Օգտվելով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի բացակայությունից

Օգտվելով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի բացակայությունից

Երեկ մեկնարկեց համաշխարհային քաղաքականությունում 2021թ․ երեւի թե ամենանշանակալից համաժողովը: Այն չէր գումարվելու ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորքում, այլ Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ եւ հրավերով: Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ դեռ մեկ-երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Բայդենի նախաձեռնած «Ժողովրդավարության համաժողովը» կկայանա առցանց, իսկ անցյալ ամիս POLITICO ամսագրին հաջողվել էր ձեռք բերել երկրների ցանկը, որոնց ղեկավարները հրավիրված են համաժողովին: Ինչ խոսք, ամենքի ուշադրությունը գրավել էր հատկապես այն, որ Հեռավոր Արեւելք-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից ընդամենը երեք-չորս պետություն էր հրավիրված` Հնդկաստան, Թայվան, Նոր Զելանդիա եւ, կարծես, Նեպալ: Բայց երբ հրավիրյալների ցուցակին նայում ես Հայաստանից, էլ ավելի ուշագրավն այն է, որ մեր հիմնական թշնամի-բարեկամները, ի դեմս Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի, եռյակով դուրս են թողնված հրավիրյալների ցանկից: Նրանց ճակատագրին արժանացել են մեկ էլ Հունգարիան, Սերբիան եւ Բոսնիա-Հերցեգովինան, մնացյալ ողջ Եվրոպան` Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից ու Ֆրանսիայից մինչեւ Էստոնիա, Վրաստան ու Հայաստան հրավիրված են համաժողովին: 

Այս համաժողովում ամենից ուշագրավն ու խոսունը հենց հրավիրյալների ցանկն է, որ, ինչպես ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն էին ձեւակերպել POLITICO-ի համար, չի նշանակում, թե հրավիրված երկրները ժողովրդավար են, չհրավիրվածները` ոչ ժողովրդավար: Հրավիրված լինելու հանգամանքը նշանակում է այն, որ ԱՄՆ-ն տվյալ երկիրը դիտարկում է իր համագործակցության խորացման դաշտում: Այլ կերպ ասած, Բայդենի վարչակազմն այս երկրների հետ է պատրաստվում աշխատել եւ նրանց վրա հենվել առաջիկա տարիների իր միջազգային քաղաքականությունում: Հարավային Կովկասում Հայաստանին եւ Վրաստանին միանշանակորեն այդ համագործակցության պարագծում ընդգրկելը, իսկ Թուրքիային, Ռուսաստանին եւ Ադրբեջանին ցուցադրաբար դուրս թողնելը նպաստավոր իրադրություն է ստեղծել Հայաստանի համար: 

Ընդ որում, Ռուսաստան-Թուրքիա տանդեմին եւ դրանց պոչի դերում հանդես եկող Ադրբեջանին բոյկոտելը լոկ ցուցադրության հարց չէ: Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացումը, բաց դիմակայության հասած վիճակն Ուկրաինայում միջազգային լրատվամիջոցների թոփ թեման է: Ռուսաստանը կանգնած է երկընտրանքի առջեւ, որը ոչ մեկից չի թաքցվում` կա՛մ Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինայի նոր տարածքներ եւ դրա դիմաց ստանում է տնտեսությունն ու ֆինանսական համակարգը փլուզող այն պատժամիջոցները, որոնցից Արեւմուտքը ձեռնպահ մնաց 2014-ին Մոսկվայի դեմ Ղրիմ ներխուժման համար պատժամիջոցներ սահմանելիս: Ընդսմին, ինչպես անցյալ դարավերջին ԽՍՀՄ-ը, այնպես էլ այսօրվա Ռուսաստանը առանձնապես ռեսուրս չունի նման ճնշման դիմակայելու:

Կամ էլ Ռուսաստանը խուսափում է ԽՍՀՄ ճակատագրից ու ֆինանսատնտեսական կոլապսից, փոխարենը գիտակցելով եւ ընդունելով, որ ինքը չպետք է միջամտի սահմանակից երկրների ներքին գործերին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Ռուսաստանը ոչ մի իրավական, քաղաքական, բարոյական հիմք կամ իրավունք չունի իր հարեւաններին թելադրելու, թե ինչ պաշտպանական դաշինքի միանան կամ չմիանան: Եթե Ուկրաինան որոշել է միանալ ՆԱՏՕ-ին, ուրեմն այդ ճանապարհով էլ շարժվելու է, անկախ նրանից, թե Ռուսաստանն ինչ հիստերիա բարձրացնի: Առաջիկա շաբաթներին կերեւա՝ Ռուսաստանը պատժամիջոցների՞ է արժանանում, թե՞ հաշտվում է իր սահմանակից երկրների` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի հետ: Իսկ քանի դեռ նախագահ Պուտինն իրեն Ռուսաստանի հետ շփոթելով Ռուսաստանի անունից ընտրություն է կատարում, այդ երկիրը մնալու է եվրոպական անցուդարձից դուրս: 

Թուրքիայի վիճակը Ռուսաստանից էլ վատ է, որովհետեւ Թուրքիայի հետ ոչ ոք չի էլ խոսում, որ ընտրություն առաջարկի: Թուրքիային պարզապես պատժում են Էրդողանի հավակնությունների ու խառնակչությունների համար, առանց գլխացավանքի ուղղակի Թուրքիային քայլ-քայլ հանելով ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերից, իսկ թուրքական տնտեսությանը զրկելով դրա գոյության հիմքից` եվրոպական արդյունաբերական շղթաների մեջ ունեցած մասնակցությունից եւ պատվերներից: Արդյունքը տեսնում ենք բոլորս: Որքան էլ Թուրքիայում իրենք իրենց բարձրաձայն համոզեն, թե լիրայի անզուգական արժեզրկումն ու անկումն Էրդողանի հիմար ֆինանսաբանկային քաղաքականության արդյունք է, անգամ Էրդողանի կարգի կիսագրագետն է խոստովանում, որ հիմա ընթանում է «Թուրքիայի տնտեսական անկախության պատերազմ»: Բարեբախտությունն այն է, որ Թուրքիայի պարտությունն ու քայքայումը այդ տնտեսական պատերազմում երաշխավորված է, ինչ էլ Էրդողանը ճամարտակի: Նույնիսկ Էրդողանի՝ իշխանությունից հեռացումը արդեն իրավիճակը լիովին չի կարգավորի: Հիմա ամերիկյան ու եվրոպական հենակետն ու ֆորպոստը Մերձավոր Արեւելքում քայլ առ քայլ դառնում է Հունաստանը` Թուրքիայի համար դրանից բխող անշրջելի հետեւանքներով: Այնպես որ, Թուրքիային  «Ժողովրդավարության գագաթնաժողովից» դուրս թողնելը նույնպես սպասելի է եւ բնական:

Ռուսաստանի եւ Թուրքիայի պոչ եղող Ադրբեջանի մասին առհասարակ չարժե խոսել, որովհետեւ Իլհամ Ալիեւը հանցագործությունների մեջ է թաղված թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս: 

Հետեւաբար, օգտվելով «Ժողովրդավարության համաժողովին» Հայաստանի մասնակցության հանգամանքից՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կվարվի, եթե ոչ թե գլուխ ցավեցնի Ալիեւ-Պուտին-Փաշինյան խուժանապետության ձեւաչափով իր ստորագրած հայտարարությունների մասին խոսելով, այլ ԱՄՆ գլխավորությամբ գումարված այս նոր հարթակն օգտագործի Հայաստանի անունից Թուրքիային պահանջներ ներկայացնելու համար՝ պահանջելով, որ վերացվի Հայաստանի շրջափակումը, բացվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանակետերը եւ Հայաստանի համար Թուրքիայի տարածքով ԱՄՆ երաշխավորությամբ հաղորդակցություն բացվի դեպի Միջերկրական ծով:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եղել է ԱՄՆ նախաձեռնություն, ԱՄՆ-ն ակտիվ միջնորդ է եղել այդ հարցում, հետեւաբար, այժմ ինչո՞ւ չխնդրել ԱՄՆ աջակցությունը Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը ճեղքելու եւ դեպի Միջերկրական ծով ելք ստանալու հարցում: Ադրբեջանի հետ հաղորդակցություն, հազար տարի էլ անցնի, Հայաստանին հարկավոր չէ, մինչդեռ Թուրքիայի տարածքով Միջերկրական ծով հասնելը կենսական կարեւորության հարց է: Մենք պետք է ամենից բարձր խոսենք, պահանջենք եւ լոբբինգ անենք Միջերկրական ծով հասնելու մեր բնական իրավունքը միջազգային հարթություն բերելու համար` ստվերում թողնելով եւ լռեցնելով հաղորդակցությունների վերաբերյալ Բաքվի բարբաջանքները: