Բլինքենն ու Փելոսին կանխեցին Ջերմուկի, Սյունիքի եւ Սեւանի ափի օկուպացիան

Բլինքենն ու Փելոսին կանխեցին Ջերմուկի, Սյունիքի եւ Սեւանի ափի օկուպացիան

Նենսի Փելոսին հենց հեռացավ, գործի անցան տասնյակ քաղաքական մեկնաբանները, որոնց նպատակը մեկն էր՝ զրոյացնել, նսեմացնել այդ բարձրաստիճան, հայասեր ու հմայիչ կնոջ այցի եւ Էնթոնի Բլինքենի՝ Իլհամ Ալիեւին սաստող հեռախոսային 2 զրույցի նշանակությունը Հայաստանի համար: Նրանց կրկնվող փաստարկները մի քանիսն էին, բայց այդ պրոպագանդիստներից ոչ մեկը չբարձրաձայնեց, թե ինչ կլիներ, եթե ԱՄՆ պետքարտուղարը չզանգեր, եւ այդ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակն իր այցով չհաստատեր ԱՄՆ ղեկավարության հաստատակամությունը՝ Հայաստանին նեցուկ լինելու հարցում: 

Իսկ կլիներ այն, որ Ջերմուկը, Սյունիքը եւ Սեւանի ափը՝ Սոթքի ոսկու հանքով միասին, նաեւ ՀՀ այլ բնակավայրեր ու տարածքներ այլեւս մերը չէին լինի, եւ մեր զոհերի, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը կլիներ ոչ թե 2 հարյուր, այլ մի քանի հազար: 

Հիշեցնենք, որ զանգել էին նաեւ Կրեմլից, բայց՝ անարդյունք: Ավելին, կա վկայություն, թե, իբր, «Հայաստանի վրա ծրագրված հարձակումից 6 ժամ առաջ Սոթքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը լքել է տեղակայման վայրը եւ տեղափոխվել խոր թիկունք։ Դրանից մի քանի ժամ հետո` կեսգիշերից 5 րոպե անց, թշնամին հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա մի քանի ուղղություններով, այդ թվում եւ՝ Սոթքի»։ 

Քաղաքական մեկնաբանները չպահանջեցին հետաքննել, թե արդյո՞ք ճիշտ է այդ վկայությունը, եւ եթե այո, պարզել, թե ինչ պատժի են արժանացել այդ դասալիքները: Իսկ եթե ճիշտ չէ՝ հերքել ու պատժել սուտ վկայության հեղինակին: Չեմ ուզում մտածել անգամ, որ խաղաղապահներին այդպիսի դավաճանական հրաման կարող էր տալ նրանց հրամանատարը:  

Մեկնաբաններից ոմանք պնդում էին, թե նոյեմբերին կայանալիք ԱՄՆ խորհրդարանի միջանկյալ ընտրություններից հետո այդ երկրի իշխանություններն այլեւս նույն չափով չեն սատարի Հայաստանին: Իրոք, չի բացառվում, որ եթե նախկին նախագահ Թրամփի կողմնակիցները կարողանան ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն կազմել, նախագահ Բայդենի եւ նրա պետքարտուղարի գործը կդժվարանա: Քանի որ հիշում ենք, որ Թրամփը, ում հետաքրքրում է միայն ԱՄՆ բարեկեցությունը, այլ ոչ թե աշխարհի անցուդարձը, չմիջամտեց եւ չկանխեց 2020 թվականի Բաքվի ագրեսիան: Բայց դա չի նսեմացնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ հենց հիմա Հայաստանը փրկած նախագահ Բայդենի արածի կարեւորությունը: 

Որոշ մեկնաբաններ պնդում էին, թե կարեւորը մեր տարածաշրջանում տեղակայված բանակներն են՝ ադրբեջանականը, ռուսականը, թուրքականը, իրանականը: Մինչդեռ Միացյալ Նահանգները չունեն այստեղ գտնվող զինված ուժեր: 

Իհարկե, եթե նույնիսկ ամերիկյան մեկ դասակ լիներ Հայաստանում եւ իր դրոշը ցուցադրեր ադրբեջանցիներին, նրանք չէին համարձակվի հարձակվել մեր երկրի վրա: Բայց պարզվեց, որ «կատվին ճղած», այսինքն՝ մի քանի առավել ագրեսիվ բռնապետերի հարցերը լուծած աշխարհի միակ գերտերության հեղինակությունն այնքան մեծ է, որ 2 հեռախոսազրույցն էլ բավարար եղան, որ Բաքվի բռնապետը խելքը գլուխը հավաքի (կարծում ենք, որ ամուսնությունից առաջ հարսի աչքերի առջեւ փեսայի կողմից «կատու ճղելու»  մասին հայկական զրույցը շատերին է ծանոթ):  
Ինչ վերաբերում է բանակներին՝ ո՛չ իրանականը, ո՛չ ռուսականը եւ ո՛չ էլ ՀԱՊԿ ստորաբաժանումները չմիջամտեցին, չնայած նախապես հայտարարություններ էին արել, թե թույլ չեն տա, որ ՀՀ սահմանները փոփոխվեն: 

Հարց է առաջանում, թե ինչու է այդքան մեծացել քաղաքական մեկնաբանների թիվը, եթե նրանց գերակշիռ մեծամասնությունը համարյա նույն բանն է ասում: Պրոպագանդայի համար թիվը կարեւոր է՝ դա ստեղծում է ասածի հավաստիության զգացում: 

Շատերը երեւի տեսած կլինեն սովետական հոգեբանական ֆիլմն այն մասին, թե ինչպիսի ազդեցություն է ունենում մարդու վրա շրջապատի կարծիքը: Ֆիլմում մի խումբ մասնակիցներ նախապես պայմանավորվում եւ նույն բացահայտ սուտ պատասխանն են տալիս հարց հնչեցնողին: Հիմա չեմ հիշում, թե հարցը որն էր, ասենք՝ «սե՞ւ է, թե՞ սպիտակ»: Եվ չնայած փորձարկվողն իր աչքով տեսնում է, որ սպիտակ է, այլ ոչ թե սեւ, նա տարակուսած նայում է մյուսներին, եւ երբ իրեն են տալիս նույն հարցը, ոչ թե ասում է «սպիտակ», այլ կրկնում է մյուսների ասած բացարձակ սուտը՝ «սեւ է»:  

Մեզ էլ նույն մեթոդով հիմարեցնում են, որ չհավատանք մեր աչքով տեսածին ու ականջով լսածին, այլ հավատանք «քաղաքական մեկնաբաններին»:

Գրիգոր Էմին-Տերյան