Մեր ժողովրդի հայրենասեր հատվածը գնում է սխալ ճանապարհով

Մեր ժողովրդի հայրենասեր հատվածը գնում է սխալ ճանապարհով

Հայաստանի ողջ ժողովուրդն արդեն ամիսներ շարունակ ականատես է լինում այն իրողությանը, որ իշխանությունները բացահայտորեն ոչ միայն հանձնում են Արցախը, այլեւ բացարձակ քայլեր չեն անում՝ ետ բերելու Հայաստանի այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է 2020թ. 44-օրյա պատերազմի ավարտից մինչ այսօր։ Նաեւ համաձայնել են ոչ միայն Տիգրանաշենը, որը երբեւէ անկլավ չի եղել, այլ պատմական հայկական գյուղ է եղել, այլեւ մյուս «անկլավները» փոխանակել Արծվաշեն կոչվող մի անբնակ տարածքի հետ, որը շրջափակված է տասնյակ ադրբեջանական գյուղերով, որը հայերով բնակեցնելու մեծագույն ցանկության դեպքում անգամ Հայաստանից կպահանջի մեր թուլացած բանակի համարյա կեսի չափ ռեսուրս: 

Այսինքն՝ իշխանությունները պատրաստվում են ստրատեգիական նշանակության մեր գերկարեւոր տարածքները «փոխանակել», բառիս բուն իմաստով՝ քոսոտ, լիովին անպետք տարածքի հետ: Այս եւ բազմաթիվ այլ հանգամանքները բերում են նրան, որ Հայաստանի իշխանություններն այն աստիճան են գետնին հավասարեցրել Հայաստանի եւ Արցախի նշաձողը, որ Ալիեւն արդեն հայտարարում է, թե պետք է լուծարել Արցախի Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը եւ մյուս բոլոր պետական կառույցները: Եվ սա հայտարարում է, քանզի Հայաստանի իշխանությունները տվել են իրենց համաձայնությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցում, որը պարզորոշ նշանակում է, որ Ադրբեջանն է որոշելու, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը: Պետք չէ զարմանալ այս հայտարարությունների վրա՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը միմիայն դա է նշանակում: Բա ի՞նչ ենք կարծում, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ նրա իշխանությունները պետք է կազմավորի Հայաստանը եւ Արցախի ժողովո՞ւրդը...

Այժմ տեսնենք, թե ինչ է պատրաստվում անել այս մոտեցմանն անհամաձայն ժողովրդի հատվածը: Ուրախալի է, որ գոնե ժողովրդի մի հատվածը դեռեւս հայրենասեր է եւ փորձում է դիմակայել իշխանությունների այս պարտվողական պահվածքին, բայց ի՞նչ են պատրաստվում անել: Իհարկե, բոլորն են հասկանում, որ դիմակայելու լավագույն տարբերակը հայ ժողովրդի միաբանվելն ու 1988թ. իրադարձությունները կրկնելն է, սակայն, ցավոք, չկա այդ միասնականությունը՝ ժողովրդին մասնատել են, բաժանել խմբերի, ուստի միասնական պայքար իրականացնելու հավանականությունը, ընդդիմանալու հնարավորությունն էապես նվազել են: Սա պատահական չէ, քանզի իշխանությունն առաջնորդվում է «բաժանիր, որ տիրես» կարգախոսով, որը նրանց հաջողվել է։ Լավագույն դեպքում հնարավոր է հատվածական պայքար, որի պարագայում լուրջ հաջողություն ակնկալել հնարավոր չէ: Պարբերաբար ձեւավորվում են տարբեր անուններով շարժումներ, որոնք իրարից անկախ, տարբեր ճանապարհներով փորձում են հասնել որոշակի հաջողությունների, սակայն որոնց լուրջ արդյունքի հասնելու հավանականությունն էլ այս պահին համարյա զրոյական է: Մի պարզ պատճառով. փոքրիկ ուժերով, տարբեր մեթոդներով ու ճանապարհներով նման բիրտ իշխանության ծրագրերը փոխել, խափանել հնարավոր չէ։ Երեխաներին անգամ հասկանալի է, որ արդյունքի հասնելու մեկ ճանապարհ կա՝ բոլոր նմանատիպ ուժերի միավորումը, որն անհրաժեշտ, բայց բացարձակ պայման չէ, քանզի իշխանությունները բազում եղանակներով արդեն այրել են հաջողության բոլոր կամուրջները։

Եվ եթե փրկության եւ հաջողության մի փոքրիկ հույս՝ շյուղ կա, ապա դա բոլոր պայքարող, ընդդիմացող խմբերի, ողջ ընդդիմության, մտավորականության, առողջ մտածող քաղաքացիների եւ հայրենիքի համար մտահոգ բնակչության միավորումն է, որը Տիրոջ օգնությամբ կարող է հասնել ինչ-որ հաջողության՝ փոքրիկ շանս թողնելով հայոց պետականության, պետության գոյատեւման համար։ Հակառակ պարագայում, չնայած մեր ժողովրդի որոշ հատվածի հայրենասիրական ցանկություններին, մենք կկորցնենք մեր հայրենիքը, քանզի իշխանությունները շարունակում են խարխլել հայկական պետությունների հիմքերը։ Իսկ կշեռքի նժարին դրված է՝ ոչ ավել, ոչ պակաս, Արցախի եւ Հայաստանի լինել-չլինելու հարցը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ