Ռուսաստանը կարող է չգնալ, եթե անգամ խնդրեն ու պահանջեն

Ռուսաստանը կարող է չգնալ, եթե անգամ խնդրեն ու պահանջեն

Հայաստանում հակառուսական տրամադրությունների անշեղ աճին զուգահեռ, ավելի բարձր եւ համոզիչ է հնչում այն մարդկանց ձայնը, ովքեր կոչ են անում դադարեցնել Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, միակողմանիորեն չեղարկել 1997 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված Համագործակցության, բարեկամության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը եւ հույսը դնել Արեւմուտքի ու արեւմտյան կառույցների վրա: Հանրության շրջանում հակառուսական տրամադրությունների աճն էապես մեծանում է համատարած ու համակարգված քարոզչության արդյունքում, որն իրականացվում է նաեւ պետական լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ:

Ռուսաստանին մեղադրում են Հայաստանին թշնամու դեմ միայնակ թողնելու, պատերազմական իրավիճակում մեզ օգնության ձեռք չմեկնելու, ինչպես նաեւ թշնամի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու մեջ: Դրան ի պատասխան՝ Ռուսաստանում էլ աճում է Հայաստանի եւ նրա իշխանությունների քննադատությունը: Հայաստանը մեղադրվում է Ռուսաստանի համար դժվար պահին թիկունքից հարված հասցնելու մեջ, որն արվում է Արեւմուտքի հետ համագործակցելով՝ նպատակ ունենալով Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել, ինչի արդյունքում Ռուսաստանը ստիպված կլինի իր զորքի եւ զենքի մի մասն ուկրաինական ճակատից տեղափոխել այստեղ՝ միեւնույն ժամանակ թշնամանալով այս պահին դրական չեզոքություն պահպանող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: 

Դժվար է ասել, թե որ կողմում է ճշմարտությունը, եւ ում փաստարկներն են ավելի համոզիչ կամ իրականությանն ավելի մոտ: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչ ռիսկեր է պարունակում Հայաստանում հակառուսականության նման աճը, եւ ինչի կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն ուղղված Հայաստանի իշխանությունների գործունեությունը:

Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի իշխանությունները սկսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, որովհետեւ, ինչպես ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կասեր` իրենց համբերությունը սպառվել է, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը որոշել է, որ Հայաստանն այլեւս ՀԱՊԿ-ից ակնկալիք չունի: Ռուսաստանը նման քայլը կդիտի որպես իր դեմ ուղղված թշնամական քայլ եւ, հաստատ, թշնամությանը կպատասխանի թշնամությամբ: Ձմռան շեմին ամենազգայուն քայլը կարող է լինել Հայաստան մատակարարվող գազի գների բարձրացումը: Այս պահին Ռուսաստանը սահմանի վրա գազը վաճառում է հազար խորանարդի դիմաց 165 դոլարով: Եվրոպայում գազի շուկայական գներն առնվազն 15 անգամ թանկ են. տատանվում են 2-3 հազար եվրոյի շրջանակներում: Եթե Ռուսաստանը մի պահ որոշի մեզ գազ մատակարարել շուկայական գներով, Հայաստանում իսկական տնտեսական ու սոցիալական կոլապս կսկսվի: Երկիրը կարող է հայտնվել ավելի վատ վիճակում, քան 1992-93 թվականներին էր, որն ընդունված է համարել «ցուրտ ու մթի տարիներ»: 

Շատերը կարծում են, որ եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել գազի գինը, դրա այլընտրանքը կարող է լինել իրանական գազը, եւ ասում են, որ նման դեպքում կարող ենք օգտվել Իրան-Հայաստան գազամուղից: Նախ՝ իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը, բայցի դա՝ Հայաստանի գազմատակարարման համակարգը ռուսական «Գազպրոմի» սեփականությունն է, եւ «Գազպրոմն» է որոշում, թե ինչ գազ մատակարարի Հայաստանին: Իհարկե, կարելի է վերցնել ու ազգայնացնել Հայաստանի գազամատակարարման համակարգը, ինչպես եվրոպական շատ երկրներ այժմ իրենք են տնօրինում իրենց տարածքում «Գազպրոմի» ունեցած սեփականությունը: Բայց Հայաստանը Եվրոպա չէ, Հայաստանում գրեթե ամենուր ռուսական բանակ է կանգնած, որը կարող է որոշել՝ պաշտպանել ռուսական սեփականությունը: Այդ դեպքում իսկապես կարող է բացվել երրորդ ճակատ: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ կնքված Համագործակցության, բարեկամության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրից դուրս գալու եւ ռուսական զորքերը Հայաստանից հանելու պահանջին: Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի խորհրդարանն իսկապես միակողմանիորեն չեղարկում է այդ պայմանագիրը եւ պահանջում, որ Ռուսաստանը Հայաստանից հանի ինչպես իր սահմանապահ զորքերը, որոնք ծառայություն են իրականացնում հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին, այնպես էլ ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, այդ թվում եւ՝ Արցախում տեղակայված խաղաղապահներին: Ես չեմ ասելու, թե ռուսների դուրս գալուց հետո Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են հարձակվել Հայաստանի վրա: Կա ավելի հավանական սցենար. Ռուսաստանը կարող է ընդհանրապես ուշադրություն չդարձնել Հայաստանի խորհրդարանի որոշման վրա եւ շարունակել մնալ Հայաստանում: Մի՞թե Ուկրաինան կամ Վրաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր ունեն, որ ռուսական զորքը պետք է լինի այդ երկրների տարածքում: 2022 թվականի փետրվարի 24-ից հետո միջազգային իրավունքը դադարել է Ռուսաստանի իշխանության համար որեւէ նշանակություն ունենալ, եւ դա վերաբերում է նաեւ Հայաստանի հետ ունեցած իրավապայմանագրային հարաբերություններին:

Այնպես որ, եթե անգամ Հայաստանի իշխանությունը որոշի եւ նույնիսկ պահանջի, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքը Հայաստանից, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չի կատարի այդ պահանջը: Բայց եթե մինչեւ հիմա ռուսական բանակը Հայաստանում է որպես բարեկամ եւ դաշնակից երկրի բանակ, նման որոշումից հետո այն կդառնա օկուպացիոն բանակ: Արդյոք այն մարդիկ, ովքեր պահանջում են, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքը Հայաստանի տարածքից, պատրա՞ստ են պատերազմ հայտարարել Ռուսաստանին ու կռվել ռուսական բանակի դեմ: Թե՞ հույս ունեն, որ դա իրենց փոխարեն կանի ամերիկյան բանակը, ՆԱՏՕ-ն կամ էլի չգիտեմ թե ով:
Այնպես որ, Հայաստանի իշխանությունը, բորբոքելով հակառուսական տրամադրություններ, իրականում կոնկրետ որեւէ քայլ չի ձեռնարկի ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի հետ պայմանագրային հարաբերությունները խզելու ուղղությամբ՝ հասկանալով նման քայլերի կործանարարությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ, առաջին հերթին, իրենց իշխանության համար:

Ավետիս Բաբաջանյան