոնցով իշխանությունները պատերազմի օրերին պարգեւատրումներ էին բաժանում, վերջը՝ ո՞վ հանձնեց Շուշին, ո՞վ առաջինն ասաց՝ մորթենք, ո՞վ բռնեց ոտքերը, ո՞վ ասաց՝ «Մի շուն տաճիկ»-ը… Ու պարզ չէ, որ եթե մեջներից ամենալավ մորթ անողը Պավլեն էր, Պավլեն պիտի մորթեր: Այսպես գալու-հասնելու են Նիկոլին, որովհետեւ 44-օրյա պատերազմի բոլոր թելերը ձգվում են դեպի Նիկոլ: Նիկոլի կարգադրությամբ էր ամեն օր Արծրունը «բուդիլնիկի» ճշտությամբ հայտարարում՝ հօդս ենք ցնդեցնում, զգետնում ենք, գյոռբագյոռ ենք անում, կարճ՝ «հաղդում ենք»: Հենց միայն այն, որ Նիկոլը բոլորից թաքցրել է պատերազմի ողջ ընթացքը եւ խաբելով` հազարավորների քշել է մահվան բերան, արդեն իսկ խոսակցության նյութ է, այնպես չէ՞: Ընդ որում, դա շատ ծանր խոսակցության նյութ է, որ Նիկոլը չի կարողանալու շրջանցել նույնիսկ ամենաիդեալական խաղաղության պայմաններում:

Խաղաղության դարաշրջանում մարդիկ ավելի են կենտրոնանում տնտեսական եւ սոցիալական խնդիրների վրա: Նրանք նույնիսկ սկսում են մտածել գիտության, կրթության եւ մշակույթի մասին: 4,5 տարի մեր տավարի ցավ իշխանությունը ոչինչ չի արել որեւէ ուղղությամբ, բայց թելերը դարձյալ ձգվում են դեպի Նիկոլ Փաշինյան, որն այս դեպքում չի կարող հայտարարել, թե ինքը չէ դրա թիվ մեկ մեղավորը: Մի խոսքով՝ խաղաղությունը Նիկոլի համար չէ: 

Ակամա հիշեցի մեր շենքի բակում տեղի ունեցած մի ավտոտրանսպորտային պատահար: Ուրեմն մեր հարեւան Շմավոնի կնիկը՝ Շողերը, մի անգամ կպնում է մարդու գլուխը, թե ավտոն տուր, բակում մի քիչ քշեմ: Ասում է՝ ես Վալտերի կնգանից ինչո՞վ եմ պակաս, որ երեկ իրենց ավտոն քշելով մտավ բակ: Շմավոնը մի քիչ չեմուչում է անում, թե` ախչի, ձեռ քաշի, գլխներիս մի փորձանք կբերես… Բայց, ինչպես հաճախ է պատահում սիրող ամուսինների վեճի ժամանակ, հաղթում է կինը: Շմավոնը գարնանային մի պայծառ առավոտ բանալիները տալիս է Շողերին, ինքն էլ նստում կողքին, թե՝ քշի: Հիմա արդեն ո՛չ Շմավոնի «Մոսկվիչը» կա, ո՛չ մեր բակի բեսեդկան: Դեպքից ամիսներ անց մետաղի ջարդոն հավաքողները եկան, Նիկոլի անունից ներկայացան եւ տարան այն ամենը, ինչ մնացել էր դրանցից: Նիկոլին բաժին հասած փորձությունը, ինչ խոսք, շատ ավելի լուրջ էր, ու նա, քանի որ քշել չէր կարող, վթարի ենթարկեց մի ողջ պետություն՝ իր ժողովրդով, Արցախով, սփյուռքով ու ամեն ինչով:

Ալիեւը, հրեն, հայտարարել է, որ մի երկու ամսից խաղաղության պայմանագիր է կնքելու Նիկոլի հետ: Բայց Նիկոլը հո ապուշ չէ՞, որ գնա այդ քայլին: Դա իր համար նոր կապիտուլյացիա է, գուցեեւ՝ վերջնականը: Եվ, հավանաբար, հենց դա է պատճառը, որ Արարատ Միրզոյանի հիմնարկը սկսել է պոչ խաղացնել, թե` Ալիեւը ճիշտ չի ասում, որ այդ պայմանագիրը լինելու է Ադրբեջանի առաջարկած 5 կետերի շուրջ: Մենք էլ ենք կետ ավելացրել, ու եթե մեր ավելացրած կետերը չլինեն, մենք ոչ մի բան էլ չենք ստորագրի: Պահ, պահ, պահ, կարելի է մտածել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ որոշման արդյունքում են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն այսօր գտնվում ՀՀ սուվերեն տարածքում եւ վերահսկում մեր որոշ ավտոճանապարհներ… Չնեղանաք, բայց դուք այլեւս խոսելու տեղ չունեք, պարոնայք ՔՊ-շնիկ իշխանավորներ:

Վերադառնալով վերնագրում նշված հարցին՝ մի քանի բան արձանագրենք: Ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը շտապում է իր համար նպաստավոր պայմաններով խաղաղության համաձայնագիր ստորագրել, իսկ Նիկոլը չի ուզում, որ հերթական կապիտուլյացիան ջարդվի իր գլխին կամ, ինչպես ընդունված է ասել, «ընկնի իր ջեբը»: Այս դեպքում մեղավորներ գտնելը շատ դժվար կլինի, քանզի չի կարող ասել՝ այս խաղաղությունը դեռ նախկիններն են կնքել… Եվ, ուրեմն, Նիկոլին մնում է կա՛մ առճակատվել Ալիեւի հետ, մի բան, որ դժվար կլինի նրանց միջեւ կայացած բանավոր համաձայնությունների պատճառով, կա՛մ էլ թռնել՝ ժողովրդի եւ իրավապահ մարմինների անպատեհ, անհարմար հարցերից խուսափելու համար: Կարծում եմ՝ Փաշինյանը կընտրի երկրորդ տարբերակը: Ինչո՞ւ… Չգիտեմ, ես այդպես եմ մտածում: 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի տակ, եթե հիշում եք, կողմերին շատ մեծ դժվարությամբ հաջողվեց Նիկոլի ստորագրությունը ստանալ: Ինձ թվում է՝ նույնը նաեւ հիմա կլինի, բայց մի տարբերությամբ, որ Նիկոլը դա կանի ոչ թե հայաստանյան որեւէ բունկերից, այլ ՌԴ որեւէ մարզից, որտեղ նրան առանձնատուն է հատկացրել մեր ռազմավարական դաշնակից ռուս ժողովուրդը: