Президент, который гуляет сам по себе

Президент, который гуляет сам по себе
Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է ճամփորդել տարբեր երկրներով։ Հիմնականում` սեփական նախաձեռնությամբ, անձնական կապերի եւ հրավերների շնորհիվ։ Նրա այցերը, կարելի է ասել, առանձնապես չեն էլ տեղավորվում Հայաստանի կառավարության վարած արտաքին քաղաքական օրակարգում։ Արմեն Սարգսյանը, որպես կանոն, սեփական օրակարգն ունի, Նիկոլ Փաշինյանը՝ իր։ Եվ նրանց գործողությունները, հիմնականում, համաձայնեցված չեն, անգամ մեկը մյուսից տեղյակ չի լինում։ Կառավարություն-նախագահական կապը, չնայած հազվադեպ հանդիպումներին, մեծ հաշվով, խզված է։ Արմեն Սարգսյանը հայտնվել է кот, который гуляет сам по себе կարգավիճակում:

Մեկ էլ տեսար՝ նա Փաշինյանի այցերին զուգահեռ նույն երկիր նույն ժամանակահատվածում սեփական այցն է կազմակերպում, որովհետեւ տվյալ երկրի նախագահի հետ ունի անձնական լավ հարաբերություն, եւ վերջինս իրեն հրավիրել է՝ պաշտոնական կամ պետական այցի։ Օրինակ՝ հիմա նա Իտալիայի նախագահի անձնական հրավերով պետական այցով գտնվում է Հռոմում, դրանից առաջ Վրաստանի նախագահի անձնական հրավերով պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան, որից մի քանի ամիս անց՝ նույնպես պաշտոնական այցով, Վրաստան մեկնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, թե ինչ են տալիս Արմեն Սարգսյանի այցերը մեր երկրին, դժվար է ասել։ ՀՀ նախագահն իսկապես լայն կապեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ երկրների ղեկավարների հետ, եւ կարելի է այդ կապերն օգտագործել ի շահ մեր երկրի։ Բայց կառավարությունից, կարծես թե, խանդով են նայում Սարգսյանի կապերին ու ակտիվությանը եւ առանձնապես ոգեւորված չեն նախագահի ակտիվությամբ։ Նախագահն էլ, ինչպես նկատել են շատերը, փորձում է երկրի շահերը «սպասարկելուն» զուգահեռ՝ ձեռքի հետ էլ առաջ մղել անձնական բիզնես շահերը։ Դատելով նրա այցերի աշխարհագրությունից՝ կարելի է հասկանալ, թե որ երկրներում ինչ հետաքրքրություններ ունի մեր նախագահը։

Նախագահի դեմ կանխակալ վերաբերմունքը, բնականաբար, գալիս է նաեւ պատերազմից հետո նրա որդեգրած վարքագծից, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու փաստից։ Դժգոհությունները, իհարկե, երկուստեք են` կառավարությունը դժգոհ է, որ Արմեն Սարգսյանն իրենց հետ հաշվի չի նստում եւ որպես ՀՀ նախագահ՝ փորձում է անձնական նախաձեռնություններով հանդես գալ: Նրանց անգամ Արմեն Սարգսյանի փոքրիկ ակտիվությունն է վրդովեցնում, նախագահականն էլ արդարացիորեն դժգոհում է, որ կառավարությունը խեղդում է ցանկացած նախաձեռնություն, անգամ երկրի շահերից բխող քայլերին է դեմ եւ ամեն կերպ խոչընդոտում է համազգային նշանակության ծրագրերի իրականացմանը, Հայաստանի հեղինակության բարձրացմանը, եթե դրանք իրականացվում են ոչ թե կառավարության, այլ նախագահականի կողմից: Կառավարությունից չեն դիմում նախագահին, որ գուցե օտարերկրյա այցերի ժամանակ տարբեր ազդեցիկ անձանց հետ հանդիպելիս նրա կապերն օգտագործեն։ Նույնը` նաեւ պատերազմի ժամանակ: Փաշինյանի ամբիցիաները թույլ չեն տալիս երկրի պետական շահը վեր դասել անձնականից։ Նրա համար անընդունելի կլինի, եթե մեր երկիրը որեւէ հաջողություն գրանցի, եւ դրանում վաստակ ունենան Հայաստանի ներկա կամ նախկին նախագահները։

Կառավարության այս վերաբերմունքը երկրի նախագահի նկատմամբ փոխանցվել է նաեւ ԱԳՆ-ին, որը չի ուզում Արմեն Սարգսյանի արտաքին կապերով զբաղվել եւ խնդիրներ է տեսնում դրանց մեջ։ Այստեղ Նիկոլ Փաշինյանի տեսակետն է գերիշխում, որ Արմեն Սարգսյանը պետք է բացառապես գիտակրթական եւ հումանիտար հարցերով զբաղվի, նա լիազորություն չունի խառնվելու արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական հարաբերությունների մեջ։ Եվ ամեն քայլի մեջ սխալ է բռնում: Գուցե նաեւ դա է պատճառը, որ Արմեն Սարգսյանն էլ հաճախ առանց ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու է քայլեր անում: Ուստի ԱԳՆ-ն փորձում է կանխել Արմեն Սարգսյանի «ինքնագործունեությունը»։ Երբեմն հաջողվում է, երբեմն՝ ոչ։ Օրինակ՝ անցյալ տարվա օգոստոսին Արմեն Սարգսյանը փորձել է շնորհավորել Պակիստանին՝ անկախության տոնի առթիվ, եւ ԱԳՆ-ն դա վերջին պահին կանխել է, քանի որ Պակիստանի հետ մենք որեւէ հարաբերություն չունենք, եւ Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը ու երբեմն բացահայտորեն աջակցում է մեր թշնամիներին։ Նույնկերպ նախագահը Ռամադանի առթիվ փորձել է շնորհավորական ուղերձ հղել մահմեդական երկրներին՝ դրանց մեջ ներառելով նաեւ Պակիստանի անունը, ու դարձյալ ԱԳՆ-ն ստոպ է տվել։ Արմեն Սարգսյանն իր քայլը բացատրել է նրանով, որ որոշել է մեսիջ ուղարկել Պակիստանին եւ նրան մղել մեզ հետ հարաբերություններ հաստատելուն:

Իսկ վերջին մեկ ամսում Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, ցավակցական խոսքեր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Հայկոյի, ավելի վաղ՝ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովին» եւ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ ընդունել շնորհավորանքներ աշխարհի առաջնորդներից, այդ թվում՝ իր սիրելի թագուհի Եղիսաբեթ Երկրորդից, նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի եւ այլ երկրների նախագահներից։