Հայաստանում ապաստան խնդրածների թվում են ԱՄՆ 1 և Թուրքիայի 3 քաղաքացի

Հայաստանում ապաստան խնդրածների թվում են ԱՄՆ 1 և Թուրքիայի 3 քաղաքացի

Վերջին վեց ամիսներին Հայաստանում  ապաստան ստանալու համար դիմել է 81 անձ, որոնցից 41-ին տրվել է փախստականի կարգավիճակ։ Հայցերը ստացվել են Իրանից, Իրաքից, Կուբայից, Սիրիայից, Եմենից, անգամ՝ ԱՄՆ-ից։ Այս կիսամյակի ընթացքում 1 հայց ստացվել է Ադրբեջանից, 3-ը՝ Թուրքիայից, եւս 3-ը՝ Եգիպտոսից։  Տվյալները մեզ տրամադրեց ՀՀ միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը։

Հիշեցնենք, որ ապաստան տրվում է օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին՝ տվյալ երկրի տարածքում օտարերկրյա քաղաքացուն պաշտպանելու այն քաղաքական հետապնդումներից, որին նա ենթարկվել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում եւ որին նա կենթարկվեր այդ երկրում, եթե նրան այլ երկրում ապաստան չտրամադրվեր: Իսկ տրամադրման հիմքերն են՝ անձի քաղաքական հայացքները, ռասայական, ազգային կամ կրոնական հիմքով հալածանքը, եւ վերջինը՝ սոցիալական որոշակի խմբի պատկանելությունը։ Հայաստանի օրենքում ավելացված է եւս 2 կետ՝ ապաստան տրամադրել մարդու իրավունքների համատարած ոտնահարման դեպքում եւ պատերազմական գործողությունների գոտում հայտնված անձին։ Սա արվել էր սիրիահայ փախստականներին կարգավիճակ տալու նկատառմամբ։

Խոսնակին հարցրինք, թե ինչու են մերժվել ապաստան հայցող մյուս 40 անձանց հայցերը։ Ասաց՝ պատճառները տարբեր են։ «Չեն համապատասխանում կոնվենցիային, մեր օրենքին, այսինքն՝ եթե մարդը Հայաստան չի եկել հալածանքների պատճառով, որ իր երկրում է ենթարկվում, կամ դրանք կրոնական, ռասայական եւ նշածս այլ հիմքերով չեն, մենք մերժում ենք»։ Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու մարդը, որ չի հալածվում իր երկրում եւ ցանկանում է ապրել Հայաստանում, որը Գերմանիա կամ Ֆրանսիա չէ, որտեղ օտարերկրացու համար քիչ թե շատ բարեկեցիկ կյանք կապահովվեր, մերժվում է։ Ակնհայտ է, որ այս մարդիկ իրենց երկրում կա՛մ հալածվում են, կա՛մ իրենց կյանքի նկատմամբ վտանգներ են տեսնում։ Նելլի Դավթյանը մեր դիտարկմանն ի պատասխան ասաց, որ կան ընդամենը միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքեր, ընտանիքում խնդիրներ ունեցողներ եւ այլն։

Հիշեցնենք․ սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել, քանի որ առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմաններ, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով:
Միգրացիոն ծառայությունից լուրը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին՝ հաշվի առնելով այն, որ պետության լիազոր մարմինն իրավունք չունի այս մասին տեղեկատվություն տալ։

Նելլի Դավթյանին հարցրինք, թե ինչպես են վեաբերվում այն հանգամանքին, որ սույն անձը բավականաչափ հայտնի է իր հակահայկական կեցվածքով։ Նելլի Դավթյանը հայտնեց, որ փախստականի կարգավիճակը միջազգային պաշտպանություն է, եւ 1951 թվականի կոնվենցիային միացած աշխարհի 162 պետությունները, բացի առկա հիմքերից, այլ հիմքերով չեն առաջնորդվում։

Հավելենք նաեւ, որ Շիշկինի դեպքը դարձավ հանրային լայն քննարկման առարկա, քանի որ ակնհայտ է՝ այս անձին ապաստան տրվում է ի հակակշիռ ռուսական իշխանությունների պահվածքի։ Միհրան Պողոսյանին չարտահանձնելը, Միքայել Հարությունյանի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզումը վերացնելը, Վահագն Հարությունյանին ապաստան տալը մեր իշխանությունները չեն մարսել եւ որոշել են հակընդդեմ քայլեր անել։ Սակայն հայտնի է, որ «ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին», բացի այդ՝ Ռուսաստանից «վրեժ» լուծելու համար ավելի հարմար թեկնածու էր հարկավոր գտնել, քան հակահայ եւ վարկաբեկված հեղինակությամբ Շիշկինն է։ Մենք տեղեկացանք նաեւ, որ Միգրացիայի ծառայությունն այս հարցում ինքնագլուխ է կայացրել որոշումը՝ առանց ԱԱԾ-ից կամ իրավապահ այլ մարմիններից եզրակացություն ստանալու։ Մինչ իրավապահները փորձել են ստուգել Շիշկինի անձն ու նրան ապաստան տալու նպատակահարմարությունը, Միգրացիոն ծառայությունը հապճեպ որոշում է կայացրել՝ թերեւս այլ օղակներից համաձայնություն ստանալով։