Ատելության բումերանգը

Ատելության բումերանգը

Ահա թե ուր է հասցնում ատելության տոտալ քարոզը՝ այն բումերանգի նման հարվածում է քեզ։ ԱԺ Իմքայլական պատգամավորները մեկ առ մեկ սկսում են քաղել ատելության այն պտուղները, որ որոմի պես հայ իրականության մեջ ցանվել էին իրենց քաղաքական ուժի և դրա աննախադեպ առաջնորդի ամենօրյա ջանքերով։ «Սևերի» և «սպիտակների», «նորերի» ու «նախկինների», «պողոսների» և «էլիտայի» անվերջ խորացող անդունդն այլևս չի տեղավորում իշխանության վերին էշելոններում կուտակված հսկայական մաղձը, և վերջինս թոթափվելու համար նոր տեղ է գտել՝ հենց իրենք՝ իշխանությունները։

Այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլից», իշխանական ֆեյքերն ու պատգամավորները վիրտուալ հարձակում սկսեցին նրա դեմ, իսկ հասարակության ստվար զանգվածը Սոֆյա Հովսեփյանին աջակցող հայտարարություններով հանդես եկավ:

Ահա և ստանում ենք ատելության ու բռնության պետական քաղաքականության «տարածաշրջանային» արձագանքը․ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները ողջ գիշեր հսկել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տունը, որպեսզի որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել նրա նկատմամբ։ Մարդկանց գիտակցության մեջ իշխող քաղաքական ուժն սկսել է  զուգորդվել ահաբեկիչ հրոսակախմբերի հետ, որոնցից ուղղակի պիտի պաշտպանվել։

Ի դեպ, խոսքն այն Սոֆյայի մասին է, ով մեկ ուրիշ խմբակից պատգամավորի՝ Նազելի Բաղդասարյանի հետ օրեր առաջ մեկնել էր Արցախ՝ ռուս խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ բանակցելու՝ Շիրակի մարզից 62 գերիներին ազատ արձակելու խնդրով։ Նկատենք․ բանակցային «առաջնագիծ» էին մեկնել կանայք, իսկ խմբակից պատգամավոր տղամարդիկ կարծես թե հորիզոններում չկային։

Հետաքրքիր է՝ հիմա նույն տարածաշրջանից տղամարդ պատգամավորնե՞րն ինչպես են գնահատում իրենց երբեմնի խմբակցուհու հանդեպ ծավալված այս հարձակումը։
Մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը։