Սադեղ Հեդայաթ. Հաջի Մուրադ
Հաջի Մուրադը ճապուկ շարժումով ցած թռավ դուքանի պատվանդանից, թափ տվեց իր մշկաբույր կապայի փոթավոր գոտկատեղը, ամրացրեց արծաթյա գոտին, ձեռքը սահեցրեց հինա դրած մորուքի վրայով, կանչեց իր աշակերտ Հասանին, միասին տախտակներով ու մեխերով ամրափակեցին դուքանի դուռը, այնուհետեւ լայն գրպանից հանելով չորս ղռան՝ տվեց Հասանին։ Նա էլ շնորհակալություն հայտնեց եւ շվշվալեն՝ մեծ քայլերով անհայտացավ անցնող-դարձող մարդկանց մեջ: Հաջին թեւի տակ պահած դեղնավուն աբան գցեց ուսերին, մի հայացք ձգեց շուրջբոլորը եւ դանդաղ-անշտապ ճամփա ընկավ: Ամեն քայլին նոր կոշիկները ղըժ-ղըժ ձայն էին հանում: Ճանապարհին խանութպաններից շատերը բարեւում ու հաճոյախոսում էին. «Հաջի, բարեւ... Հաջի, ո՞նց ես... Հաջի, համեցե՛ք».... Հաջիի ականջը լիքն էր այդպիսի խոսքերով: Առանձին կարեւորություն էր տալիս «Հաջի» բառին, պարծենում էր եւ մեծահոգի ժպիտով բարեւներն առնում:
Այդ բառն իր համար տիտղոսի պես մի բան էր, մինչդեռ ինքն էլ գիտեր, որ Մեքքա չէր գնացել, միայն թե փոքր ժամանակ, երբ դեռ երեխա էր, հայրը մահացավ, մայրը, հոր կտակի համաձայն, վաճառեց իրենց տունն ու ամբողջ ունեցվածքը, փող ու ոսկի դարձրեց, եւ տնով-տեղով գնացին Քարբալա: Մեկ-երկու տարվա ընթացքում փողերը ծախսվեցին, եւ նրանք ընկան մուրացկանության: Միայն Հաջին էր կարողացել հազար նեղությամբ իրեն հասցնել Համադան՝ հորեղբոր մոտ: Հորեղբայրը պատահմամբ մահացավ եւ քանի որ ոչ մի ժառանգ չուներ, ամբողջ ունեցվածքը հասավ Հաջիին, եւ որովհետեւ հորեղբայրը բազարում հայտնի էր «Հաջի» անվամբ, այդ տիտղոսն էլ, դուքանով հանդերձ, ժառանգություն մնաց նրան: Նա այս քաղաքում ոչ մի ազգական ու հարազատ չուներ: Երկու-երեք անգամ էլ հարցուփորձ էր արել իր մոր ու քրոջ մասին, որոնք Քարբալայում մուրացկանության դուռն էին հասել, բայց ոչ մի լուր ու հետք չէր գտել նրանցից:
Երկու տարի կլիներ, որ Հաջին կին էր առել, սակայն կնոջ հարցում բախտը չէր բերել: Միառժամանակ էր, ինչ նրա եւ կնոջ միջեւ մշտական վեճեր ու կռիվներ էին լինում: Հաջին ամեն բան կարող էր տանել, բացի կնոջ թունավոր ու խայթող խոսքերից, ինքն էլ կնոջը վախ տալու համար սովորություն էր արել՝ հաճախակի ծեծում էր նրան: Մեկ-մեկ զղջում էր արածից, բայց բոլոր դեպքերում շուտ ողջագուրվում էին ու հաշտվում: Հաջիի բնավորությունն է՛լ ավելի էր մռայլվել այն պատճառով, որ դեռ երեխա չէին ունենում: Քանի անգամ ընկերները հորդորել էին, որ ուրիշ կին առնի, բայց Հաջին խաբվողներից չէր, գիտեր, որ ուրիշ կին բերելն առավել կմեծացնի իր դժբախտությունը, ուստի խրատները մի ականջից լսում, մյուսով դուրս էր հանում: Բացի դրանից, իր կինը դեռ երիտասարդ էր ու սիրուն, այդ քանի տարվա ընթացքում ընտելացել էին մեկմեկու եւ ինչ-որ կերպ անցկացնում էին կյանքի լավն ու վատը: Ինքը՝ Հաջին էլ հո դեռ երիտասարդ էր, եթե Աստված կամենար, երեխա կտար իրենց: Դա էր պատճառը, որ Հաջին չէր ցանկանում կնոջն ապահարզան տալ, սակայն իր սովորությունից էլ ձեռք չէր քաշում՝ ծեծում էր կնոջը: Կինն էլ ավելի շատ էր կամակորություն անում: Հատկապես երեկվանից նրանց միջով սեւ կատու էր անցել:
Հաջին, ձմերուկի սերմերը գցելով բերանը եւ երկփեղկ կեղեւները թքելով, դուրս եկավ բազարի ելքից, շնչեց գարնանային թարմ օդը, հիշեց, որ հիմա պետք է տուն գնա, եւ նորից սկսվեն վիճաբանությունները. ինքը մի բան ասի, կինը երկուսը պատասխանի, վերջն էլ գործը հասնի ծեծկռտուքին, հետո ընթրեն եւ անընդհատ աչք ոլորեն իրար վրա, դրանից հետո էլ քնեն: Ուրբաթամուտ էր, եւ գիտեր, որ կինն այդ երեկո բրնձով-կանաչիներով փլավ է եփել: Այդպիսի մտքեր էին պտտվում նրա գլխում, այս ու այն կողմն էր նայում՝ մտաբերելով կնոջ խոսքերը. «Գնա՜, գնա՜ քո գործին.... սուտի Հաջի՛, դու ո՞ր օրվա Հաջին ես, բա ինչո՞ւ մայրդ ու քույրդ աղքատությունից անառակ են դարձել: Ի՜նձ ասա, որ երբ էն դրամափոխ Մաշհադի Հոսեյնը ձեռքս խնդրեց, նրա կինը չդարձա եւ եկա՝ քեզ պես անարժանի հետ ամուսնացա, սուտի Հաջի՛»: Հաջին մի քանի անգամ կծեց շուրթը, եւ նրան թվում էր, որ եթե այդ պահին տեսներ կնոջը, փորը կպատռեր:
Այդ ժամանակ հասել էր Բեյն ալ-Նահրեյն փողոց: Աչքը գցեց գետեզրին կանգնած կանաչ ու դալար ուռենիներին, մտքով անցավ, որ վաղն առավոտյան՝ ուրբաթ օրով, մտերիմ ընկերների հետ սազն ու այլ պարագաներն առած՝ գնա Մուրադ-Բեկի ձորը, եւ ամբողջ օրն այնտեղ անցկացնեն: Գոնե տանը չէր մնա, որ թե՛ իր եւ թե՛ կնոջ օրը փչանար: Մոտեցավ դեպի իրենց տունը ձգվող փողոցին: Հանկարծ թվաց, որ կինն անցկացավ իր կողքով եւ ոչ մի ուշադրություն չդարձրեց իրեն: Այո՛, սա իր կինն է: Այնպես չէր, որ Հաջին շատ տղամարդկանց պես կարողանում էր չադրայի տակից ճանաչել կնոջը, այլ իր կինը հատուկ մի նշան ուներ, որով հազար կնոջ միջից հեշտությամբ կարող էր ջոկել նրան: Դա իր կինն էր. չադրայի սպիտակ եզրից ճանաչեց նրան: Ո՛չ մի կասկած: Բայց ինչպե՞ս էր օրվա այս ժամին, էլի առանց Հաջիի թույլտվության, դուրս եկել տնից: Դուքան էլ չէր եկել, որ ասենք, թե ինչ-որ գործ ունենար, բա ո՞ւր էր գնացել: Հաջին արագացրեց, տեսավ՝ այո՛, իր կինն էր, եւ հիմա էլ չէր գնում դեպի տուն: Մեկեն պոկվեց տեղից, չէր կարողանում իրեն զսպել, ուզում էր նրան բռնել ու խեղդել: Չդիմացավ եւ ձայն տվեց.
- Իշխանուհի՛:
Կինը դեմքով շուռ եկավ եւ վախեցածի պես արագացրեց քայլերը: Էլ ի՜նչ Հաջի, իր տեղը չէր գտնում, սիրտը վառվում էր. իր կինն առանց թույլտվության տնից դուրս է ելել, դա՝ դեռ ոչինչ, հիմա էլ որ կանչում է, մարդատեղ չի դնում: Պատվախնդրությունը խփեց գլուխը, կրկին կանչեց.
- Էհե՜յ, քեզ հետ եմ: Օրվա էս ժամին ո՞ւր էիր: Կանգնի՛ր, քեզ բան եմ ասում:
Կինը կանգնեց եւ բարձր ձայնով ասաց.
- Քո ի՞նչ գործն է, դու մարդկանց գլխին վերակացո՞ւ ես: Թշվառակա՛ն, բերանիդ չափն իմացիր, ի՞նչ գործ ունես մարդկանց կնոջ հետ: Տես՝ գլխիդ ինչ բերեմ հիմա: Էհե՜յ, ժողովուրդ, հասեք օգնության, տեսեք՝ այս հարբած տղամարդն ինչ է ուզում ինձնից: Կարծել ես՝ քաղաքն անտեր-անտիրակա՞ն է: Հիմա քեզ ոստիկանի ձեռքը կտամ... պարոն ոստիկա՜ն...
Տների դռները բացվում էին մեկառմեկ, մարդիկ տարբեր կողմերից հավաքվում էին նրանց շուրջ, եւ անընդհատ ավելանում էր եկողների թիվը: Հաջիի դեմքը կարմրատակել էր, ճակատի ու վզի երակներն ուռել էին: Բազարում ճանաչված մարդ էր, մարդիկ երկու շարքով շրջապատել էին, կինն էլ պինդ ծածկել էր դեմքն ու բղավում էր.
- Էհե՜յ, ոստիկա՜ն...
Հաջիի աչքերը պղտորվեցին, հետ գնաց-առաջ եկավ եւ չադրայի վրայից ամուր ապտակեց կնոջն ու ասաց.
- Իզո՜ւր... իզուր ձայնդ մի՛ փոխիր, ես հենց սկզբից ճանաչեցի քեզ: Վաղը... հենց վաղը... քեզ ապահարզան կտամ: Հիմա արդեն ոտդ փողոց է բացվել, հա՞: Ուզում ես իմ քանի-քանի տարվա պատիվը քամո՞ւն տալ: Անամոթ կնի՛կ, մի՛ թող, որ մարդկանց մոտ բերանս բացվի.... Ժողովո՜ւրդ, դուք վկա եղեք, վաղը այս կնկան ապահարզան եմ տալու: Մի քանի ժամանակ էր՝ կասկած ունեի, հա՜ ինձ զսպում էի, ինքս ինձ ուտում, բայց հիմա արդեն դանակը ոսկորին է հասել... էհե՜յ, մարդիկ, իմ կինն անբարո է դարձել .... վաղը... հե՜յ, ժողովուրդ, վա՛ղը...
Կինը դարձավ դեպի բազմությունը.
- Այ անպատիվնե՛ր, դուք ոչ մի բան չունե՞ք ասելու: Թողնում եք, որ այս հեչուփուչ մարդը փողոցում ձեռք գցի խալխի նամուսին: Եթե դրամափոխ Մաշհադի Հոսեյնն այստեղ լիներ, ձեզ լավ դաս կտար: Կյանքիցս մի օր էլ մնացած լինի, էս ամեն ինչի տեղը կհանեմ՝ էնպես կանեմ, որ շունը ձեռքիցդ հաց չուտի: Էս անճարին բանի տեղ դնող չկա: Ինքն ո՞վ է, որ իրեն մարդահաշիվ է դնում: Գնա՜... գնա... իմացիր՝ ո՛ւմ հետ ես գործ բռնում, հիմա էնպես հերդ անիծեմ, որ քեֆդ գա: Պարոն ոստիկա՜ն...
Երկու-երեք միջնորդ մեջտեղ ընկան, Հաջիին մի կողմ քաշեցին: Այդ ընթացքում ոստիկանն էլ հայտնվեց: Մարդիկ հետ քաշվեցին, Հաջի Մուրադը եւ սպիտակաեզր չադրայով կինը երկու-երեք վկայի եւ միջնորդների ուղեկցությամբ ճանապարհվեցին դեպի ոստիկանատուն: Ճանապարհին ամեն մեկը կրկնում էր իր խոսքերը ոստիկանի համար, մարդիկ էլ ծիծաղից թուլացել էին եւ նրանց հետեւից գնում էին, մինչեւ տեսնեին՝ գործը վերջում ուր է հասնելու: Հաջին, քրտինքի մեջ կորած, ոստիկանի հետ ուս-ուսի՝ քայլում էր ժողովրդի առջեւից: Հիմա արդեն սիրտը կասկած էր ընկել. ուշադիր նայեց, տեսավ, որ այդ կնոջ կոշիկի ճարմանդն ու գուլպաները տարբեր էին իր կնոջ ունեցածից: Այդ կինը ոստիկանին ճիշտ նշաններ էր տալիս. նա դրամափոխ Մաշհադի Հոսեյնի կինն էր, որին ինքը ճանաչում էր: Իմացավ, որ սխալվել է, բայց ուշ էր գլխի ընկել: Հիմա չգիտեր՝ ինչ էր լինելու: Հասան ոստիկանատուն, մարդիկ դրսում մնացին, իսկ ոստիկանը Հաջիին եւ այդ կնոջն ուղղորդեց մի գրասենյակ, որտեղ գրասեղանի մոտ նստած էին երկու պաշտոնյա: Ոստիկանը, ձեռքը ճակատին առած, ողջունեց եւ զեկուցեց եղելությունը, այնուհետեւ մի կողմ քաշվեց եւ գնաց՝ սենյակի վերջում կանգնեց: Պետը դիմեց Հաջիին.
- Ի՞նչ է Ձեր անունը:
- Պարոն, Ձեր խոնարհ ծառան ենք, փոքրավորը: Իմ անունը Հաջի Մուրադ է, բազարում բոլորը ճանաչում են ինձ:
- Ի՞նչ գործով եք զբաղվում:
- Ես բրնձավաճառ եմ, շուկայում դուքան ունեմ: Ինչ որ հրամայեք, կհնազանդվեմ:
- Արդյոք ճի՞շտ է, որ Դուք այս կնոջ հետ անհարգալից եք վարվել եւ փողոցում նրան հարվածել եք:
- Ի՞նչ ասեմ: Ես՝ նվաստս, կարծեցի, թե իմ կինն է:
- Ի՞նչ պատճառով:
- Չադրայի եզրը սպիտակ է:
- Շատ տարօրինակ է: Մի՞թե Ձեր կնոջ ձայնը չեք ճանաչում:
Հաջին ախ քաշեց.
- Ախր, դուք հո չգիտեք՝ ինչ տեսակ աղետ է իմ կինը: Կինս բոլոր ջանավարների ձայները հանում է: Երբ համամից վերադառնում է, բոլոր կանանց ձայնով խոսում է, բոլորի տնազն է անում: Ես կարծեցի, որ ուզում է ինձ խաբել եւ փոխել է ձայնը:
Կինն ասաց.
- Ի՜նչ ավել-պակաս խոսքեր... պարոն ոստիկան, Դուք հո վկա էիք, հարյուր մարդու առաջ ինձ ապտակեց: Հիմա միանգամից մկան պես սուտմեռուկի է տվել... էլ ինչե՜ր ... Կարծում է՝ անտեր-անտիրական քաղաք է: Եթե Մաշհադի Հոսեյնն իմանա, հաշիվդ կվերջացնի: Նրա կնոջ հետ էսպիսի բանե՞ր, պարոն պե՛տ:
Պետն ասաց.
- Լավ, խանո՛ւմ, Ձեզ հետ այլեւս գործ չունենք: Համեցեք դուրս, մինչեւ Հաջի աղայի հետ հաշիվը պարզենք:
Հաջին ասաց.
- Վալլա՜հ, ղալաթ եմ արել: Ես չգիտեի, շփոթել եմ: Ախր, ես հարգանք-պատիվ ունեմ ժողովրդի մոտ:
Պետն ինչ-որ գրություն տվեց ոստիկանի ձեռքը, Հաջիին տարան մի այլ գրասեղանի մոտ, նա դողացող ձեռքերով հաշվեց եւ տուգանքը դրեց սեղանի վրա: Հետո ոստիկանի ուղեկցությամբ նրան տարան ոստիկանատան դռան առջեւ: Մարդիկ շարքով կանգնած՝ իրար ականջի փսփսում էին: Հաջիի մեջքի վրայից վերցրին նրա դեղին աբան, եւ մի հոգի մոտեցավ՝ մտրակը ձեռքին: Մարդկանց աչքի առաջ մտրակի հիսուն հարված հասցրին նրան, բայց նա հոնքն էլ չկիտեց: Երբ վերջացավ, գրպանից հանեց մետաքսե մեծ թաշկինակը եւ մաքրեց ճակատի քրտինքը: Ուսերին գցեց դեղին աբան, որի ծայրը քսվում էր գետնին: Գլխիկոր ճամփա ընկավ դեպի տուն, փորձում էր ոտքն ավելի կամաց դնել գետնին, որ խեղդի կոշիկների ղըժ-ղըժ ձայնը:
Երկու օր հետո Հաջին ապահարզան տվեց կնոջը:
Փարիզ, հունիսի 25, 1930թ.
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ