Քոչարյանը ճգնաժամային կառավարիչ է․ ստեղծում է ճգնաժամ, հետո կառավարում․ Տեր-Պետրոսյան

Քոչարյանը ճգնաժամային կառավարիչ է․ ստեղծում է ճգնաժամ, հետո կառավարում․ Տեր-Պետրոսյան

Այսօր կայացած ասուլիսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ էր տեսնում դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարում՝ որպես վարչապետի թեկնածու, երբ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկում էր միասնաբար մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ նախկին ղեկավարները որևէ պետական պաշտոնի չպիտի հավակնեն․

«Ինչո՞ւ ցուցակ, ցուցակից դուրս էլ մենք կարող էինք վարչապետի թեկնածու առաջադրել, ես անձ չեմ ասել, ես ասել եմ, որ պետք է լինի ճգնաժամային կառավարության մի տեխնոկրատ, փորձված, կառավարչական ունակություններով օժտված մարդ, որը կարող է 1-2 տարում իսկապես լիովին աշխատեցնել  այդ ջարդված, ջախջախված պետական մեքենան։ Հայաստանի պետական մեքենան ջախջախված է․ ո՛չ ոստիկանությունն է իր գործն անում, ո՛չ դատարանները, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինները, ոչ մեկը, բացարձակապես։ 1990 թվականին մենք այդպիսի վիճակ ստացանք, կոմունիստական կուսակցությունը բացարձակապես չէր տիրապետում երկրի իրավիճակին, գիշերները Երևանում ոնց որ ռազմաճակատ լիներ, ամեն կողմերից կրակում էին, մենք մի քանի ամիսների ընթացքում Աշոտ Մանուչարյանի, Վանո Սիրադեղյանի օգնությամբ ամբողջը վերականգնեցինք, մենք զինաթափ արեցինք բոլոր անօրինական զինյալ ջոկատները, մի մասին պարտադրեցինք, մյուս մասն էլ կամավոր ենթարկվեցին խորհրդարանի ազդեցության տակ գտնվող զինված ուժերին։ Հիմա այսօր պետական մեքենա գոյություն չունի․ ոստիկանությունը զբաղված է այս ընտրական բաներով, քրեական տարրերը ծաղկում են՝ գողություն, ավազակություն, սպանություններ։ Սա ինչի՞ց է գալիս, որովհետև ոստիկանությունը բացարձակապես ուրիշ բաներով է զբաղվում․ Հանրապետության հրապարակում ոստիկանության անձնակազմի կեսը ամիսներ շարունակ գտնվում էր այդտեղ, էլ ի՞նչ եք ուզում»,- պատասխանեց Տեր-Պետրոսյանը։

Այսինքն՝ կահամաձայնե՞ր, որ այդ ցուցակի առաջին համարը ՀԱԿ-ից չլիներ՝ հարցրինք Տեր-Պետրոսյանին․

«Ոչ մի ՀԱԿ, ոչ մի դաշնակ, ոչ մի ՔՊ։ Գլխավորը, ասում եմ, դա քաղաքական դեմք չպետք է լիներ, այդպիսի ճգնաժամային պահերի հրավիրում են տեխնոկրատի, որը շատ կարճ ժամանակում կարողանում է ճգնաժամից դուրս գալ, հետո իշխանությունը հանձնել քաղաքական ուժերին։ Եթե մենք անցնենք խորհրդարան, ամեն ինչ անելու ենք, որ քաղաքական դեմքերը չլինեն վարչապետ, պիտի գտնվի ճգնաժամային իրավիճակների կառավարիչ։ Քաղաքական որևէ դեմքի դրեցիք, Հայաստանը կկործանվի, չի դադարի այս փողոցային պայքրը,որը կարող է վերածվել զինված պայքարի»,- ասաց Տեր-Պետրոսյանը, իսկ պնդմանը, որ Քոչարյանն ասում է, որ այդ ճգնաժամային կառավարիչը ինքն է, Տեր- Պետրոսյանը այսպես արձագանքեց․

«Այո- այո, ճիշտ եք ասում, ճգնաժամային կառավարիչ է, ինքը ճգնաժամեր ստեղծում է, հետո կառավարում»։