Նիկոլի «շչյոչիկն» աշխատեց

Նիկոլի «շչյոչիկն» աշխատեց

Կառավարությունը նստել մտածել է, թե ինչ անի, որ ե՛ւ գումար կորզի քաղաքացիներից, ե՛ւ խնդիրը լուծի, որը գուցեեւ կա, բայց այս իրավիճակում գտնվող Հայաստանի համար անկարեւոր է սնդիկի մասին օրենքի պես, ե՛ւ իրենց վերահսկողությունից դուրս դատավորներին մի քիչ վատություն անի։ 
Այսպես, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը պետք է կարգավորի ինքնակամ շինարարության դեմ պայքարը՝ «առավել արդյունավետ իրավական մեխանիզմներ»-ով։

«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու: Բայց քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն, եւ քանդվի ամբողջը, կա հստակ մեխանիզմ, թե ինչպես են օրինականացվելու մինչեւ օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասաց Անդրեասյանը: Օրենսդրական կարգավորումը վերաբերելու է այն ինքնակամ շինություններին, որոնք կառուցվել են մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը: Նիկոլ Փաշինյանի «շչյոչիկն» էլ անմիջապես միացավ, ու նա նկատեց, թե հիմա, մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը (ասաց՝ մի քիչ էլ ՍԴ դիմելով կձգձգեն), ամբողջ Հայաստանը կզբաղվի ինքնակամ շինարարությամբ։

Նաեւ կառավարությունը ձեռքի հետ լծակներ է սահմանել վարչական շրջանների ղեկավարների դեմ։ Անդրեասյանն ասաց, թե փաթեթի «նորույթն» այն է, որ այսուհետ շատ ավելի խիստ պատիժներ եւ սանկցիաներ կկիրառվեն այն համայնքապետերի նկատմամբ, ովքեր չեն կատարի տեսչական մարմինների պահանջները՝ կանգնեցնելու, կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները։ Եվ վերջապես․ «Նոր կարգավորում կա, որ եթե ժամանակին ապօրինի շինարարությունների դեպքում դատարան վիճարկելն ավտոմատ կասեցնում էր վարչական մարմնի գործողությունները, ապա այդ դեպքում արդեն դա ավտոմատ չի լինելու, եւ միայն դատարանի հատուկ որոշումով կարող է կասեցվել վարչարարությունը»։

Ինչպես հայտնի է՝ կառավարության ծրագրերին մեծապես խանգարում են դատավորները։
Փաստաբան Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե կառավարության այս մոտեցման մեջ ինչ-որ մի ռացիոնալ հատիկ կա․ դատաքննությունն առնվազն մի 3-4 տարի տեւում է։ «Այլ բան է, որ ամենառացիոնալը կլիներ այն, որ նման գործերը քննվեին արագացված կարգով։ Որովհետեւ, մի կողմից, այո, առերեւույթ ապօրինի կառույց կա, դիմում են դատարան, կասեցնում են քանդելը, բայց դատարանում այդ գործը կարող է մինչեւ 5 տարի ձգվել։ Այսինքն՝ կառուցապատման այդ ծրագիրը ձախողվում է։ Մյուս կողմից էլ, դատարանը հետո կարող էր որոշել, որ դրա քանդումն ապօրինի էր, բայց կառույցն արդեն քանդված է, եւ տեղը կառուցված է նոր շենք։ Ոնց որ Եվրոպական դատարանի վճիռներն են, որ թղթի վրա են մնում, որովհետեւ դրանց տեղում արդեն շենքեր են»։