Ընտրությունների դասերը

Ընտրությունների դասերը

2021 թվականին տեղի ունեցած ընտրությունները (այդ թվում՝ արտահերթ խորհրդարանականը) մի շարք երեւույթներ բացահայտեցին՝ արժանի արձանագրման: Բնականաբար, դրանք դրսեւորվեցին իշխող քաղաքական ուժի վարքագծում եւ գործողություններում: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ իշխանության ձեռքում են կենտրոնացած ընտրությունների վրա ազդեցություն գործելու բոլոր լծակները: Եվ ինչպես ցույց տվեց ընտրությունների ընթացքը, նախկիններին մերժելու գնով իշխանության եկած քաղաքական խմբակը, վերածվելով իշխող ուժի, Փաշինյան Նիկոլի առաջնորդությամբ նախկիններից ժառանգեց այն ողջ հակաժողովրդավարական գործիքակազմը, ինչի դեմ պայքարում էր ավելի քան երկու տասնամյակ: Ինչը նշանակում է, որ ժողովրդավարություն հռչակելը դեռ չի նշանակում դրան հետեւելու կամք ու պատրաստակամություն: Հատկապես այն ժամանակ, երբ խաղասեղանին է դրված իշխանության պահպանման խնդիրը:

Եվ այսպես, առաջին դասը «ժողովրդի իշխանության» պայմաններում կամ այլոց կողմից «ժողովրդավարության փայլուն աստղ» հորջորջվող երկրում վարչական բազմաթիվ լծակների չարաշահումն էր, ինչը քաղաքական կոռուպցիայի դասական դրսեւորում է: Դրանցից էին, օրինակ, քարոզարշավի ընթացքում եւ քվեարկության օրը ընդդիմադիրների նկատմամբ ոստիկանական կամ իրավական գործողությունները: Ոստիկանականի եւ իրավականի տարաբաժանումը պայմանավորված է նրանով, որ առաջինը բացարձակ անիրավական գործողությունների շղթա էր՝ թելադրված գործադիր իշխանության կամ, ավելի ճիշտ՝ անձամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից:  

Երկրորդ․ կրկնակի չափանիշների կիրառումը քարոզարշավի օրերին՝ «Այն, ինչ թույլատրված է Զեւսին, արգելվում է եզին» սկզբունքին համաձայն: Դրա տիպիկ դրսեւորումը ընդդիմադիրների (այդ թվում՝ ԱԺ պատգամավոր) կալանավորումն էր, այսպես ասած, անթույլատրելի քարոզչության համար: Նույն կամ ավելի խիստ արարքի համար իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես պատասխանատվության չէին կանչվում: Սա եւս քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ է: Չմոռանանք, որ 2018-ի ապրիլյան իրադարձությունների օրերին եւ դրանից հետո անընդհատ խոսվում էր կոռուպցիայի դեմ պայքար մղելու անհրաժեշտության մասին: Փաստորեն, այն ոչ թե ընդհանրապես կոռուպցիայի, այլ միայն նախկինների օրոք կատարված կոռուպցիայի առումով էր: Որպես երկրորդի առանձնացված մաս՝ կարող ենք դիտարկել պետական եւ համայնքային իշխանությունների կողմից անհատական կամ համայնքային սոցիալական օգնության եւ կամ ծրագրերի օգտագործումը քվե ստանալու նպատակով: Ընդդիմադիրների կալանավորումները նաեւ այդ մասով էին: 

Երրորդ․ քրեական (կամ թաղային) հեղինակությունների դեմ պայքարի դրոշակ բարձրացրած իշխանությունը լիովին օգտվեց դրանց ծառայություններից: Ճիշտ այնպես, ինչպես ոչ բարի նախկին ժամանակներում: Սա եւս քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է: Դրանից բացի, ընդհանրապես նախկինների ծառայություններից օգտվելը դարձավ նորմ, չնայած այն հանգամանքին, որ երեքուկես տարի շարունակ որպես գործող իշխանության անհաջողությունների պատճառ նշվում են հենց նախկինները: Բայց դե, ինչպես ասվում է, նախկինների մի մասին կարելի է փակել տալ, մյուս մասին՝ օգտագործել: Իհարկե, դա բարոյական չէ, բայց ով է ասել, որ քաղաքականությունը բարոյագիտական կատեգորիա է: Իսկ գործող իշխանությունն էլ բարոյականության պատվար (թե՞ բաստիոն):

Չորրորդ, այսպես կոչված, «ժողովրդի իշխանության» առաջնային հատկանիշը՝ պոպուլիզմը, դրսեւորվեց իր ողջ «շքեղությամբ»: Այն ի հայտ եկավ ստի եւ կեղծիքի պատմուճանով զգեստված: Այս առումով բավական է հիշել միայն մահացածների շիրիմներին ծաղիկ դնելուց հետո ծնկած՝ ձեռքը կրծքին Նիկոլի կերպարը: Այն մահացածների, որոնց նա զոհաբերել էր, ըստ լրագրող Հոխիկյանի հետագա խոստովանության, Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Դա էլ է բարոյականության նորմերին ոչ հարիր, սակայն երրորդ կետի առումով արդեն գրվել է դրա մասին՝ չկրկնվենք:

Հինգերորդ․ ի տարբերություն նախորդ կետի ստի եւ կեղծիքի, այս դեպքում ճշմարտությունն ավելի քան ակնհայտ էր: Դա քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության դրսեւորումն էր, ինչի պակաս չզգացվեց քարոզարշավների ընթացքում: Ի դեպ, այս կետի արձանագրման առումով իրենց համարյա ամբողջապես իշխանամետ դրսեւորեցին տեղական հասարակական կազմակերպությունները: Տեղական եւ միջազգային դիտորդների՝ բացառությամբ մեկ-երկու դեպքի, իշխանամետ դիրքորոշումները հերթական անգամ վկայեցին նրանց շրջանում ոչ թե արժեքների ու սկզբունքների, այլ քաղաքական կողմնորոշումների առկայության մասին: