«Hitler ist kaputt?»

«Hitler ist kaputt?»

Թեպետ արդեն 76 տարի է անցել խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմի ավարտից, այդուհանդերձ, ԽՍՀՄ-ում ծնվածների բառապաշարում դեռևս պահպանվել է «Հիտլեր կապուտ» («Hitler ist kaputt!») արտահայտությունը: 

«kaputt»-ն առաջին անգամ օգտագործել են գերմանացիները, բայց սկզբում այն չի վերաբերել ֆյուրերին, այլ վերաբերել է Ստալինին: «Ստալինը կապուտ» -ը խորհրդային քաղաքացիների լեքսիկոն է մտել 1941 թվականին, երբ նրանցից շատերը հանձնվել են գերի թշնամուն: Գուցե պատահական չէ, որ գեբելսյան թռու-ցիկներում, որոնք ցրվում էին Կարմիր բանակի թիկունքում, խորհուրդ էր տրվում գերի հանձնվելիս «բարձրացնել երկու ձեռքերը և արտաբերել. «Ստալին կապուտ»: Բայց, գերմանացիները «kaputt» ասել են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան ջարդվել է, կոտրվել կամ շարքից դուրս է եկել: Այդ բառը, ըստ կանոնների, չի օգտագործվել շնչավոր էակների առնչությամբ: Այդ կանոնները խախտել են իրենք՝ գերմանացիները: Ինչու՞: Որովհետև գերմաներեն «капут» բառը գրեթե միակն է եղել, որը հայտնի է եղել Ռուսաստանում, հետևաբար, ԽՍՀՄ-ում, մինչև Գերմանիայի հարձակվելը: Բանը նրանում էր, որ այդ պատերազմից գրեթե 100 տարի առաջ, ռուս դասականները՝ Դոստոևսկին («Крокодил»-ում, «Идиот»-ում, ինչ էլ ուժեղ բառ է ու, կարևորը՝ մեր օրերում տեղին), Գոգոլը («Шинель» -ում) բոլոր դեպքերում օգտագործել են «վերջ» իմաստով: Ըստ Վլադիմիր Դալի («Толковом словаре живого великорусского языка»-ում)՝ «kaputt»-ն օգտագործվում է վերջ, մահ իմաստներով: Այդ եզրույթն օգտագործվել է նաև թղթախաղ խաղացողների շրջանում՝«խաղի վերջը, «ժամանակն է հանձնվել» իմաստներով: 

«Հիտլերը կապուտ» արտահայտությունը, այսպիսով նշանակում է Հիտլերը ջախջախված է: Գերմանացիները չէին կարող այդպես սխալվել, քանի որ նրանք պետք է բացականչեին «Hitler ist kaputt!»: Հավանաբար, կարմիրբանակայիններն են կրճատել այդ նախադասությունը մինչև «Hitler kaputt!»: Գերի հանձնվելիս, գերմանացիներն արտաբերել են «Kapitulieren»՝ կապիտուլյացիա:

Ինչևէ: Թող, ոչ իրենց մեղքով, գերեվարված հայորդիները հազար անգամ ներեն ինձ, բայց, «հիմնավոր կասկածներ» կան, որ հետևելով գեբելսյան հրահանգներին, նրանք վեր բարձրացրած ձեռքերով բացականչել են. «Փաշինյանը ջախջախված է», «Փաշինյանը կապիտուլյացիայի է ենթարկվել… կամավոր»: Ահա, թե ինչու նրանց վերադարձնելու ոչ մի շահագրգռվածություն չունեն մեր օրվա իշխանությունները, որոնք իրենց թաղի «պադվալներում» են միայն համաձակվում ասել, թե «շինելու ենք»:

Բայց նորից ինձ հազար անգամ թող ներեն գերեվարված հայորդիները՝ նրանք սխալվեցին, ինչպես սխալվել էր Սերժ Սարգսյանը 2018-ին: «Pashinyan kaput?» Չէ, չէ, Nein, Nein! Եթե Փաշինյան կապուտ, ուրեմն Հայաստան՝ կապուտ: Ոչ մի դեպքում: Auf keinen fall! Իսկ թավշյա համաշխարհային հեղափոխությունն ո՞վ է ավարտին հասցնելու ու «շինելու» (+ 16) Հայաստանի չկամեցողներին, եթե ոչ գերագույն գլխավոր շինիչը (+ 16): Առանց Հայաստան երկրագունդն ու՞մ է պետք: Հետևաբար, թավշյա հեղափոխությունը պետք է հաղթանակի ամբողջ աշխարհում՝ կործանելով Երկիր մոլորակը, քանզի առանց Հայաստան երկրագունդն ու՞մն է պետք (Պուտինն էլ հո Տեր-Պետրոսյանը չի, որ նեղանա, թե իր միտքն եմ օգտագործում):

Գագիկ Վարդանյան