Վահե Ղազարյան, Արմեն Աբազյան, հանձնարարություն ունեք շուխուր անելո՞ւ

Վահե Ղազարյան, Արմեն Աբազյան, հանձնարարություն ունեք շուխուր անելո՞ւ

Ի՞նչ հանձնարարություն է տրված Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող կառույցներին։ Հնարավո՞ր է, որ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին հրահանգված է որքան հնարավոր է մեծ աղմուկ-աղաղակ առաջացնել Փաշինյանի՝ փողոցներով անցնելիս։ Գուցե հատուկ ասվել է, որ փողոցներում կանգնած ոստիկաններն ինչքան հնարավոր է շա՞տ սուլեն, իսկ ուղեկցող ոստիկանական մեքենաները սիրենաներն ինչքան հնարավոր է երկար միացնեն՝ ինչպես ծանր հիվանդին են շտապօգնության մեքենաները տեղափոխում, որ մարդիկ ճանապարհ տան եւ հիվանդը ճանապարհին չմեռնի՝ հասցնեն հիվանդանոց։

Իսկ գուցե Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը կարծում են, որ երկրի անվտանգությունը չեն կարողանում ապահովել, սահմանները բացել են թշնամու առաջ, երկրում քրեածին իրավիճակը ծանր է՝ հանցագործությունների ահռելի աճ կա, գոնե մի մարդու անվտանգությունը գերազանց ապահովեն՝ հայ-բույով, իրարանցումով, մարդկանց սթրեսի ենթարկելով ու նրանց հայհոյանքներին արժանանալով՝ ճանապարհ բացեն շեֆի համար, որ նա տեսնի, թե ինչ կարեւոր անձ է իրենց համար ու իրենց  չազատի՝ վատ աշխատելու պատճառով։ 

Իսկ հնարավո՞ր է, որ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել, որ իրեն ուղեկցելուց ինչքան հնարավոր է շատ շուխուր անեն, մեքենաների շարասյունները կանգնեցնեն, մարդկանց վրա բղավեն ու սուլեն, որ իր հանդեպ հարգանքն ավելանա։ Գուցե կարծում է, որ «ումից վախենում են, նրան հարգո՞ւմ են»։ Կամ սրանով կոմպենսացնում է համացանցով ու երկրով մեկ իրեն հայհոյելու, քննադատելու ալիքը․ այսպես ասած, պատժում է մարդկանց՝ ստորացնելով ու անհարմարություններ պատճառելով։

Նախօրեին տաքսու վարորդը, որը ստիպված էր ճանապարհ զիջել վարչապետի շարասյանը եւ ուշացնել հաճախորդին, արհամարհական նկատեց՝ «Առաջ սամակատով էր գնում գործի, հիմա սաղ քաղաքը կանգնացնում է, որ մի քանի մետր անցնի․․․»։

Արեգ Մարգարյան