Քանի դեռ տուրօպերատորները չեն լիցենզավորված, ի՞նչ երաշխիք, որ դեպքերը չեն կրկնվի

Քանի դեռ տուրօպերատորները չեն լիցենզավորված, ի՞նչ երաշխիք, որ դեպքերը չեն կրկնվի

Ամռան եւ գարնան ընթացքում 200-ից ավելի քաղաքացիների ծովափնյա հանգիստը խաթարվեց․ մարդիկ, ընտանիքներով, երեխաներով, ճապրուկներով, մնացին Հուրգադայի ու Շարմ էլ Շեյխի օդանավակայաններում, քանի որ նրանց տուրփաթեթներ վաճառած ընկերությունները չէին փոխանցել փաթեթի մեջ ներառված՝ ավիատոմսերի վճարված գումարները։ Տուրօպերատորները փակեցին գրասենյակները, անհետացան, խնդրով սկսեցին զբաղվել իրավապահները, եւ, ի վերջո, ԱԳՆ-ն գումար փոխանցեց, ու մասնավոր հունական ընկերությունը Հայաստան վերադարձրեց ծովափ մեկնած խաբված քաղաքացիներին։ Քաղաքացիներին «քցած» ընկերություններից մեկի՝ «Էյ ընդ Ար տուրի» տնօրենն Անի Ալեքսանյանն էր, մյուսը «Travelan» տուրիստական ընկերության աշխատակից Աննա Սահակյանն էր, ով կեղծ ավիատոմսեր էր վաճառել մի քանի տասնյակ քաղաքացիների։ Արաբկիրի քննչական կոմիտեում, ինչպես տեղեկացանք ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանից, անցնում է շուրջ 40 տուժող։ Մեղադրյալ Աննա Սահակյանի նկատմամբ ընտրվել է Հայաստանից չբացակայելու մասին խափանման միջոցը։ Ըստ ՔԿ հաղորդման՝ նախնական տվյալներով, նրա ընկերության հասցրած վնասի չափն անցնում է 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամը։

Իսկ «Էյ ընդ Ար տուրի» տնօրեն Անի Ալեքսանյանի գործով անցնում է 30 տուժող, եւ գործն էլ քննվում է Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում։ Տուրիստական գործակալության տնօրենը, ըստ մեղադրանքի, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի, նախնական տվյալներով՝ 30 մլն 616 հազար 995 ՀՀ դրամ գումար: Նրա նկատմամբ եւս ընտրված է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը։ Նախաքննությունը շարունակվում է, եւ մեր տեղեկություններով՝ նշված 70-ից ոչ մի քաղաքացի չի փոխհատուցվել, եւ միայն գործը դատարանով անցնելուց հետո, երբ ունենան իրենց օգտին վճիռ, կարող են փոխհատուցման հույս ունենալ։ Եթե, իհարկե, ընկերությունները սնանկ ճանաչված չլինեն կամ եթե արդեն իսկ ճանաչված չեն։

Առջեւում Ամանոր է, եւ դեպի Եգիպտոս այցերն առաջիկայում էլ խիստ ակտուալ են լինելու, բայց կա՞ երաշխիք, որ նման դեպք էլի չի պատահի, եւ հիմա էլ հայաստանցիների ամանորյա հանգիստը չի խաթարվի։ Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ Տուրիզմի հայկական ֆեդերացիան Զբոսաշրջային կոմիտեին դաշտը կարգավորելու առաջարկ էր արել՝ մի շարք ուղղություններով, որոնցից մեկը զբոսաշրջային օպերատորների գործունեության լիզենզավորումն է։

Մեխակ Ապրեսյանն ասաց, որ հեղափոխությունից առաջ դեռ կոմիտեում կար համապատասխան նախագիծ, որը լրամշակվում է, եւ արդեն կան քննարկումներ։ «Ինձ քիչ առաջ զանգեցին, ասացին՝ հանդիպենք քննարկենք»,- տեղեկացրեց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ լիցենզավորումը պետք է ենթադրի պետական երաշխիքների մեխանիզմի պարտադիր պայման։ «Այն է՝ լինի ապահովագրության ձեւով, բանկային երաշխիքի, թե այլ ձեւով՝ զբոսաշրջային օպերատորի սնանկության դեպքում նրա ստանձնած պարտավորությունների կատարումն անպայման պետք է իրականացվի։ Օրինակ՝ Ձեզ փաթեթ են վաճառել, Դուք հայտնաբերել եք, որ օպերատորի պարտավորությունները մասնակի են կատարված կամ ամբողջությամբ չկատարված, հետո եկել եք, դիմել եք դատարան՝ Ձեր խախտված իրավունքները վերականգնելու համար, եւ օպերատորին դատարանը պարտավորեցնում է խախտված իրավունքը վերականգնել՝ հատուցել վնասը։ Բայց նա սնանկ է, չի կարող կատարել վճարումները։ Այդ դեպքում կգործի ապահովագրության մեխանիզմը, եւ Ձեր վնասը կվերականգնվի»,- ասաց Ապրեսյանը։