28 թափուր տեղ ու 212 պոտենցիալ տնօրեն

28 թափուր տեղ ու 212 պոտենցիալ տնօրեն

Դպրոցի տնօրենների հավաստագրման վերջին քննություններն այս տարի անցկացվեցին օգոստոսին։ Դրանից հետո այլեւս քննություն չի եղել։ Կրթության նախարարի խորհդրական Գոհար Մամիկոնյանը ամփոփելով մրցույթների արդյունքները, ասաց․ «212 քաղաքացի ստացել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր։ Երբ տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարվի, նրանք կմասնակցեն մրցույթին»։

Կա՞ն տնօրեններ, որոնք արդեն մասնակցել են մրցույթին եւ անցել աշխատանքի։ «Այդ հարցին պատասխանել չեմ կարող, գուցե՝ այո, եթե արդեն եղել են մրցույթներ ու դպրոցի խորհրդի կողմից ընտրվել են»,-պատասխանեց փոխնախարարը։

Թե քանի տնօրենի թափուր հաստիք կա այս պահին, կրթության քաղաքականությունը մշակող ու իրականացնող մարմնի ներկայացուցիչը չգիտի։ Նա խորհուրդ տվեց բացել նախարարության կայքը եւ հաշվել մրցույթների անցկացման վերաբերյալ հայտարարությունները։ Հետեւելով խորհրդին՝ հաշվեցինք։ Այս տարի Հայաստանի 28 դպրոց առանց տնօրենի է աշխատել, տնօրենի պարտականությունները կատարել են ԺՊ-ները: